Գրիշա Թամրազյանի մտերիմներն իրար ետեւից անցնում են աշխատանքի ՀՊՏՀ-ում

Գրիշա Թամրազյանի մտերիմներն իրար ետեւից անցնում են աշխատանքի ՀՊՏՀ-ում

Նախորդ տարի ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը պաշտոնից հեռացավ իր հետ սերտ կապի մեջ գտնվող Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի օգտին պետական հովանավորչություն կատարելու մեղադրանքների ուղեկցությամբ։ Եվ այժմ, թեև Գրիշա Թամրազյանը այլևս պետական պաշտոնյա չէ և նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի խորհրդական, նրա մերձավոր շրջապատը շաբաթը մեկ նոր պաշտոն է ստանում ՀՊՏՀ-ում, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Տնտեսագիտական համալսարանը Դիանա Գալոյանի միջոցով արդեն ուղիղ կառավարում է Գրիշա Թամրազյանը: 

Մասնավորապես, Գալոյանի նշանակվելուց հետո ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում՝ Գրիշա Թամրազյանի օգնական, ՀՊՏՀ-ից նախկինում հեռացած Անժելիկա Մուսայելյանը նշանակվել է ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի պետ։ Գրիշա Թամրազյանի մտերիմ ընկեր Նարեկ Անտոնյանը նշանակվել է հատուկ իր համար նորաստեղծ ՀՊՏՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար։ Թամրազյանի անմիջական ղեկավարի՝ Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի դուստր Անի Հակոբյանը նշանակվել է ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի պետ, այդ թվում նաեւ՝ Թամրազյանի ազգական Գրիշա Արսենյանը նշանակվել է ՀՊՏՀ բարձրահարկ շենքի պարետ: 

Նշենք, որ մամուլում առկա հրապարակումների համաձայն՝ Գրիշա Թամրազյանը, երբ դեռ ԿԳՄՍ փոխնախարար էր, պայքար էր  տանում, որպեսզի Դիանա Գալոյանը  նշանակվի ՀՊՏՀ ռեկտոր: 

Գալոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ նշանակումներն ինքն է արել, եւ Գրիշա Թամրազյանի կողմից որեւէ ուղորդում չի եղել այդ նշանակումների հարցում։

Նախկին փոխնախարարը «Հրապարակ»-ին փոխանցեց, որ ինքը շատ ծանոթներ ունի Հայաստանում, իր շրջապատը մեծ է, բուհական համակարգում՝ առավել եւս, սակայն այդ ծանոթությունները կապ չունեն նրանց աշխատանքի անցնելու հետ։

«Այո՛, Նարեկ Անտոնյանը իմ ընկերն է, մենք նաեւ սպորտային ընկերներ ենք։ Անժելիկա Մուսայելյանն իմ օգնականն է եղել, նա դրանից առաջ աշխատել է ՀՊՏՀ-ում, երբ նախարարի պաշտոնը թողել եմ, նրան նորից հրավիրել են աշխատանքի․․․
Գրում են՝ Գրիշա Թամրազյանը ստվերային ռեկտոր է աշխատում․․․ Այո՛․ մենք Դիանա Գալոյանի հետ ընկերներ ենք, ապրում ենք նույն թաղամասում, երկար տարիներ իրար ճանաչում ենք, բայց ես ոչ մի ռեկտորի ոչ մի բան չեմ խնդրում, կարող եմ առաջարկել, եթե ռեկտորը դիմի ինձ։  Ես հոգնել եմ նույն բանը կրկնելուց՝ եթե ես որեւէ անօրինական միջամտություն եմ ցույց տվել, դրա համար գոյություն ուներ օրենք»,- եզրափակեց Թամրազյանը։

Հիշեցնենք, որ Գալոյանի նշանակումը ուղեկցվեց մեծ աղմուկով, նրան ընտրելու վերաբերյալ մի քանի հայցեր ներկայացվեցին դատարան։ Բացի այդ ուսանողների մի մեծ խումբ  պարբերաբար նրա դեմ ակցիաներ էր անում՝ պահանջով, որպեսզի ետ վերադառնա համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը։