Չուգասզյանը «որևիցե քաղաքական իմաստ» չի տեսնում Փաշինյանի առաջարկած համագործակցային ձևաչափի մեջ

Չուգասզյանը «որևիցե քաղաքական իմաստ» չի տեսնում Փաշինյանի առաջարկած համագործակցային ձևաչափի մեջ

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը «որևիցե քաղաքական իմաստ» չի տեսնում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկած արտախորհրդարանական ուժերի համագործակցային ձևաչափի մեջ։

Հուլիսի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Փաշինյանը կլոր սեղանի շուրջ հանդիպել էր Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանի, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանի, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանի, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունից նախկինում վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանի, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանի, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի հետ:

«Երևի գիտեք, որ մենք հրաժարվել ենք այդ ֆորմատին մասնակցելուց, որևիցե քաղաքական իմաստ դրա մեջ չենք տեսնում», - «Հրապարակի» հետ զրույցում ասաց Չուգասզյանը՝ անդրադառնալով արտախորհրդարանական ուժերի մասնակցությամբ համագործակցային ձևաչափի հնարավոր մասնակցությանը։

Հունիսի 22, 23, 25-ին, հուլիսի 8-ին Փաշինյանն առանձին հանդիպումներ էր ունեցել որոշ կուսակցությունների և գործիչների հետ, իսկ ԱԺԲ-ն հրաժարվել էր այդ առանձին հանդիպման հրավերից։

Առանձին հանդիպումներին էին եկել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի, ԱՀԿ ղեկավար Նորայր Նորիկյանի, ՀՔԴԿ նախագահ Լևոն Շիրինյանի, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանի, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի, ԱԿ ղեկավար Սամվել Բաբայանի, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի, ՊԿ նախագահ Միքայել Հայրապետյանի, ԻՀ կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանի, Տիգրան Արզաքանցյանի, ՀԵԿ նախագահ Տիգրան Խզմալյանի, ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի, ՄՀԿ առաջնորդ Մհեր Տերտերյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի,  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ։

Դիտարկմանը, որ «մի քանի ուժեր արդեն հանդիպել են, մեկ անգամ՝ առանձին, մեկ անգամ՝ ընդհանուր կլոր սեղանի շուրջ», և հարցին՝ «այդ ուժերից որևիցե մեկի հետ համագործակցո՞ւմ եք, շփումներ ունե՞ք, համագործակցության եզրեր տեսնո՞ւմ եք», ԱԺԲ գործիչը պատասխանեց․ «Ես չեմ կարծում»։

Հարցին՝ ԱԺԲ-ն այս ընտրությունների արդյունքներով ինչպե՞ս է պայմանավորելու իր հետագա արտախորհրդարանական քաղաքական գործունեությունը, քաղաքական գործիչը պատասխանեց, որ արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակը եղել է իրենց «այլընտրանքային տեսակետները լսելի դարձնելու» հնարավորությունը։

«Բնականաբար, եթե մենք մասնակցել ենք այդ ընտրություններին, մենք քաղաքական պրոցեսների մեջ ենք։ Բայց մեր նպատակը հենց սկզբից էլ հայտնել ենք՝ ընդամենը հնարավորություն ունենալ մեր այլընտրանքային տեսակետները լսելի դարձնել։ Որովհետև և՛ Հանրային հեռուստատեսությունը, և՛ նախկինների հեռուստամիջոցները և այլն մեզ հասանելի չեն, դրա համար մենք որոշեցինք մասնակցել այդ ընտրություններին՝ առանձնապես ինչ-որ մեծ սպասելիքներ չունենալով», - ընդգծեց Չուգասզյանը։

Իսկ թե հնարավոր համարո՞ւմ են շփումները, համագործակցությունը խորհրդարան անցած «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների հետ, ԱԺԲ գործիչն ասաց․ «Այս պահին նման բան չկա, որևիցե հեռանկար էլ չկա դրա համար»։