Միջազգայնացնել Սումգայիթը

Միջազգայնացնել Սումգայիթը

Լրացել է Սումգայիթի հիմնադրման 70-ամյակը: Այդ կապակցությամբ կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում՝ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ: Ադրբեջանի նախագահն իր խոսքում անդրադարձել է նաեւ 1988թ. «փետրվարյան անկարգություններին»: Պաշտոնավարման մեկուկես տասնամյակի ընթացքում դա, կարծես, նրա առաջին անդրադարձն է սումգայիթյան իրադարձություններին: Ալիեւը, սակայն, սկզբունքային գնահատական հնչեցնելու փոխարեն կրկնել է այն, ինչ ադրբեջանցի պատմաբաններն ու քաղտեխնոլոգներն ասել են երեսուն տարի շարունակ: Նա, մասնավորապես, վերաշարադրել է այն թեզը, որ «անկարգությունների գլխավոր կազմակերպիչն ազգությամբ հայ Գրիգորյանն էր, որի  խումբն սպանել է տասը հայի»: Եւ, իբր, պատժի կրումից նրան «Հայաստանում ազատ են արձակել, քանի որ կատարել էր իրենց պատվերը»:

Սումգայիթին հաջորդած ավելի քան երեք տասնամյակում, ցավոք, հայկական կողմը գրեթե ոչինչ չի արել՝ բացահայտելու այդ հանցագործության իրական կազմակերպիչներին՝ չխոսած նրանց պատասխանատվության կանչելու մասին: Դա չէ՞, արդյոք, պատճառը, որ գնալով Ադրբեջանն ավելի ու ավելի է լկտիացել: Այնքան, որ սումգայիթյան ջարդերի համար մեղադրում է Հայաստանին, իբր ամեն ինչ կազմակերպվել է, որպեսզի «ապացուցվի, որ հայերն Ադրբեջանում անվտանգ չեն կարող ապրել, եւ ԼՂԻՄ-ը պետք է միավորել Հայկական ԽՍՀ-ին»: Մոտ տասը տարի առաջ մենք մամուլում անդրադարձել ենք «ջարդերի կազմակերպիչ» Էդուարդ Գրիգորյանի ինքնության հարցին: Փառք աստծո, ադրբեջանական բաց աղբյուրներում բավարար նյութեր գտնվեցին: Պարզվեց, որ նա հայ հոր եւ ռուս մոր զավակ է, որի ծնվելուց հետո ամուսինները բաժանվել են, տղան մնացել է մոր խնամքի տակ: Էդուարդ Գրիգորյանի կյանքի դպրոցը փողոցն է եղել:

Ընդունվել է պրոֆտեխուսումնարան, կարճ ժամանակ անց գողության համար հայտնվել մանկական գաղութում: Նույնիսկ չի հասցրել ծառայել խորհրդային բանակում՝ դատվել է երկրորդ, ապա՝ երրորդ անգամ: Երրորդ դատվածության ժամկետն ավարտվել է 1987թ. դեկտեմբերին: Աշխատանքի է անցել խողովակագլանման գործարանում: Նախաքննությամբ ապացուցվել է նրա մասնակցությունը սումգայիթյան ջարդերին, բայց որ Գրիգորյանը եղել է խմբի ղեկավար՝ չի ապացուցվել: Ժամանակին մենք կարծիք էինք հայտնել, որ կրկնահանցագործ Գրիգորյանը չէր կարող չգտնվել պատկան մարմինների հսկողության ներքո: ԽՍՀՄ-ում դա հաստատուն պրակիկա էր: Եւ զարգացրել ենք այն տեսակետը, որ, ամենայն հավանականությամբ, հենց այդ մարմինների կողմից էլ նա ներդրվել է ջարդարար խմբերից մեկում: Այսինքն, ջարդերին  Գրիգորյանի մասնակցությունը ոչ թե հերքում, այլ հաստատում է, որ դրանք կրել են կազմակերպված բնույթ, եւ հայի ազգանուն ունեցող մարդուն ներդնելով՝ ադրբեջանական հատուկ ծառայություններն, այսպես ասած, պատմական ,,ալիբի,, են ապահովել՝ «եթե հանցագործներից մեկը հայ է, ուրեմն դա հայկական սադրանք է»:

Այսօր Ալիեւը հենց այդ թեզն է զարգացնում՝ սումգայիթյան «անկարգությունների» իր մեկնաբանությունը ներկայացնելով միջազգային հանրությանը: Վաղուց ժամանակն է, որպեսզի թեմայի միջազգայնացմամբ զբավի նաեւ հայկական կողմը: Առնվազն պետք է Ռուսաստանից պահանջել Սումգայիթի գործով քրեական գործի նյութերը եւ ամբողջությամբ հրապարակել: Կա, թերեւս, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ներգրավելու անհրաժեշտություն: Ոչ հեռավոր անցյալի այդ հանցագործությունը պետք է միավորել մեկ-ամբողջական քրեական գործում, անցկացվի լրջագույն քրեագիտական ուսումնասիրություն եւ արդյունքները ներկայացվեն միջազգային հանրությանը: Քաղաքական տեսակետից, թերեւս, կա սումգայիթյան եւ Բաքվի ջարդերը որպես Արեւելյան Անդրկովկասի հայության նկատմամբ ցեղասպանություն գնահատելու անհրաժեշտություն: Այդ հարցն, ամենայն հավանականությամբ, պետք է ուսումնասիրի եւ համապատասխան որոշում կայացնի Արցախի Ազգային ժողովը: