«Հրապարակ». Ո՞ւր են հաշմանդամներ, դուք նրանց տեսնո՞ւմ եք ձեր կողքին
ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, չափազանց ակտիվ է մասնակցում հանրապետության կյանքին։ Նա լրատվամիջոցներով երեւալու, Ֆեյսբուքում ու Տիկտոկում նկատվելու ոչ մի առիթ բաց չի թողնում, ու կարեւոր չէ, թե տվյալ միջոցառումը որ ոլորտին է վերաբերում՝ ռազմական, սոցիալական, առողջապահական, կրթական, թե այլ։ Այցելում է ե՛ւ ՀՀ մարզեր, ե՛ւ արտերկիր, թե՛ բժշկական կենտրոն, թե՛ ռեստորան, համաժողովներ է կազմակերպում, «բարեկամական ճաշեր», հանդես է գալիս որպես ՀՀ պաշտոնական վերնախավի մարմնավորում, ամենանախարար, ում կողքին նախարարներն իրենց այնպես են պահում, կարծես Աննայի ենթակաները լինեն, նրա աշխատողները։
Օրերս էլ Կատարից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանած հյուրերի համար ճաշկերույթ էր կազմակերպել, որին մասնակցում էին նաեւ սոցապնախարարը եւ Աննա Հակոբյանի ընկերուհիները՝ գլխավոր դատախազն ու ՄԻՊ-ը, որոնք ռեստորանի պատի տակ համեստորեն սպասում էին վարչապետի կնոջը, ու այս պատկերը լայնորեն քննարկվեց սոցցանցերում։
Գոշ գյուղում, ուր Աննա Հակոբյանը մեկնել էր նույն կանանց հետ՝ հատուկ կարիքներ ունեցողների փառատոնին մասնակցելու, կրկին ընկալվում էր որպես թիվ մեկ պաշտոնյա` հնազանդ վեզիրներով շրջապատված, «էկրանային» ժպիտով մոտենում էր երեխաներին, սիրալիր խոսում` իմանալով, որ ամբողջը նկարահանվում է։
Սեպտեմբերի առաջին երկու օրն էլ «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով համաժողով էր կազմակերպել` այստեղ ներկայացնելով ոլորտի քաղաքականությունն ու կառավարության ձեռքբերումները: Իր ելույթում էլ այնպես գովաբանեց կառավարությանը, որ արժեր դրանից հետո նրան սոցապնախարար նշանակել կամ գոնե՝ սոցապնախարարի խոսնակ։
«Ես հպարտությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի կառավարությունը, մասնավորապես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, հսկայական ջանքեր է գործադրում Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը բարձրացնելու ուղղությամբ: Բայցեւ միաժամանակ պետք է ցավով արձանագրեմ, որ մենք դեռ շատ ջանքեր ունենք գործադրելու՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար, նրանց վերաբերյալ կարծրատիպերի եւ խտրական վերաբերմունքի դեմ պայքարելու ուղղությամբ, նրանց կյանքի համար հավասար պայմաններ ստեղծելու համար»,- ասել է Աննան։ Իհարկե, նախկիններին էլ է «հիշել», ժանրի կանոնների համաձայն՝ «մինուսով»:
«Մենք, կարծում եմ, դեռեւս չենք ձերբազատվել նախորդ տասնամյակների քաղաքականությունների արդյունքում ձեւավորված մշակույթից, որն ավելի հակված էր մերժելու մեծամասնությունից տարբերվող արտաքին կամ մտավոր հնարավորություններ ունեցող անձանց: Մարդիկ, ըստ այդ մշակույթի, բաժանվում էին հասարակության կողմից ընդունելի «տիպիկների» եւ «ոչ տիպիկների»»:
Ըստ Աննա Հակոբյանի՝ հաշմանդամներն այն ժամանակ անգամ երազանք չունեին, բայց, ահա, եկավ նոր իշխանությունը, եւ ամեն ինչ փոխվեց՝ «պետությունը որդեգրել է ներառականության քաղաքականությունը եւ իրականացնում է մեծ բարեփոխումներ, ստեղծվում են ենթակառուցվածքներ»,- ասում է վարչապետի կինը, եւ տպավորություն կա, թե նրանք 2018-ին եկել են մի անապատ եւ սկսել զրոյից ամեն ինչ ստեղծել: Նա իր ելույթում ասում է. «Արդյունքում նախանձելի խմբի մեջ չտեղավորվողները մեկուսացած էին, դժբախտ, առանց ամենօրյա կոնկրետ անելիքի, առանց կյանքի նպատակի, առանց երազանքի: Նրանք չունեին անգամ երազելու իրավունք եւ հնարավորություն»:
