«Հայաստանը 23 հետկոմունիստական երկրների շարքում կորոնավիրուսի տարածման «չեմպիոն է» դարձել. ինչո՞ւ». Երվանդ Բոզոյան

«Հայաստանը 23 հետկոմունիստական երկրների շարքում կորոնավիրուսի տարածման «չեմպիոն է» դարձել. ինչո՞ւ». Երվանդ Բոզոյան

Պոլիտէկոնոմիա հետազոտական ինստիտուտը ներկայացնում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հոդվածը. «Կորոնավիրուսի տարածման աշխարհագրությունը վերլուծելիս կարելի է հետևյալ եզրահանգման գալ՝ նախկին հետկոմունիստական ճամբարի երկրներում վիրուսի տարածման հետևանքները ավելի մեղմ ազդեցություն ունեցան բնակչության վրա, քան ԽՍՀՄ-ի ազդեցությունից դուրս գտնվող արևմտյան երկրներում: Օրինակ, Իտալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում մահացածության ցուցանիշները վերը նշված երկրներից մեծ են ավելի քան 10 անգամ:

Ինչո՞վ է դա պայմանավորված, հետագա վերլուծությունների խնդիր է: Հնարավոր է, որ նախկին կոմունիստական երկրներում, այսպես կոչված, ԲՑԺ-ի դեմ պատվաստումներն էին դեր խաղացել: Չի բացառվում, որ հենց այդ պատճառով էլ տվյալ երկրների քաղաքացիների իմունային համակարգի ամրությունը զգալիորեն տարբերվում է արևմտյան երկրներում ապրող քաղաքացիներից: Այստեղ իր դերը կարող էին ունենալ նաև առողջապահական համակարգերի կառավարման տարբերությունները: Հետկոմունիստական երկրներում գործում էր ավելի կենտրոնացված կառավարման համակարգ, որտեղ սպասարկման որակը զգալիորեն ցածր էր արևմտյանից, սակայն ընդգրկման իմաստով ավելի զանգվածային էր, քան արևմտյան համակարգերը:

Ինչևիցե, երբ փորձում են համեմատականներ անցկացնել այս կամ այն երկրում վիրուսի դեմ պայքարի ցուցանիշների միջև, պետք է այդ համեմատությունները համադրելի լինեն:

Օրինակ, որևէ ձևով չի կարելի համեմատել, ասենք, Ալբանիայի և Չինաստանի կամ Սլովակիայի և ԱՄՆ-ի ցուցանիշները:

Սակայն, հետկոմունիստական երկրների ցուցանիշներն իրար հետ համեմատելը համադրելի է:

Եվ այսպես, վերլուծենք, թե ինչ ցուցանիշներ են արձանագրված այդ երկրներում մայիսի 29-ի դրությամբ:

Սկսենք Հայաստանից։ Մեզ մոտ այդ օրվա դրությամբ, վարակակիրների քանակը 1 մլն բնակչության հաշվարկով կազմում էր 2928 մարդ: Մահացածության ցուցանիշով 1 մլն-ի հաշվարկով մեզ մոտ թիվը կազմում էր 41 մարդ:

Իսկ հիմա ներկայացնենք այլ երկրների տվյալ ցուցանիշները և փորձենք համեմատել մեր թվերի հետ:

Ռուսաստանում այդ թվերն են՝ համապատասխանաբար 2656 և 30

Ուկրաինայում՝ 521 և 16

Լեհաստանում՝ 312 և 28

Ռումինիայում՝ 986 և 65

Սերբիայում՝ 1299 և 28

Չեխիայում՝ 859 և 30

Հունգարիայում՝ 398 և 54

Բուլղարիայում՝ 357 և 20

Խորվաթիայում՝ 547 և 25

Սլովակիայում՝ 278 և 5

Սլովենիայում՝ 705 և 52

Ալբանիայում՝ 382 և 11

Մոլդովայում՝ 1957 և 71

Էստոնիայում՝ 1401 և 51

Լիտվայում՝ 610 և 25

Լատվիայում՝ 564 և 13

Վրաստանում՝ 187 և 3

Ադրբեջանում՝ 492 և 6

Ղազախստանում՝ 530 և 2

Ղրղզստանում՝ 255 և 2

Տաջիկստանում՝ 387 և 5

Բելառուսում՝ 4314 և 24

Այսպիսով, կարելի է նկատել, որ վիրուսի տարածման իմաստով մենք ոչ պատվավոր երկրորդ տեղում ենք գտնվում՝ Բելառուսից հետո:

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Բելառուսը այն եզակի երկրներից էր, ով պաշտոնապես հրաժարվեց վիրուսի դեմ պայքարի կոշտ մեթոդներից, ապա կարելի է ասել, որ այս շարքում Հայաստանը զբաղեցնում է խայտառակ առաջին տեղը: Մահացածության ցուցանիշով մենք 23 երկրների շարքում 6-րդն ենք:

Այստեղից կարելի է եզրակացնել, որ այս ցուցանիշներով մենք պարտվել ենք ոչ միայն մեր անմիջական հարևաններին՝ Վրաստանին և Ադրբեջանին, այլև հետկոմունիստական անցյալի բոլոր երկրներին՝ բացառությամբ Բելառուսի:

Այս ցուցանիշները արձանագրելուց հետո այլևս հնարավոր չի լինի նշել, թե իբր Վրաստանում «երջանիկ պատահականությամբ» վարակը լայն թափով չտարածվեց:

Ադրբեջանը, որ տարածաշրջանի մեր գլխավոր թշնամին է, վիրուսի տարածվածության իմաստով մեզնից ավելի բարվոք վիճակում է գտնվում մոտ վեց անգամ, իսկ մահացածության ցուցանիշով մեզնից բարվոք վիճակում է մոտ 7 անգամ: Այս խայտառակ ցուցանիշները սովորական թվեր չեն: Սա ներկայիս կառավարության գործունեության իրական և օբյեկտիվ գնահատականն է:

Ավելին, վերը նշված երկրների ցանկում Հայաստանն իր զբոսաշրջիկների քանակով, օրինակ, անցյալ տարվա տվյալներով՝ կարող է հայտնվել վերջին տեղերից մեկում: Սակայն, արի ու տես, որ վիրուսի տարածման հարցում մենք դարձել ենք այս երկրների շարքում վատ իմաստով «չեմպիոն»:

Թե ինչո՞ւ այդպես եղավ հարցադրման մասին շատ է խոսվել:

Ունենալով բոլոր հնարավոր բարենպաստ պայմանները՝ այս իշխանությունները գրեթե ամեն ինչ արեցին, որ երկիրը հայտնվի նման ամոթալի վիճակի մեջ:

Սակայն, այստեղ ավելի վտանգավորն այն է, որ ներկայիս իշխանությունները նույնիսկ ցանկության դեպքում չեն կարողանալու շտկել իրավիճակը: Եվ այստեղ, բացի էֆեկտիվ մենեջմենթի բացակայությունից, առկա է ավելի լուրջ խնդիր:

Նման պայմաններում հանրությանը համախմբում են, մինչդեռ Փաշինյանը ճիշտ հակառակն է արել, անում և անելու է ապագայում:

Փաշինյանի պատկերացմամբ՝ բացի իրենից, այլ քաղաքական սուբյեկտներ չկան և չեն էլ կարող լինել: Այդպես են ժամանակին մտածել Սադամ Հուսեյնը, Մուամար Քադաֆին, Գամսախուրդիան, Ֆիդել Կաստրոն, Ուգո Չավեսը և այդպես շարունակ: Սա մտածողություն է, որը բնորոշ է ամբողջատիրական պատկերացում և միաժամանակ առաքելություն ունեցող բոլոր տեսակի առաջնորդներին:

Այդպիսի մարդիկ քաղաքական սուբյեկտ են համարում միայն իրենց և ժողովրդին: Իսկ վերջինիս տակ հասկանում են բացառապես ամբոխին:

Հենց դրա պատճառով է, օրինակ, որ Փաշինյանը նպատակահարմար է գտնում անձամբ բացատրել քաղաքացիներին, թե ինչպես պիտի դիմակը կրել երեսին: Այդ պատկերացմամբ է երկիրը հռչակվում «օջախ», իսկ նրա բնակիչները՝ «սիրելի և հպարտ քաղաքացիներ»:

Փաշինյանի պատկերացմամբ՝ ինչպե՞ս կարող է «ժողովրդի վարչապետը» ունենալ ընդդիմություն: Ըստ Փաշինյանի՝ դա կնշանակի, որ այդ ընդդիմությունը փաստացի ընդդիմանում է ժողովրդին:

Նա անկեղծորեն զարմանում է, թե ինչպե՞ս կարող են իրեն՝ «ժողովրդի վարչապետին» ընդդիմանան դատավորները, ԶԼՄ-ները, ԱԺ պատգամավորները: Եթե նրանք ընդդիմանում են, նշանակում է՝ նրանք «ընդդիմանում են ժողովրդին»: Իսկ եթե այդպես է, ապա նրանք իրականում ներկայացնում են «ռոբասերժական հանցավոր կլանի» շահերը:

Այդ եզրույթից հետևում է, որ երկրում, նույնիսկ տեսականորեն, չի կարող լինել իսկական ընդդիմություն, քանզի դա կլինի «ընդդիմություն ժողովրդին»: Այդպես են ծնվում բոլոր տեսակի տոտալիտար ռեժիմները:

