«Կարմիր խաչը» Բաքվում պահվող հայ գերիներին մայիսի վերջին է այցելել 

«Կարմիր խաչը» Բաքվում պահվող հայ գերիներին մայիսի վերջին է այցելել 

«Կարմիր խաչ» միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ հայ ռազմագերիներին այցելել են մայիս ամսվա վերջին։

«Հրապարակի» հետ զրույցում կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին ասաց, որ «վերջին այցելությունը եղել է մայիսի վերջին»։

Ըստ նրա՝ այցելությունների առանցքում եղել է անձանց պահման պայմանները, առողջական վիճակը, նրանց հանդեպ վերաբերմունքը։ «Մի բառով կարող եմ ասել, որ մեր այցելությունների առանցքում անձանց պահման պայմաններն էին, բնականաբար առողջական վիճակը, և իրենց հանդեպ վերաբերմունքը։ Նաև մենք հնարավորություն ենք տվել բոլոր անձանց կապ հաստատել իրենց ընտանիքների հետ թե՛ Կարմիր Խաչի նամակների, և թե՛ տեսագրված հաղորդագրությունների միջոցով», - ասաց Ամատունին՝ պատասխանելով պահման պայմանների վերաբերյալ հարցին։

«Կարմիր խաչ» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատուն ասաց, որ հայ գերիները հնարավորություն են ունեցել նաև հեռախոսազանգի միջոցով խոսել իրենց ընտանիքների հետ։ Հաղորդակցությունը միայն Կարմիր խաչի միջոցով է իրականացվում, ուղիղ տեսազանգով խոսելու հնարավորություն չի լինում։ 

«Մենք այցերի շրջանակներում կազմակերպում ենք հեռախոսազանգեր՝ իհարկե նախապես համաձայնություն ձեռք բերելով համապատասխան իշխանությունների հետ։ Այսինքն՝ դա մեր այցերի շրջանակներում է լինում», - ասաց Ամատունին։

Ադրբեջանական գերության մեջ հայտնված հայերի դեմ շինծու քրեական գործեր են հարուցվել, և այս ընթացքում դատավարություններ են ընթանում։

Հարցին, թե հայ ռազմագերի դեմ հարցուցված քրեական գործերով դատական նիստերին Կարմիր խաչից ներկայություն լինում է, Ամատունին պատասխանեց, որ կոմիտեն ընդգրկված չէ որևէ գործընթացում։ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն առհասարակ ընդգրկված չէ դատական որևէ գործընթացներում՝ որպես անկողմնակալ, չեզոք կողմ։ Եվ իր ներկայությունը, որը կարող է լինել տվյալ պարագայում, որևէ ազդեցություն չի կարող ունենալ թե՛ դատավարության, թե՛ այլ հարցերի վրա։ Քանի որ մեր իրավասությունների շրջանակներում չէ, էական փոփոխություն չի կրում», - նշեց նա։