Պետք է կարողանանք աշխարհին հասկացնել, որ մեր փրկությունն իրենց փրկությունն է

Պետք է կարողանանք աշխարհին հասկացնել, որ մեր փրկությունն իրենց փրկությունն է

Հարցազրույց ռեժիսոր Խաչիկ Չալիկյանի հետ

- Պարոն Չալիկյան, արդեն 16 օր պատերազմ է արցախա-ադրբեջանական սահմանում։ Ակնհայտ է, որ, ի տարբերություն 2016-ի ապրիլյան պատերազմի, այս անգամ Հայաստանի դեմ, Ադրբեջանից բացի, կռվում է նաեւ Թուրքիան։ Ավելին՝ նախօրեին Ադրբեջանը խախտեց անգամ հրադադարի ռեժիմը։ Ի՞նչ հանգուցալուծում կարող է լինել այս պարագայում։

- Մենք անընդհատ դաշնակից ենք փնտրում եւ անընդհատ նեղվում ենք, սրտնեղում, որ նրանք չկան աշխարհի դեմ այս կռվում, բայց մոռանում ենք, որ ամենահզոր դաշնակիցը մեր ինքնությունն է, որովհետեւ մեր իրական ճշմարիտ տեսակը, ի վերջո, ամբողջական է տիեզերքի հետ։ Մենք պետք է մի բան գիտակցենք՝ ի սկզբանե մենք հաղթանակած ենք ցանկացած կռվում, բավական է նայենք մեր պատմությանը՝ Ավարայրից մինչեւ Սարդարապատ ու մեր օրեր, որտեղ քանակը, զենքը, բարեկամը խիստ երկրորդային է, որովհետեւ մեր մեջ մենք կրել ենք այդ լույսը, եւ այս պատերազմի առաջին օրերից էլ բոլորիս մեջ այդ լավի, հաղթանակի սպասումն էր եւ ուրիշ ոչ մի կասկած։

- Հիմա այդ սպասումներն ինչքանո՞վ են արդարանում։

- Հիմա դրսի այդ կեղծ ինֆորմացիաները, ողջ աշխարհի դավերը, նաեւ ներսից եկող կեղծիքները, կարծես ամեն ինչ փորձում է մեր ինքնությունը, հավատը ոչնչացնել, իսկ եթե հայը հուսահատվեց, այդտեղից սկսվում է պարտությունը։ Ողջ եղեռնի պատմությունը մի հուսահատված հատվածի դատապարտվածությունն էր, որտեղ առանձին ոգեղեն, հզոր կիսաստվածներ կռվում էին, բայց ընդհանուր հոգեբանությունը հուսահատությունն էր։ Վկայությունների մեջ սարսափելի փաստեր կան, երբ հարյուր հոգի կարող են սպասել, որ երկու թուրք հերթով իրենց գլուխները կտրեն։ Այսինքն՝ հայը հուսահատության ժամանակ դադարում է իր ինքնությունը, առաքելությունը կրել։ Այսօր ամենակարեւորն այդ հավատը պահելն է եւ գիտակցելը, որ մենք ի սկզբանե հաղթած ենք ցանկացած կռվում, եթե մեր ինքնությունը կրում ենք։

- Բայց Ավարայրից սկսած՝ ավելի շատ բարոյական հաղթանակներ ենք տարել․․․։

- Անբարո հաղթանակ չի լինում, իհարկե, նաեւ պետք է հասկանանք, որ բարոյական հաղթանակը մեծ խնդիր է, որ ի սկզբանե կրում ենք, եւ այդ դեպքում մեր միջի դաշնակիցները շատ ավելի հզոր են, քան աշխարհի հազար ու մի հորինածին ուժերը, որ գործում են։ Ի վերջո, ռազմիկը մարտի դաշտում մեր արթնացած ինքության կռիվը տալիս է։ Մենք՝ նույն մտավոր, քաղաքական դաշտը, մեղավոր ենք, որ այդ ընկալումը չկա։ Մինչդեռ ինքն էլ նույն նվիրումով պետք է կարողանա աշխարհով մեկ ներքին համախմբումը, Մեծ Հայքի կայացումն ամրապնդել, մեծ Հայքը չի կարող միայն պատմություն լինել, մեծ արժեքներն անցյալ չեն դառնում, մենք պիտի գիտակցենք, որ բոլորս մեր մեջ կրում ենք այդ Հայքը, եւ բոլոր հարցերում այդ մասշտաբային մտածողությունն է պետք։ Ինչո՞ւ պետք է զինվորը լուծի իմ խնդիրը, ես էլ իմ դաշտում պետք է լուծեմ, բայց մենք տասնամյակներ շարունակ այդ դաշտում ոչինչ չենք կառուցել, եւ այդ անապատն է մեղավոր, որ այսօր մենք չենք կարողանում համազգային լինել, որն ամենամեծ ուժն է։ Ամենակարեւորը, որ մենք այսօր կռվում ենք Հայքի անունից՝ հանուն Հայքի, այդ գիտակցությունը պետք է լինի, իսկ դա հսկայական հոգեւոր տարածք է ու հսկայական հոգեւոր ուժ։ Սխալ չհասկանաք, իհարկե, այս պահին կարեւորը ռազմադաշտում հաղթելն է, պայմանավորվածությունները, բայց քաղաքական դաշտը կարող է դա էլ իրականացնել, եթե այդ մասշտաբային մտածողությունն ունի։

- Հիմա ինչպե՞ս կարող է դիվանագիտական ճակատը նույնձեւ հաղթանակ արձանագրել, ինչպես որ ռազմի դաշտում է զինվորն արձանագրում։

- Մենք անընդհատ խոսում ենք մեր անցյալից, հնագույն արժեքներից, ամենահինը լինելուց, որի մեջ, բնականաբար, հիմք կա, բայց ամբողջ ողբերգությունն այն է, որ մենք դրա կրողը չենք, մենք՝ մենք չենք այսօր։ Եվ եթե ռազմի դաշտում մեր ինքնությունը հանկարծ պայթում է ու նույն այդ ինքնությունը չի պայթում քաղաքական գործչի մեջ, ուրեմն ինքը հայ չէ։ Այսինքն՝ մենք այդ արթնացումը պետք է ապրենք բոլոր ոլորտներում, ուրիշ ճանապարհ չկա։ Օրինակ՝ Արցախի նախագահը մեզ մոտ ընկալվում էր որպես օլիգարխիկ երեւույթ, բայց հանկարծ պատերազմի մեջ նրա ինքնությունը պայթեց, եւ դա երեւում է երեխայի պես փայլող նրա աչքերի մեջ։ Այսինքն՝ ռազմիկն այդ ոգեւորությունը զգում է, որովհետեւ այդ նեգատիվ տագնապը համարժեք դրա հակակշիռը թողնում է, իսկ քաղաքական դաշտը կաբինետներում, ԱԺ-ի իր դատարկ օրակարգով է․․․, բայց այդպես չի կարող լինել, մենք պետք է իմանանք, որ բոլորս ենք բարիկադի վրա, եւ ամեն մեկս մեր գործի մեջ այդ մասշտաբով առաջնորդվենք։ Եթե այդ ընկալումը չունենք, ուրեմն մենք այս ազգին չենք պատկանում եւ այս պատմությունը չենք կրում։ Պետք է հասկանանք, որ այս ռազմաճակատի գիծն անցնում է ոչ թե Արցախի ու Ադրբեջանի սահմանով, այլ բոլորիս սրտի միջով, այդ խնդիրը պետք է գիտակցենք բոլորս։       

- Փորձագետներից շատերի կարծիքով, խնդրի միակ լուծումն այն կլինի, որ միջազգային հանրությունը, մի շարք պետություններ ճանաչեն Արցախի անկախությունը։ Սա կլինի՞ հարցի լուծում։

- Դա հերթական քաղաքական քայլ է, ընդ որում՝ հուսահատ քայլ, որովհետեւ, եթե դա քաղաքական կշիռ ունենար, մենք այն վաղուց պետք է անեինք։ Ես դա, անկեղծ ասած, այնքան էլ չեմ կարեւորում, սա այնքանով է կարեւոր, որ եթե աշխարհը ճանաչեց, բնականաբար, այս դեպքում շատ ավելի հավանական է, որ իր շահերը պաշտպանի, բայց առաջին հերթին մենք պետք է պաշտպանենք այդ շահերը, եւ հետո՝ եթե մենք չենք ճանաչել այդ անկախությունը, ուրիշից ի՞նչ ենք պահանջում։ Այս դեպքում ի՞նչն է վտանգավոր․ եթե մենք հայտարարում ենք, եւ ոչ մեկ չի ճանաչում, կրակն ավելի ենք մեզ վրա վերցնում։ Այդ խնդիրը նախ պետք է կայանա, հետո նոր փաստ դառնա, թղթի վրա դա չի կայանում։

- Այս օրերին Սփյուռքը ցույց է տալիս ազգային միասնականության օրինակներ, որի մասին նաեւ Դուք խոսեցիք, սա կարո՞ղ է եղանակ փոխել։

- Այդ ամբողջ ոգեղեն զարթոնքի վեկտորը չպետք է լինի այն ուղղությամբ, որ ուրիշներին հորդորենք հայանպաստ որեւէ քայլ անել, այսինքն՝ դրան չպետք է ծառայի, շատ կարեւոր է զգալ, որ առաջին հերթին դա մեզ է ուղղված, մեր պետականությանը, որպեսզի փորձենք միասնաբար այդ համաշխարհային հոգեւոր կայսրությունը բարձրաձայնենք։ Այսինքն՝ նպատակը հենց միավորումն է, ոչ թե միավորման միջոցով ինչ-որ բան ասելը, եւ դա պետք է ծառայեցնենք որպես գործիք՝ Հայքի կայացման համար։  

- Դատելով միջազգային հանրության արձագանքներից՝ կարո՞ղ ենք ասել, որ այսօր միջազգային հանրությունը չունի այն լծակները, որ կարողանա ներազդել այս հակամարտության ու, մասնավորապես, Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա։

- Այստեղ մի կարեւոր խնդիր կա․ ամբողջ աշխարհն անորոշության մեջ է, որովհետեւ զգացվում է, որ հին աշխարհն արդեն գոյություն չունի, նորի սպասման մեջ էլ ոչ ոք չի կողմնորոշվում, թե ուր պետք է գնա, բոլորը կարկամած են, եւ ոչ ոք չի ուզում կրակի վրա յուղ լցնել, ոչ մեկը չգիտի, թե վաղն ինչ է լինելու, բայց կարծես թե պատմությունը նորից մատը մեզ վրա է դրել, եւ մենք պետք է կարողանանք աշխարհին դա հասկացնել, որ մեր փրկությունն իրենց փրկությունն է, որ այս կռիվը միայն մեր կռիվը չէ, եւ աշխարհի բարիկադի վրա մեր լինելը տեսանելի պետք է լինի բոլորին։ Մենք չպետք է իրենց խնդրենք, որ մեզ օգնեն, այդ մենք ենք այսօր իրենց օգնում։

- Բայց միջազգային հանրությունն ունի՞ այդ գիտակցությունը, որ սա միայն լոկալ պատերազմ չէ։

- Միջազգային հանրությունը, իհարկե, ունի այդ գիտակցությունը, բայց հանրությունը չունի լծակներ, միայն ցույց անելով չէ, քաղաքական կառավարման համակարգերը եւս ունեն այդ գիտակցությունը, բայց նրանց խնդիրը հենց այդ գիտակցությունը սպանելն է, որովհետեւ այդ համակարգերը տասնամյակներ շարունակ գտնվում են համաշխարհային օլիգարխիկ մաֆիոզ, վաշխառուների ձեռքում։ Եվ այս դեպքում մենք պետք է կարողանանք համաշխարհային հանրության կարծիքն արթնացնել, որովհետեւ դա ավելի զորեղ ուժ է։ Եվ հիմա ես ավելի շատ վախենում եմ այս բանակցություններից, որ նորից կդնեն նույն կշեռքի վրա, կփորձեն այդ քաոսը շարունակել, այս արյունահեղությունը ձգձգել։ Այսինքն՝ այդ համակարգերի դեմ է այս կռիվը, իսկ մենք փորձում ենք այդ համակարգերից օգնություն խնդրել։