Հակահայ թռուցիկներ տարածողներին ոգեշնչում են Թուրքիան և Բաքվի ագրեսիան ԼՂ-ում․ Գլենդելի քաղաքապետ

Հակահայ թռուցիկներ տարածողներին ոգեշնչում են Թուրքիան և Բաքվի ագրեսիան ԼՂ-ում․ Գլենդելի քաղաքապետ

Հայոց ցեղասպանության օրվան՝ ապրիլի 24-ին ընդառաջ, ամերիկյան Գլենդել քաղաքում անհայտ անձինք հակահայ թռուցիկներ են տարածել, որոնք քարոզում են Հայոց ցեղասպանությունն ավարտին հասցնելու սարսափելի գաղափարը։ Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ նմանատիպ միջադեպ էր գրանցվել նաև ամերիկյան մեկ այլ քաղաքում՝ Բեվերլի Հիլզում։ Ամերիկահայերն իրենց վրդովմունքն են արտահայտել և նշել, որ այս ամենը ցույց է տալիս հայ համայնքներում հակահայ տրամադրությունների և ատելության հանցագործությունների աճող վտանգը: 
Ովքե՞ր են կանգնած այս ամենի ետևում և ի՞նչ է արվում՝ նրանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ «Հրապարակ»-ի խնդրանքով որոշ պարզաբանումներ է ներկայացրել Գլենդելի քաղաքապետ Արդի Արտաշես Քասախյանը։ 

- Գլենդելում հակահայ թռուցիկներ են տարածել, որով սպառնում են ավարտին հասցնել Հայոց ցեղասպանության գաղափարը։ Նման միջադեպ գրանցվել էր նաև Բեվերլի Հիլզում։ Որպես քաղաքապետ՝ ի՞նչ կարող եք ասել այս ամենի մասին, ի՞նչ է արվում հանցավոր այս միջադեպերը մանրազնին հետաքննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

 - Նույնիսկ Օսմանյան կայսրության կողմից իրականացված աներևակայելի վայրագություններից ավելի քան մեկ դար անց, որը խլեց ավելի քան 1,5 միլիոն անմեղ հայերի կյանքը, մենք այսօր շարունակում ենք ականատես լինել ատելության խմբերի ջանքերին, որոնք շարունակում են քարոզել ցեղասպանության վայրագ արարքը հենց այստեղ՝ Գլենդելում։ Քաղաք, որտեղ գտնվում է Միացյալ Նահանգների ամենամեծ հայկական համայնքներից մեկը: Այս թռուցիկների համար պատասխանատու անձինք կամ խմբերը, անկասկած, ոգևորված են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շարունակական ժխտմամբ, ինչպես նաև Արցախում հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ակտիվ և ընթացիկ ագրեսիայից: Մեր երկիրը (ԱՄՆ-ն-խմբ․)վերջին տասնամյակում տեսել է ատելության դեպքերի աճ, քանի որ ատելության խոսքն ու բռնի գործողությունները հասել են ԱՄՆ-ի տարբեր համայնքներ:
Կարևոր է, որ մենք արտահայտվենք նման գործողությունների դեմ և դատապարտենք դրանք, անկախ նրանից, թե ով կարող է լինել դրանց զոհը կամ թիրախային խումբը: Ատելության վրա հիմնված թռուցիկներ փակցնելու վախկոտ արարքը՝ ցեղասպանություն քարոզչությամբ, անխիղճ է և անտանելի: Ես, Գլենդելի քաղաքային խորհրդի անդամներ Ասատրյանի, Բրոտմանի, Դիվայնի և Նաջարյանի հետ միասին դատապարտում են այդպիսի արարքները և սատարում տեղական, նահանգային և դաշնային իրավապահ գործընկերների աջակցությամբ Գլենդելի ոստիկանական բաժանմունքին հասանելի բոլոր հետաքննական ռեսուրսների կիրառմանը:

- Ասացիք, որ հակահայ ակցիաների հեղինակները ոգեշնչված են Անկարայի և Բաքվի հանցավոր քաղաքականության անպատժելիությամբ։ Իսկ ինչո՞վ կպայմանավորեք հակահայ ուժերի, ենթադրաբար՝ թուրքերի և ադրբեջանցիների նման ակտիվացումը։ Արդյո՞ք այդ ամենը պայմանավորված չէ առաջիկայում համայնքում նախանշված ապրիլքսանչորսյան միջոցառումներով։

- Պարզ չէ, թե ովքեր են թռուցիկները տեղադրող անձը կամ անձինք։ Մենք չգիտենք նրանց քաղաքացիությունը կամ ծագման երկիրը: Դա կարող է լինել ցանկացած մեկը: Այն, ինչ մենք հաստատ գիտենք, այն է, որ այդ թռուցիկները տարածած անձը ձգտում է թշնամանալ և վախ ստեղծել հայերի մեջ և, մասնավորապես, սեպ խրել մեր քաղաքի հայ և հրեա բնակիչների միջև՝ հղում անելով հրեա կրոնական գործիչներին:

Զրուցեց Արա Ալոյանը