2019-2020 թվականներին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ով միակն է նախարարներից, որ իր կյանքով կարող է գնահատել նախկինների եւ ներկաների արածը հաշմանդամների համար, կարծում է, որ Աննա Հակոբյանի նշած ներառական քաղաքականությունը հենց նախորդների ժամանակ է սկսվել ու իրագործվել։ «Իհարկե, ես նախկինում ներդրված համակարգերից կարեւոր եմ համարում ներառական կրթության ներդրումը, որը 2005 թվականին որպես պիլոտային ծրագիր է ներդրվել, հետո սկսել է օրենքի ընդունմամբ, ապա նաեւ համընդհանուր ներառման վերաբերյալ ժամանակացույց է հաստատվել՝ մինչեւ 2025 թվականը, եւ մենք այս պահին ունենք ներառական կրթություն նաեւ նախադպրոցական համակարգում։ Իմ կարծիքով՝ սա ամենակարեւոր հիմքերից է»,- ասում է Զարուհի Բաթոյանը։
Նա համամիտ է, որ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերում շարունակականությունը միշտ պահպանվել է։ «Այո, իհարկե, պահպանվել է։ Սա այն ոլորտն է, որտեղ անընդհատ ավելի շատ ջանքեր են անհրաժեշտ, եւ ես միշտ դրանց մասով ավելին եմ ակնկալում, անկախ նրանից՝ դա մեր քաղաքական թիմն է, թե այլ թիմ։ Ես՝ ինքս, որպես հաշմանդամների շահերը պաշտպանող մարդ, միշտ ավելին եմ ակնկալում։ Ծրագրերի, նախագծերի շարունակականությունն ապահովվում է, որովհետեւ դրանց մի մասն ամրագրված է օրենքով, այսինքն՝ պետական երաշխիքներ ունեն, եւ կառավարությունը չի կարող դրանք ընդհատել»։ Աննա Հակոբյանն իր ելույթում ասում է, որ նախկինում ոչինչ էլ չի արվել, որ հաշմանդամները դժբախտ էին, ապրում էին աննպատակ ու աներազանք։ Դուք ի՞նչ կարծիքի եք։ «Ես լսել եմ այդ ելույթը,- ասում է Զարուհի Բաթոյանը,- բայց տեքստում չի ասվում, որ նախկինում ոչինչ չի արվել։ Խոսքը մշակույթի մասին է։ Մեզ՝ բոլորիս, մի հարց տամ՝ ո՞ւր են այսօր հաշմանդամները, դուք տեսնո՞ւմ եք նրանց մեր կողքին, պաշտոններում, դպրոցում, աշխատավայրում, շոուբիզնեսում, տրանսպորտում, դուք տեսնո՞ւմ եք նրանց։ Սա ամենակարեւոր չափանիշն է։ Երբ նրանք տեսանելի դառնան, այդ թվում՝ ֆիզիկապես, նոր մենք կհամարենք, որ լուրջ փոփոխություններ են եղել»։
Նոր ձեռքբերումներից Բաթոյանը նշեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել է 2010 թվականին` Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի հիման վրա։ «Իմ թիմն է մշակել օրենքի նախագիծը, եւ 2021 թվականին ընդունվեց օրենքը, որը կարեւոր է, բայց ավելի կարեւոր է օրենքով սահմանված ծառայությունները ներդնելը, այսինքն՝ մեխանիզմներ ստեղծելը, եւ հիմա կառավարության կարեւոր անելիքն է այդ մեխանիզմների ստեղծումը»,- ասաց նախկին նախարարը՝ համարելով, որ հաշմանդամներին մատուցվող ծառայությունների ոլորտում՝ անձնական օգնականի, խելամիտ հարմարեցումների, այլ մեխանիզմների, մեծ բաց կա։
«Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը, ով 2002 թվականից դաշտում է, կարճ եւ դիպուկ գնահատական տվեց. «Նախկինում էլ է արվել, հիմա էլ է որոշ բան արվում, բայց այս առումով ես մեծ փոփոխություն չեմ տեսնում»։ Համաձա՞յն եք Աննա Հակոբյանի կարծիքի հետ, որ նախկինում, տասնամյակներ շարունակ տարբերվող մարդիկ մերժված էին։ «Ես դրա հետ համաձայն չեմ։ Միշտ այդ խնդիրը կա, ամբողջ աշխարհում, դրա համար կան ՀԿ-ներ, գործիչներ, որոնք պայքարում են դրա դեմ ու փորձում են հավասար պայմաններ ստեղծել բոլոր քաղաքացիների համար, կապ չունի՝ ունեն նրանք հաշմանդամություն, թե ոչ»։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի նախկին տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը, ով հաշմանդամների հիմնահարցերով զբաղվել է նախորդ դարից, երեւի չէր լսել Աննա Հակոբյանի ելույթը եւ չհավատաց, որ Աննան նման բան կարող էր ասել։ Նրան հարցրինք, թե կարո՞ղ է թվարկել մի քանի ձեռքբերում, որոնք ունեցել է նախարարությունն իր աշխատած տարիներին։ Նա ասաց. «Ինչ եղել է, հայտնի է, այն ժամանակ այդ մասին շատ ենք խոսել, իսկ հիմա Դուք դիմեք Հակոբյան Աննային, նա Ձեզ մանրամասն կասի»։ Բայց նա ասում է, որ նախկինում ոչինչ չի արվել։ «Չի կարող նման բան ասել, Դուք երեւի իր հետ չեք խոսել»,- չհավատաց նախկին պաշտոնյան եւ շտապեց իր նոր գործերով։ Պարզվում է՝ նա նկատի ուներ ոչ թե վարչապետի կնոջը, այլ Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանին։
Կարծիքներ