Գյուղապետերը, գյուղացիները, բոլոր ներկաները դեմ էին հողեր հանձնելուն

Գյուղապետերը, գյուղացիները, բոլոր ներկաները դեմ էին հողեր հանձնելուն

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի սահմանամերձ գյուղեր: Նա սահմանամերձ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների հետ քննարկել է հողերը թշնամուն հանձնելը, այն անվանելով` սահմանազատում: 

Նոյեմբերյանի համայնքապետ, «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով առաջադրված Արսեն Աղաբաբյանը, որը նույնպես ներկա է եղել երեկ տեղի ունեցած հանդիպմանը եւ լուսանկարներում երեւում էր, որ հարց է տալիս, կամ ելույթ է ունենում, «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ ներկաները Նիկոլ Փաշինյանին հստակ պահանջներ են ներկայացրել: 

- Ի՞նչ պահանջի մասին է խոսքը:

- Պահանջ, որ ոչ մի հող չի հանձնվելու: Նա ասաց, որ առանց մեզ տեղեկացնելու ոչինչ չի անելու: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ անհրաժեշտության դեպքում նորից կայցելի Տավուշ: Գյուղապետերը, գյուղացիները, բոլոր ներկաները դեմ են հողեր հանձնելուն:

- Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը մարդկանց վախեցրել է նոր պատերազմով:

- Նշեց, որ եթե գյուղերը չհանձնենք, Ադրբեջանը հարձակվելու է Տավուշից, Թուրքիան` Արմավիրից:

- Մեզ նաև տեղեկացրել էին, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակ է խնդրել ներկաներից, որպեսզի հստակ պատասխանի:

- Դե, մենք մեր դիրքորոշումը ներկայացրել ենք, դրա հետ մեկտեղ` պահանջներ, թե ինչպես պետք է լինի սահմանը, հիմա մեզ պետք է պատասխանի` կարողանալո՞ւ է ապահովել, թե՞ ոչ: