«Հրապարակ»․ Հիմնական մտավախությունը Սիրիան բաժան-բաժան անելու ծրագրի իրագործումն է

«Հրապարակ»․ Հիմնական մտավախությունը Սիրիան բաժան-բաժան անելու ծրագրի իրագործումն է

«Հրապարակի» զրուցակիցը Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Մարիա Գաբրիելյանն է:

- Սիրիայում իրադարձություններն այնքան սրընթաց զարգացան, որ ամենաօպերատիվ լրատվամիջոցներն անգամ չէին հասցնում լուսաբանել տեղի ունեցողը: Ընդամենը 10 օր պահանջվեց, որ թուրքամետ ընդդիմությունը տապալի Ասադի երկարամյա իշխանությունը: Ի՞նչ իրավիճակ է այժմ Սիրիայում, հատկապես՝ հայահոծ շրջաններում: 

- Այո, սլացող իրադարձությունները ցնցում առաջացրին, մոլորվածի նման հետեւեցինք վայրկյան առ վայրկյան արձանագրվող հսկայական փոփոխություններին՝ երբեմն կասկածելով իրավիճակի ընկալման մեր կարողություններին... Առաջին ժամերին ապշահար էինք, սակայն հետզհետե ըմբռնեցինք։ Արյունալի դեպքերի սահմանափակումը հոգեվիճակի վրա դրական ազդեց, նկատի ունեմ բանակի նահանջելու պատճառով բախումներ չլինելը։ Այժմ վիճակը գնում է դեպի բնականոնեցում, նոր իշխանությունը փորձում է զինյալ երեւույթներն աստիճանաբար կրճատել եւ երկիրը վերադարձնել իր սովորական հունին:

- Սիրիայի ժողովուրդը, այդ թվում՝ մեր հազարավոր հայրենակիցներ, դեռ երկար ժամանակ այս ամենից ուշքի չեն գալու: Զինված ապստամբությունը փոխեց ոչ միայն Սիրիայի, այլեւ, ընդհանրապես, Մերձավոր Արեւելքի աշխարհաքաղաքական «գունապնակը»: Ի՞նչ մարտահրավերներ եք տեսնում:

- Հիմնական մտավախությունը Սիրիան բաժան-բաժան անելու ծրագրի իրագործումն է։ Սիրիան մասնատելու քարտեզը տարածաշրջանային, թե այլ երկրների կողմից գործադրելու առումով տակավին իրատեսական է: Տարածաշրջանի երկրները մտահոգ են, որ նմանօրինակ իրադարձություները կարող են կրկնվել իրենց երկրներում: Այստեղ կարեւոր է նաեւ Պաղեստինի հարցը. նախորդ իշխանության համար այս խնդրի մեջ կողմնացույցը հստակ ու բացահայտ էր, իսկ նոր իշխանությունն այս առումով դեռ չի արտահայտվել: Թե՛ տարածաշրջանի եւ թե՛ Արեւմուտքի մի շարք երկրների մոտեցումները դրական են, սակայն քաղաքական զարգացումների կանխատեսումների ուրվագիծը դեռ աղոտ է։

- Իշխանության խաղաղ փոխանցման պայմաններում ի՞նչ է սպասվում խորհրդարանին՝ իբրեւ բարձրագույն իշխանության ինստիտուտ: Ի՞նչ կարգավիճակ ունեն պատգամավորները:

- Խորհրդարանի ճակատագիրն առնչություն ունի որդեգրվելիք ուղու հետ, այսինքն՝ սահմանադրական փոփոխություններ կատարել եւ առ այդ՝ նոր խորհրդարան ընտրե՞լ, թե՞ առաջնորդվել գործող սահմանադրությամբ։ Հավանական են նաեւ նախորդ իշխանության հսկողությամբ ձեւավորված խորհրդարանի լուծարումը եւ նոր ընտրությունների նշանակումը: Պատգամավորների կարգավիճակն առայժմ փոխված չէ:

- Սիրիայի քաղաքական, հանրային կյանքում կա՞ հայկական գործոնի թուլացման մտավախություն՝ հաշվի առնելով թուրքական գործոնի ուժեղացումը:

- Հայ համայնքի համար գլխավոր մտահոգությունը հայկական գործոնի թուլացման խնդիրն է, սակայն երկրի այսօրվա պայմաններում այս հարցի քննարկում կատարելը կամ նույնիսկ տեսակետ ամրագրելն իրատեսական չէ, քանի որ քննարկման նախադրյալներ տեսանելի չեն։ Սակայն այս սրընթաց զարգացումների մեջ, ինչպես ես եմ ենթադրում, այդ տվյալները շուտով ոչ միայն տեսանելի, այլեւ շոշափելի կդառնան։

- Կարծիք կա, թե Ուկրաինայում պատերազմի պատճառով Մոսկվան չկարաղացավ էական ռազմական օգնություն ցուցաբերել Ասադի կառավարությանը: Ասադն ընտանիքի հետ ապաստան է գտել ՌԴ-ում: Քննադատություն կա նաեւ Իրանի կողմից պաշտոնական Դամասկոսին ոչ պատշաճ ռազմական աջակցության մասին: Հիմնավո՞ր են այս պնդումները:

- Կարծում եմ՝ տեղի ունեցածի մեջ այլ թաքուն ծալքեր կան, որոնք ամբողջացնում կամ հստակեցնում են Ռուսաստանի եւ Իրանի որդեգրած՝ ձեր նշված դիրքորոշումները: Միայն ժամանակը ցույց կտա դրանց բացահայտումը:

- Իշխանափոխությունից հետո խոսակցություններ կա՞ն, թե ով է լինելու Սիրիայի նոր նախագահը: Զինված հեղաշրջման առաջնորդների մեջ կա՞ն նման թեկնածուներ, որոնց այդ պաշտոնին տեսնում է «իշխանափոխությամբ» ոգեւորված ժողովուրդը: 

- Ընդդիմությունը ողջունելի քայլ արեց, երբ գործող կառավարությանն իր վարչապետով պահեց աշխատանքի վրա եւ նրանց հետ համակարգեց աշխատանքը՝ բնականաբար, մինչեւ անցումային կառավարության ձեւավորումը: Նույն ձեւաչափով վարվեց տարբեր երկրներում իր դիվանագիտական ներկայացուցչությունների հետ։ Այս քայլն իշխանության խաղաղ ու անցնցում փոխանցման, նաեւ պետական ենթակառուցվածքների, կառույցների եւ հիմքերի պահպանման դրվատելի քայլ էր։ Իսկ նախագահի նշանակումն այս հանգրվանում առայժմ նախատեսված չէ: Ամեն դեպքում՝ իրավիճակը հարափոփոխ է, ժամ առ ժամ նոր տեղեկություններ են արձանագրվում։