Ամեն ինչի ժամանակն ունի, բացի ծնողներին ընդունելուց

Ամեն ինչի ժամանակն ունի, բացի ծնողներին ընդունելուց

Երեկ զոհված զինծառայողների ծնողները ժամեր շարունակ բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ պաշտպանության նախարարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում էին հանդիպում նախարար Սուրեն Պապիկյանի հետ, որպեսզի նա միջնորդի, որ հանդիպում տեղի ունենա գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանի ու զոհված զինծառայողների ծնողների հետ։ Ծնողները, հիշեցնենք, պնդում են, որ պայքարը չեն դադարեցնելու այնքան ժամանակ, մինչև չպարզեն, թե ինչ հանգամանքներում են զոհվել իրենց որդիները։ Նրանց պնդմամբ՝ իրենց համար անհասկանալի է, թե ինչպես են տղաները զոհվել, իսկ հրամանատարը ողջ մնացել, ասում են՝ զորքին մենակ է թողել։

Տեղեկացանք, որ ՊՆ-ից ծնողներին փոխանցել են, թե պաշտպանության նախարարի լիազորություններից դուրս է ծնողների ու Զինված ուժերի ներկայացուցչի միջև հանդիպում կազմակերպելը։ Ծնողներին ասել են նաև, թե դա քննիչի իրավասության ներքո է, առերեսում նա կարող է կազմակերպել։

11 -րդ վաշտի ժամկետային զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանն ասում է՝ իրենց զայրացրել է հատկապես այն, որ գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանն առաջին աստիճանի «Մարտական Խաչ» է ստացել, այն դեպքում, երբ Քննչական կոմիտեում քրեական գործ կա հարուցված իրենց զավակների մահվան փաստով։ Մինչև օրս, սակայն, քրեական գործով մեղադրյալ չկա, միայն մի քանի անգամ կողմերն են հարցաքննվել։ 

Իսկ ինչով է զբաղված Սուրեն Պապիկյանը, որ զլանում է ընդունել եւ անձամբ լսել զոհվածների ծնողներին։ Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը օրերս ընդունել էր Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Հանդիպմանը մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսեյ Բաբկովը, ինչպես նաև իր առաքելությունն ավարտած՝ պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Եվգենի Արտյոմենկոն:

Այսօր էլ Պապիկյանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, մասնակցել «Պետական և ռազմական կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի առաջին հոսքի ավարտական հանդիսավոր արարողությանը:

Հետաքրքիր է, որ նախարարը կարծեք բոլորի ու ամեն ինչի համար ժամանակ ունի, բացի ծնողներից։