Ընտրությունների լեգիտիմությունը ինստիտուցիոնալ խնդիր է

Ընտրությունների լեգիտիմությունը ինստիտուցիոնալ խնդիր է

Հարցազրույց «Հայրենիք» կուսակցության անդամ Արտակ Ավետիսյանի հետ

- Խորհրդարանը Ընտրական օրենսգրքում փոփոխությամբ հրաժարվեց ռեյտինգային ընտրակարգից՝ ամրագրելով պարզ համամասնականը։ Ընտրակարգի այս փոփոխությունն ինչպիսի՞ ազդեցություն կունենա թե՛ ընտրությունների, թե՛ դրանց մասնակցել պատրաստվող քաղաքական ուժերի մասնակցային ձեւաչափի վրա։ «Հայրենիքն» ունի՞ որոշում՝ միայնակ, թե դաշինքով մասնակցելու։

- Մեր կուսակցությունում այս պահին դեռեւս որոշում չկա մասնակցության ձեւաչափի վերաբերյալ։ Իսկ, ընդհանուր առմամբ, այդ փոփոխությունը մի քաղաքական ուժի՝ ԼՀԿ-ին  գլոբալ առումով դուր չի եկել, որն արգումենտավորված էր, թե Նիկոլը լեգիտիմացնում է ուսապարկերի շարունակական գոյությունը։

- Ձեր կուսակցությանը դո՞ւր է եկել փոփոխությունը։

- Բնականաբար՝ ոչ, եւ այստեղ ոչ թե տողատակային մեսիջն է կարեւոր, որ ասում են՝ ՀՀԿ-ն ուներ ամենաշատ ռեյտինգային թեկնածուները, այստեղ կորում է ժողովրդավարությունը։ Ի դեպ, ես ընտրական մասնագետ եմ, միջազգային սերտիֆիկատ ունեմ։ Ընտրողը չի կարողանալու այսպիսով գտնել որեւէ սուբյեկտ, բացի վարչապետից՝ առաջին համարից, որը պատասխանատու է իր դժբախտությունների համար, կամ ենթադրենք՝ շատ լավ ուժ է, ուզում են շնորհակալություն հայտնել։ Կա համամասնականի բաց ցուցակներ տարբերակը, երբ ողջ հանրապետությունով, բացի որեւէ կուսակցություն ընտրելուց, ընտրում են ներկայացված, դիցուք, հարյուր հոգանոց ցուցակից մեկին ու որոշում, թե ով պետք է գործուղվի խորհրդարան։ Սա ավելի արդար էր ու ժողովրդական, երբ ընտրողն ինքն է որոշում՝ Պողոսի՞ն ուղարկել խորհրդարան, թե՞ Պետրոսին։ Ինչեւէ, սա էլ էր ռեյտինգային տարբերակ, բայց քանի որ ռեյտինգային ընտրակարգը կապում էին նախկինների հետ, մեզ մոտ ինչ ուզում ես՝ ասա, այն լավը չի կարող լինել, դառնում է շատ վատը։

- Վերադառնալով իմ հարցին՝ նոր ընտրակարգը, ձեր քաղաքական ուժի մասնակցության առումով, մոտեցումները վերանայելու պատճառ կդառնա՞, թե՞ ոչ։ Եթե, ասենք, քննարկում էիք դաշինքով գնալ, հիմա մենակ կգնաք կամ հակառակը։ Ենթադրվում է, որ համամասնական կարգով ընտրություններին ավելի խոշոր միավորումներ պետք է լինեն, այլեւս տեղերում թեկնածուներ չեն լինելու, չեն աշխատելու եւ այլն։

- Մեր նման կուսակցությունների պարագայում կուսակցության առաջնորդը մի քանի անգամ ավելի բարձր վարկանիշ ունի, քան ինքը՝ կուսակցությունը։ Թերեւս պատճառն այն է, որ կուսակցությունը նոր է եւ չի ասոցացվում Արթուր Վանեցյանի հետ, ով ավելի հայտնի է, ավելի ճանաչված ու վարկանիշային։

Բայց, մյուս կողմից, հիմա, երբ խաղի կանոնները դառնում են հավասար՝ ո՛չ մենք ենք տեղերում աշխատող ռեյտինգային  թեկնածուներ ունենալու, ո՛չ մյուսները, ապա ընտրությունների բնույթն էլ է, ըստ էության, փոխվում եւ ավելի շատ նմանվելու է նախագահական ընտրությունների։ Ընտրողն իր ընտրությունը կատարելու է՝ փաստացի ձայն տալով առաջին համարին։ 
Մի բան էլ՝ բոլորը «կողմ»-ի քվեին են սպասում ընտրություններին, բայց երբեմն «դեմ»-ի քվեն ավելի որոշիչ է լինում, քան «կողմ»-ինը։ Այդպիսին էին խորհրդարանական վերջին ընտրությունները, երբ Նիկոլն «ընդդեմ»-ի քվե գեներացրեց, այլ ոչ թե «կողմ»-ի քվե հավաքեց՝ որոշակի տեխնոլոգիաներ կիրառելով։

Ես վստահ եմ, որ այս ընտրություններին էլ մեծ «սյուրպրիզներ» են լինելու, ասենք՝ կուսակցություն, որը, ենթադրվում էր, երկնիշ թվով կլինի խորհրդարանում, գուցե կա՛մ չհայտնվի, կա՛մ էլ երկնիշ  ցուցանիշ չգրանցի։ Եվ հակառակը՝ լինեն ուժեր, որոնցից նման սպասելիքներ չկան, բայց կարողանան երկնիշ թվով ցուցանիշ հավաքել։ Ընտրական տեխնոլոգիաների կիրառումից է շատ բան կախված լինելու, այն ուժը, որը կկարողանա կիրառել մենթալ տեխնոլոգիաներ, նրա շանսերը կբարձրանան։ Փաստ է, չէ՞, որ ոչ բոլոր քաղաքական ուժերն ունեն հստակ պատասխան, թե ինչ է ուզում ժողովուրդն այսօր։

Ժողովուրդն այսօր տարօրինակ կերպով շատ այլ բաներ է ուզում։ Որքան էլ ցավալի է, բայց, օրինակ ես, իմ համար արձանագրում ունեմ, որ շատ ավելի կարեւոր է ժողովրդի համար այս պահին ինչ-որ կենցաղային հարցը, քան Շուշիի եւ Հադրութի կարգավիճակը, շատ ավելի կարեւոր է կենցաղային հարցը, քան հզոր բանակ ունենալու տեսլականը, այնպես որ՝ գուցե պոպուլյար, առերեւույթ հզոր բանակի, հզոր պետության մասին դոկտրինները, Շուշիի, Հադրութի վերաբերյալ ձեւակերպումները կարող են ընտրողին ոչինչ չտալ, եւ մի ստվար զանգված գնալու է իմ ասած առաջնահերթությամբ ձայն տա։

- Բայց այս անգամ ամենալուրջը թերեւս չկողմնորոշվածների աննախադեպ բարձր ցուցանիշն է, բոլոր հարցումներով 50 տոկոսից ավելին ասում են, որ չեն մասնակցելու ընտրություններին, թերեւս սա էլ գլխավոր պատճառն էր, որ ընտրակարգ փոխվեց, որ մասնակցությունը քիչ լինի, իրենց ստացած ձայները տոկոսային մեծ ցուցանիշ կազմեն։

- Այո, իշխանությունն ունի կայուն ընտրազանգված, հիպոթետիկ այդ զանգվածը 250 հազար մարդ է, 1.5 մլն մասնակցության դեպքում դա մեկ տոկոս է, 1 միլիոնի դեպքում՝ այլ, հետեւաբար, իշխանության խաղն ակնհայտ է, ջանքեր դնել՝ ընտրություններին նվազագույն մասնակցություն ապահովելու համար։ Մյուսները պիտի խաղան հակառակ դաշտում՝ մաքսիմալ մասնակցություն ապահովելու ուղղությամբ։ 

- Եթե ամփոփեք, խաղի կանոնների փոփոխությունն ընտրություններից հաշված օրեր առաջ չի՞ կարող էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, թե՞, ինչպես Էդմոն Մարուքյանն էր ասում, դրանք մեծ կասկածի տակ կդնեն ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը։

- Ցավալիորեն, իմ համար տեսանելի է ապագան, իսկապես, ընտրությունները լեգիտիմ չեն լինելու, իրոք՝ արդյունքները որեւէ կերպ չեն ընդունվելու եւ ընկալվելու միջազգային հանրության կողմից, բացի թուրքերից, ոչ մեկն այս ընտրության արդյունքները չի ճանաչելու։

- Այդ դեպքում ինչո՞ւ եք մասնակցում։

- Մասնակցելը մի բան է, չմասնակցելը՝ այլ բան։ Նախ՝ ոչինչ պարզ չէ։ Մենք ընդամենը հայտարարել ենք, որ ցանկացած ընտրություն ցանկացած քաղաքական կուսակցության համար բնական ճանապարհ է՝ իշխանության գալու։ Մեր հայտարարությունը քաղաքագիտական կոնցեպտի մեջ է։ Երբ հստակ կլինի հրաժարական, երբ կորոշվի օրը, երբ հասկանալի կդառնան խաղի կանոնները, քաղաքական դաշտի մյուս ուժերի դիրքորոշումները, մենք կներկայացնենք մեր վերջնական տեսակետը։

- Ձեր կուսակցությունից հստակ հայտարարել են, որ մասնակցելու են։

- Նախ՝ ընդամենը հստակ է Նիկոլի շուրթերից մի բան՝ խմած ժամանակ կամ չխմած ժամանակ հայտարարել է, որ հունիսի 20-ին լինելու են արտահերթ ընտրություններ, գուցեւ ավելի հավանական է անցկացումը, քան չանցկացումը, բայց քանի դեռ օրվա մասին չկա հրամանագիր, մենք չենք կարող վստահ լինել։ Եվ մի բան էլ կա․ այնպես չէ, որ եթե Հայրենիքի փրկության շարժման մաս կազմող բոլոր ուժերը մասնակցեն ընտրություններին, կարող ենք ասել, որ ընտրությունները լեգիտիմ են, որեւէ կուսակցության մասնակցել-չմասնակցելը չի լուծում լեգիտիմության հարց, լեգիտիմությունն ինստիտուցիոնալ բացատրություն ունի, եւ քաղաքական ուժերի մասնակցությունը ոչ ամենակարեւոր բաղադրիչն է, լեգիտիմությունը պրոցեսի ամբողջական գնահատականն է եւ ոչ թե նախնական հայտարարությունները։ Եվ հետո՝ բոլորն էլ մարտավարական խաղի մեջ են, ինքն ասում է՝ լինելու են, մյուսներն էլ ասում են՝ կմասնակցեն կամ՝ չէ։ Ի վերջո, վերջում հնարավոր է մասնակցելու մասին հայտարարածները չմասնակցեն, եւ ճիշտ հակառակը։