Իսկ եթե դա այդպես է, նշանակում է՝ ԱԺ-ում ներկայացված ընդդիմությունը միայն սահմանադրորեն է կոչվում «ընդդիմություն»: Իրականում, ըստ Փաշինյանի, ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի թաքնված միավորն է, իսկ ԼՀԿ-ն՝ Միքայել Մինասյանի: Իսկ դա նշանակում է, որ այդ ուժերն իրականում ժողովրդի հետ կապ չունեն և սպասարկում են վերը նշված «մաֆիայի» շահերը:

ՀՅԴ-ն, ըստ Փաշինյանի, միջազգային հայկական մաֆիոզ կառույց է, որը ծառայում է տարատեսակ այլ երկրների շահերին, իսկ Հայաստանի ներսում ծառայում է «ռոբասերժական» մաֆիային:

Հայ Առաքելական եկեղեցին նույնպես հայապահպանման կառույցի տակ, ըստ Փաշինյանի՝ իրենից ներկայացնում է «հոգևոր մաֆիա», որն իրական հոգևոր կյանքի հետ քիչ առնչություն ունի:

Բացի այդ, ցանկացած տոտալիտար գործչի համար եկեղեցին միշտ վտանգավոր մրցակից է համարվում: Բոլշևիկները քանդում էին եկեղեցիները, գերմանացի նացիստները նսեմացնում էին հոգևորականներին՝ շատ հայտնի պատճառով: Ժողովուրդը պիտի ունենա հավատքի միայն մեկ պաշտամունքի առարկա, և դա պիտի լինի «ազգի առաջնորդը», «սիրելի վարչապետը» և նմանատիպ այլ մակդիրներով օժտված գործիչները:

Տեր-Պետրոսյանի թիմը, ըստ Փաշինյանի, նույնպես «չարիքի բևեռ է», սակայն նրա մասին նա չի ուզում խոսել, ինչպես մարդն ունենում է հանցագործ եղբայր և ամաչում է դրա մասին խոսելուց հյուրերի մոտ՝ փորձելով նրան հնարավորինս հեռու պահել նրանց աչքից:

Փաշինյանը նույնիսկ հանրության այն հատվածը, որն իրեն չի սիրում, համարում է «ռոբասերժական» ուժերի կողմից ծախված։ Նրանք, ովքեր ծանր վիճակում հայտնվելով՝ ստիպված են ծախվել նրանց: Եվ վերջապես, ըստ Փաշինյանի, կա նաև հանրության մեջ մի «մոլորված» զանգված, որն իրեն չի հավատում բացառապես «ռոբասերժական» մաֆիայի ԶԼՄ-ների ազդեցության արդյունքում:

Բայց այդքանով չի սահմանափակվում Փաշինյանի դասակարգումը: Ըստ նրա՝ երկրի պետական կառավարման համակարգը նույնպես թաքնված ձևով հակադրվում է իրեն՝ Փաշինյանին: Քանզի նրանք սովոր են եղել նախկինում կոռուպցիայով գործել, իսկ այսօր, երբ նրանց դա արգելվում է, փաստացի դարձել են իրեն՝ իսկական «ժողովրդի ընտրյալին» ընդդիմություն:

Ուշադրություն դարձնենք նաև այն հանգամանքին, որ Փաշինյանն իրեն հավասար գործընկեր չի համարում նույնիսկ իր քաղաքական ուժին:

Այս պայմաններում ինչո՞ւ պիտի Փաշինյանը փորձեր համախմբել հանրությանը վիրուսի դեմ պայքարի համար: Փաշինյանն ինչպե՞ս կարող է համախմբման անկեղծ կոչով դիմել այն շրջանակներին, որոնց ոչ թե գործընկեր է համարում, այլ պոտենցիալ հանցագործ:

Դրա պատճառով էլ նրա իրական քաղաքական օրակարգում առաջնային տեղ են զբաղեցնում ոչ թե վիրուսի դեմ պայքարի խնդիրները, այլ իր պոտենցիալ հակառակորդների դեմ պայքարը:

Մի՞թե պարզ չէ, որ երկրում հանրությունը բզկտված է մնալու, քանի դեռ երկրի կառավարիչը Փաշինյանն է:

Եթե նույնիսկ Արսեն Թորոսյանին և Տիգրան Ավինյանին փոխարինենք աշխարհի հայտնի, Նոբելյան մրցանակի դափնեկիր առողջապահական և կառավարչական մասնագետներով, միևնույն է երկիրը հումանիտար աղետից չի խուսափի:

Քանզի, քաղաքագիտական աքսիոմ է՝ երբ երկիրը պառակտված է, արտաքին պատերազմների կամ բնական աղետների առաջ նա անխուսափելիորեն պարտվելու է»: