Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածն անցնում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքով

Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածն անցնում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքով

Սյունիքի սահմանային տարածքներում ԶԼՄ-ների  լուսաբանումը սահմանափակելու վերաբերյալ   ՀՀ ԱԱԾ հայտարարությունը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի։ Այս մասին Ազգային ժողովի ճեպազրույցների վերաբերյալ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը․«Որպես նախկին լրագրող այս հարցը նաև ինձ է հետաքրքրել, կարծում եմ՝ ԱԱԾ-ն լրացուցիչ պարզաբանմամբ հանդես կգա»,-ասաց նա։

Նրա խոսքով, խնդիրը մոտավորապես է իրեն հայտնի, այն է՝ այս պահին գործընթացներ են ընթանում Սյունիքում, և պետք է շարժվել չվնասելու տրամաբանությամբ․«Պետք է հասկանալ, որ 21-րդ դարում ինչ լուսաբանվում է, ոչ միայն Հայաստանի լսարանի համար է, այլ նաև հարևան պետությունների համար։ Ուստի մի փոքր զգուշավորություն է պետք»,- ասաց նա՝ շարունակելով․
«Բայց միևնույն է, այնտեղ ինչ-որ պահից սկսած ազատ ելումուտ կլինի, և հետո փոքր երկիր է, այնտեղ համացանց կա, համայնքի ղեկավարների հետ էլ հնարավոր կլինի կապ հաստատել, ուստի որևէ բան թաքցնելու հարց չկա։ Բայց ոնց հասկանում եմ, դեռ որևէ լրագրողի համար սահմանափակում չի եղել, ուղղակի պետք է ԱԱԾ-ին տեղեկացնել, ապա նոր սահմանային հատվածներում նկարահանումներ անել։ Քանի որ հայտարարությունը նոր է, որևէ խնդիր չեմ տեսնում, իսկ եթե վաղը որևէ ԶԼՄ-ի այցը խոչընդոտվի, ինքս կկանգնեմ լրագրողների կողքին»։
Ասաց՝  նախկինում ևս այդպիսի կարգ գործել է, լրագրողները սահմանամերձ համայնքներ գնալիս համաձայնեցրել են ՊՆ-ի հետ։

Հարցին՝ այսինքն՝ Սյունիքում անհանգստացնող  բան չկա՞, Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց.
«Եթե ասեմ, որ անհանգստացնող բան չկա, կխաբեմ։ Միանշանակ, Սյունիքում անհանգստացնող բան կա։ Առնվազն վերջին 25-30 տարում իրենց մոտ այն վիճակը չի եղել, ինչ հիմա է, բնական է, որ սյունեցիների մոտ կարող է անհանգստանալու առիթ լինել»,- ասաց նա։

Իշխող ֆրակցիայի պատգամավոր Հայկ Գեւորգյանն էլ ասաց, որ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածն անցնում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս՝ այսինքն՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքով, բայց ոչ մի վայրկյան այդ ճանապարհը չի փակվել: 

«Դա այնպես չէ, որ համաձայնագրերով պետք է լինի, դա պայմանավորվածությունների արդյունք է, որ այդ ճանապարհը պետք է գործի և գործում է, ոչ մի վայրկյան ադրբեջանցիների կողմից չի փակվել այդ ճանապարհը»,-ասաց նա: