Ինչու են Հայաստանի հարցում Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն շարժվում կրիայի դանդաղկոտությամբ

Ինչու են Հայաստանի հարցում Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն շարժվում կրիայի դանդաղկոտությամբ

Երբ 2018-ին ՀԱՊԿ այն ժամանակվա գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հանդեպ քրեական հետապնդում սկսվեց, շատերը «հարայ-հրոց» դրեցին, թե այդպես չի կարելի, վարկաբեկվում է հետսովետական տարածքի միակ ռազմաքաղաքական դաշինքը։ Այսօր արդեն, երբ մի շաբաթ է արդեն Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանական ռազմական ներկայություն կա, կարեւոր չէ՝ կրակում են, թե ոչ, 3,5 կմ է, թե 3,5 սանտիմետր, մենք ականատես ենք լինում տեսարանի, որ ՀԱՊԿ-ն ինքն իրեն է խայտառակում։ 

• Ու այստեղ են հենց՝ սյունիքյան սահմանային խնդիրների համատեքստում, բացահայտվում այն խորքային խնդիրները, որոնք կան հետսովետական տարածքում։ 

• Ու այստեղ է հենց՝ սյունիքյան ներկայիս սահմանային խնդիրների համատեքստում, բացահայտվում այն պարզ ճշմարտությունը, որ ՀԱՊԿ-ն իր ծննդյան օրվանից ոչ կենսունակ, ավելին՝ մեռելածին օրգանիզմ է, որն ընդամենը մի առաքելություն ունի՝ ապահովել ռուսական կայսրական հզորության իմիտացիան։ 

• Ի վերջո, հենց այստեղ են՝ սյունիքյան սահմանային խնդիրներում, բացահայտվում հայ-ռուսական հարաբերությունների բովանդակությունը եւ բնույթը, առանց սեթեւեթանքների, սիրո խոստովանությունների, եղբայրության հավաստիացումների։ 

Այն խնդիրները, որոնք առկա են այսօր հետսովետական տարածքում՝ կապված էթնիկ տարածքային վեճերի, սահմանային անհամաձայնությունների հետ, այսինքն՝ հետսովետական տարածքում առկա գրեթե բոլոր ձգձգված հակամարտություններն արդյունք են ռուսական-սովետական կեղծ եղբայրության գաղափարախոսության եւ հատկապես ահռելի սովետական կայսրության ծայրամասերում յուրատեսակ «ականադաշտերի» ստեղծման, որոնցով կայսրությունը վերահսկողություն է իրականացնում եւ հնազանդության մեջ պահում հետսովետական երկրներին։ 

Դավիթ Գարեջիի վանական համալիրից մինչեւ ղարաբաղյան եւ տաջիկա-ղրղզական հակամարտություն, աբխազական խնդրից մինչեւ Մերձդնեստր եւ ուկրաինական ճգնաժամ՝ արդյունք է սովետական պետության «հայրերի» որդեգրած քաղաքականության։ Ու հիմա, ըստ էության, ժամանակակից Ռուսաստանը քաղում է իր քաղաքական հայրերի եւ պապերի սխալների պտուղները։ Հասկանալի է, որ Արեւմուտքի կողմից տնտեսական եւ ֆինանսական սանկցիաների տակ ճռռացող Ռուսաստանը, որքան էլ ցուցադրի իր նորագույն սպառազինությունները, թուլացել է նկատելիորեն եւ այլեւս առաջվանը չէ։ Սակայն ցավալիորեն այդ թուլացումը ռուսական պետության այսօրվա իշխող էլիտայում կամ պուտինյան էլիտայում, իր բոլոր խմբերով, թեւերով, թայֆաներով ու կլաններով հանդերձ, կա՛մ չեն հասկանում, կա՛մ չեն ուզում հասկանալ։

Կա՛մ չեն ուզում դա խոստովանել, որովհետեւ եթե հանկարծ խոստովանեն, պիտի նաեւ արձանագրեն, որ այլեւս աշխարհի գոնե թիվ 2 գերտերություն չեն, այլ ռեգիոնալ տերություն են, թեկուզեւ առաջինը ռեգիոնալ տերությունների մեջ։ Ի վերջո, բոլորիս է հասկանալի, որ միջուկային զինանոցը, թեկուզեւ այն հարմարեցված է օդում, ջրում եւ ցամաքում գործելուն, ամեն առիթով չես կարող օգտագործել որպես հաղթաթուղթ։ Այս ամենն աչքի առաջ ունենալով՝ տեսնում ենք, որ ռուսական կայսրական մեծազորության իմիտացիան ապահովելուն կոչված ռազմաքաղաքական միավորումը՝ ՀԱՊԿ-ն, սկսում է ճաքել, որովհետեւ չի կարողանում լուծում գտնել Հայաստանում սահմանային խնդրի հետ կապված, որն իր պատասխանատվության տարածքն է, եւ դժվարությամբ կարողացավ խաղաղեցնել ղրղզա-տաջիկական սահմանային լարվածությունը։

Այն իրավիճակը, որն այսօր առկա է Հայաստան-Ադրբեջան սահմանին, պետք է Հայաստանի ապագա իշխանությունների համար դաս լինի։ Ստացվում է, որ Ռուսաստանը, իսկ ՀԱՊԿ-ն առաջին հերթին Ռուսաստանն է, քանի որ այն «բորշչը», որ առկա է այդ կառույցում (Հայաստան, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Բելառուս), հասկանալի է դարձնում, որ այն կա՛մ չի կարող լուծել Հայաստան-Ադրբեջան սահմանային խնդիրը, կա՛մ չի ուզում։ «Չի կարող»-ի հետ կապված հարցերը հասկանալի են։ Իսկ չուզենալն արդեն այլ հարց է։

Բանն այն է, որ Հայաստանը պուտինյան էլիտայի որոշ ուժերի կողմից (պատկերավոր ասենք՝ պուտինյան Կրեմլի որոշ աշտարակների կողմից) սկսել է ընկալվել որպես «геморрой», որից պետք է որքան հնարավոր է շուտ ազատվել։ Ու, հետեւաբար, եթե Դոնբասում լարվածությունը կարող է հանգեցնել նրան, որ 100 հազարանոց զորք Ռուսաստանը կուտակի Ուկրաինայի հետ սահմանների մոտ, իսկ Հայաստանի դեպքում կրիայի դանդաղկոտություն է ցուցաբերում, ապա հարց է առաջանում՝ իսկ արդյոք ռուսներն իրենք ուրախ չե՞ն, որ ի վերջո հնարավորություն կարող է ստեղծվել Հայաստանից ազատվելու։ 

Ի վերջո, գործից հասկացողները գիտեն, որ կասպյան նավատորմիղը մարտունակ կառույց է, հարկ եղած դեպքում նաեւ քաղաքական ճնշման գործիք է, ինչպես դոնբասյան վերջին սրացման ժամանակ եղավ, երբ Կերչում հայտնվեց ֆանտաստիկ կարճ ժամկետում։ Այս ամենը Հայաստանին, հայ ժողովրդին՝ թե Հայաստանում եւ թե Սփյուռքում, պետք է լուրջ մտորումների առիթ տա ու պատճառ դառնա եզրահանգումների։ Իսկ մնացածը, որ կարդում ենք պաշտոնական լրահոսում, արդեն անիմաստ «զեւզեկություն» է։