Նախընտրական խախտումներ Սիսիանում․ ՔՈ-ն ահազանգում է

Նախընտրական խախտումներ Սիսիանում․ ՔՈ-ն ահազանգում է

Սիսիանի ՏԻՄ նախընտրական խախտումների վերաբերյալ

2023թ․ մարտի 26-ին ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ, որին մասնակցում է երեք կուսակցություն՝ ՔՈ ՍԴԿ, Հանրապետական կուսակցությունը և ՔՊԿ-ն։

Նախընտրական քարոզչությունը մեկնարկել է մարտի 1-ին և տևելու է մինչև մարտի 24-ը։  Արդեն մեկնարկից ՔՈ ՍԴԿ նախընտրական շտաբը արձանագրել է ընտրական օրենսգրքի կոպիտ, շարունակական բնույթ ունեցող խախտումներ, որոնց հետ կապված ընտրական գործընթացը հսկելու գործառույթ ունեցող թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացրել մի քանի դիմում-բողոք։ 2023թ․ մարտի 15-ի և մարտի 20-ի որոշումներով ԸԸՀ-ն արձանագրել է, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում չի ապահովվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար ոչ խտրական և ոչ կողմնակալ, հավասար պայմաններ։ Ընտրական օրենսգրքի շարունակական և կոպիտ խախտումներ կատարողը, կազմակերպողը և/կամ ուղղորդողը ընտրություններին մասնակից ՔՊԿ-ն է, որն իր գործելակերպով ձևավորում է իրական սպառնալիք 2018թ-ից հետո Հայաստանում ընտրական գործընթացներում արձանագրված ժողովրդական առաջընթացի նկատմամբ։ Ժողովրդավարության ինդեքսում 2016թ․-ին՝ 120-րդ, 2018 թ․-ին՝ 103-րդ, 2021թ․-ին՝  89-րդ, իսկ 2022թ․-ին՝ 82-րդ տեղում գտնվող Հայաստանը, մեր գնահատմամբ, բախվել է ժողովրդավարական արժեքներից հետնահանջի իրական սպառնալիքի, որ Հայաստանը կարող է մղել դեպի փակուղի։  ՔՈ ՍԴԿ-ն մարտի 24-ին դիմելու է ՀՀ ԿԸՀ՝ ՔՊԿ ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով։  
Հաշվի առնելով հանգամանքը, որ՝

• ԸԸՀ-ները ներկայացուցչականության սկզբունքով ձևավորող ՀՀ Ազգային Ժողովում ներկայացված քաղաքական ուժերը՝ Հայաստան Դաշինք, ՊՈՒ և ՔՊԿ, թիվ 34 ընտրատարածքի Սիսիան համայնքն ընդգրկող 41 ընտրատեղամասային հանձնաժողովի անդամներ են նշանակել մարտի 26-ի ընտրություններին մասնակից և ՔՈ ՍԴԿ մրցակից ՀՀԿ ու ՔՊԿ թեկնածուների ընտանիքի անդամներին, ազգականներին, ընկերներին,ընտրական ցուցակի ավագանու թեկնածուներից վարչական, ֆինանսական կամ այլ կախվածություն ունեցող անձանց, 

• Վստահ չենք, որ ընտրական օրենսդրության կոպիտ խախտումները, ընտրողների մոտ վախի մթնոլորտի ձևավորումը, հանրային համայնքային, պետական, վարչական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից պաշտոնեական դիրքի ակնհայտ չարաշահումով ՔՊԿ-ի օգտին արտոնություն և արհեստական առավելություն ձևավորելը, վարչական ռեսուրսի քողարկված օգտագործումը տեղի են ունենում առանց ընտրությունների մասնակից կուսակցությունների ղեկավարության հովանավորության,

• Արձանագրել ենք՝ ընտրական հանձնաժողովները չունեն բավարար ռեսուրսներ և/կամ կամք՝ պատշաճ հսկողություն իրականացնելու ընտրությունների ընթացքի վրա,ինչի պայմաններում ՔՈ ՍԴԿ համար անհնար է դառնում միայնակ ապահովել արդյունավետ վերահսկողություն և պաշտպանել վերջին տարիների ժողովրդավարական առաջընթացը մեր երկրում,

ԴԻՄՈՒՄ ԵՆՔ՝
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին,
ՀՀ-ում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին,
ԶԼՄ-ներին
Միջազգային և տեղական ՀԿ-ներին՝

աջակցել ժողովրդավարության ամրապնդմանը (որ մշտական ջանքեր է պահանջում), պաշտպանել տեղական ինքնակառավարման կայացման և իշխանության ապակենտրոնացման գործընթացը, կանխել ժողովրդավարական զարգացման ուղուց հետընթացի իրական սպառնալիքը։