Ղարաբաղյան հիմնախնդիրը եւ դրա լուծման ճանապարհը փոխակերպվել են
Աշխարհում բոլոր պատերազմներն էլ ավարտվում են: Նույնիսկ Հարյուրամյա պատերազմն է ավարտվել. Ֆրանսիայի և Անգլիայի միջև մղվող տարածքային այդ պատերազմում եղել է թե՛ երկարատև զինադադարի, թե՛ Ֆրանսիայի համար ծանր հաշտության՝ Տրուայի պայմանագրի ժամանակաշրջան: Պատերազմի ընթացքը արմատապես փոխեց Ժաննա դ՛Արկի մասնակցությունը Օռլեանի ազատագրմանը: Հարյուրամյա պատերազմն ավարտվեց Բորդոյում` Անգլիայի կապիտուլյացիայով: Պատերազմում պարտությունից հետո Անգլիայում, միապետության գահի համար, ծայր առան Սպիտակ և Կարմիր վարդերի՝ քաղաքացիական պատերազմները:
Աշխարհում փոխվել են պատերազմի գործիքները, զենքերն ու զինատեսակները, սակայն չեն փոխվել պատերազմի օրենքները, տրամաբանությունն ու նպատակները:
Եթե ժամանակակիցների համար կարևոր է պատերազմի մոտալուտ ավարտը, ապա պատմության համար՝ պատերազմի արդյունքը: Ժամանակն ու պատմությունն անողոք են. նրանք հիշատակում են հաղթողներին և պարտվողներին, արձանագրում՝ տարածքային կորուստներն ու ձեռքբերումները: Պատմության համար մարդկային անավարտ կյանքերը պատերազմի մահասփյուռ ճանապարհին ընդամենը ավտոբուսի ուղևորներ են, որոնք իջնում են մահվան կանգառներում՝ անէանալով խավարի և կրակահերթերի աղմուկի մեջ:
Պատերազմները համաշխարհային պատմության անբաժան մասն են կազմել՝ հաճախ փոխելով պատմության ընթացքը և կերտելով նոր պատմություն:
Պատերազմի սկիզբն ու ավարտը հաճախ իրարից այնքան են տարբեր են լինում, որքան տարբեր են թուրքական աստղն ու կիսալուսինը՝ գիշերային աստղազարդ երկնքից:
Աշխարհի բոլոր պատերազմները մղվում են ազդեցության և տարածքների համար. պարզապես մի ժողովուրդը պաշտպանում է սեփական տարածքները, մյուսը՝ կռվում է այդ տարածքների նվաճելու իրավունքի համար:
Ինչպես աշխարհի բոլոր պատերազմները, ղարաբաղյան պատերազմն էլ ունի պատերազմական իր տրամաբանությունը, օրենքները, խնդիրներն ու նպատակը: Ռազմաքաղաքական նոր իրողությունների ու փոփոխությունների հետ պատերազմի ընթացքում փոխվում են նաև հակամարտության սկզբնական էությունն ու բնույթը, ըստ այդմ՝ նաև ռազմական գործողությունների նախնական տրամաբանությունը և խաղաղություն պարտադրելու՝ նախատեսված ուղիները: Ըստ այդմ, հարկ է ընդգծել, որ ղարաբաղյան հիմնախնդիրը վաղուց է փոխակերպվել՝ տրանսֆորմացվել, մինչդեռ մենք հիմնախնդրի լուծումը՝ ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական իրադարձությունների անկանգ փոփոխություններում, դարձյալ փնտրում-դիտարկում ենք հին, մաշված, անլույս պատուհանի միջից:
Չնայած պատերազմի անողոք օրենքներին և խաղաղության հասնելու մահաբեր ճանապարհին՝ մենք հաճախ ենք լսում, թե «ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի». այս ձևակերպումը կրկնել են Հայաստանի բոլոր ղեկավարները, կրկնում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Միանգամայն ողջամիտ ձևակերպում, որը սակայն հենվում է բացառապես հայկական կողմի ցանկության վրա, այլ ոչ՝ անողոք այն իրականության, որը մեզ պարտադրել է Ադրբեջանը, այժմ նաև՝ նրան միացած Թուրքիան: Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի հայ բնակչության ջարդերից հետո «ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի» ձևակերպումը նման է մանուկներին պատմվող հեքիաթի: Այդ հեքիաթը մեզ պատմել և պատմում են նաև միջազգային կարգավորողները: Թեպետ այն ոչ թե հրաշապատում հեքիաթի ավարտ ունի, այլ՝ սարսափ ֆիլմի: «Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի» ձևակերպումը բախվել և բախվում է միջազգային դիվանագիտության անզորությանը, ադրբեջանաթուրքական վայրագ դաշինքին և աշխարհաքաղաքականության նենգությանը՝ ապացուցելով իր անկենսունակությունը:
1992թ. պատերազմ սանձազերծելով Հայաստանի դեմ՝ Ադրբեջանն ինքն է ընտրել ղարաբաղյան խնդրի կարգավորման ռազմական ուղին, և հակամարտության լուծումը՝ հայկական տարածքների ազատագրու՛մն է միայն նրան հրադադար պարտադրել: 1992թ. ի վեր հիմնախնդիրն այլևս միայն ռազմական լուծում ունի: Եվ եթե երեսուն տարվա ընթացքում չի գտնվել խաղաղարար կարգավորումը, նշանակում է այն գոյություն չունի: Մանավանդ որ, անհնար է, որ հակամարտության մի կողմն ընտրի ռազմական լուծումը, իսկ մյուսը՝ խաղաղարարը: Ակնհայտ է, որ միայն պատերազմի հաղթական ավարտն է մոտեցնելու խաղաղությունը:
Ղարաբաղյան՝ 2016թ. ապրիլյան պատերազմը, 2020թ. հուլիսյան ռազմական բախումները և այս պատերազմը, ընդհանրապես՝ Հայաստանի սահմանների և հայկական դիրքերի անդադար հրետակոծումները ապացուցում են այն, ինչ մենք համառորեն հրաժարվում ենք ընդունել. Ադրբեջանը, այժմ նաև՝ Թուրքիան, մերժել են հակամարտության խաղաղ լուծման ճանապարհը՝ մեզ պարտադրելով բացառապես ռազմական ճանապարհը, որն այժմ անխուսափելի է այնպես, ինչպես ցերեկվա և գիշերվա հերթագայությունը: Ղարաբաղյան հակամարտությունը այժմ մեկ լուծում ունի: Եվ որքան միջազգային խաղաղարարները պահանջում են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, այնքան այդ ճանապարհը հեռանում է, ինչպես հորիզոնը, որին զուր փորձում ենք մոտենալ:
Աշխարհում կան բաներ, որ մենք՝ հայերս ամաչում ենք խոստովանել: Մենք ամաչում ենք խոստովանել, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը ղարաբաղյան հիմնախնդրի տրանսֆորմացիայի հետ ևս փոխակերպվել է. եթե առաջ Ղարաբաղի անկախություն ճանաչումն արդեն իսկ փոխզիջում էր Ադրբեջանի հետ բանակցություններում՝ Հայաստանի հետ վերամիավորման փոխարեն, ապա այժմ փոխզիջման այդ առաջարկն այլևս չի գործում: Այժմ փոխզիջման և ոչ մի առաջարկ չի գործում: Ըստ այդմ՝ պաշտոնական Երևանը պետք է դադարի խոսել հայկական կողմի՝ փոխզիջումներին պատրաստակամության մասին, հատկապես՝ դաժան պատերազմի այս ընթացքում: Մեր մարտիկները փոխզիջումների համար չեն կռվում: Եվ եթե Բաքուն առավելապաշտական ձգտումների ունի, ապա մե՛նք Ղարաբաղի խնդիրը պետք է լուծենք «մաքսիմալիզմի դիրքերից»: Ղարաբաղը վաղուց վերամիավորվել է Հայաստանի հետ, և Ղարաբաղի ազատությունն ու անվտանգությունը պաշտպանելը նշանակում է պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային անձեռնմխելիությունը, որոնց պատերազմի միջոցով մարտահրավեր է նետվել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, որոնց մեծապես աջակցում է նաև Իսրայելը:
Մենք ամաչում ենք խոստովանել նաև, որ ղարաբաղյան հիմնախնդրի հետ փոխակերպվել է նաև ազատագրված տարածքների կարգավիճակի հարցը: Եթե 1994թ. այդ տարածքները դեռ կարող էին համարվել բուֆերային և անվտանգության գոտի, ապա հետագա 26 տարիները և այս պատերազմն ավելիով ապացուցեցին, որ ազատագրված տարածքների կարգավիճակի հարցն անքննելի է. դրանք Ղարաբաղի անբաժանելի մասն են այլևս, իսկ Ադրբեջանի հետ հայկական սահմանին ոչ թե այլազգի խաղաղարարները պետք է կանգնեն, այլ՝ հայ սահմանապահները:
Մենք ամաչում ենք խոստովանել, որ հարաբերական խաղաղության երկու տասնամյակի և հեղափոխության երկու տարիների ընթացքում, երբ Ալիևի կոռումպացված իշխանությունը սպառազինում էր Ադրբեջանը, մենք կա՛մ ապավինում էինք մեր «ռազմաքաղաքական դաշնակցին», կա՛մ կաշկանդվում էինք միջազգային կարծիքից՝ ազատագրված տարածքները վերաբնակեցնելու փոխարեն: Մենք մեր ինքնիշխանությունն էինք հանձնում Ռուսաստանին՝ հայկական ներուժը համախմբելու և հայկական գործոնը կյանքի կոչելու փոխարեն:
Մենք ամաչում ենք խոստովանել, որ այս պատերազմում վճռորոշը ոչ թե բանակցություններն են լինելու, այլ պատերազմի արդյունքները, որոնք էլ թելադրելու են հաղթողի պայմանները: Եվ քանի դեռ ռազմաճակատում մենք բեկում չենք մտցրել, քանի դեռ հայկական նոր տարածքները չեն ազատագրվել, այնքան հեռանալու է պատերազմի ավարտը: Մենք ներքաշված ենք պատերազմի մեջ և այդ պատերազմում պետք է վճռական հաղթանակ տանենք: Որքան էլ անսպասելի լինի՝ միջազգային հանրությունը հենց այդ բեկմանն է սպասում վերջնականապես կողմնորոշվելու համար, քանի որ այդ բեկումը մեծապես փոխելու է աշխարհաքաղաքականությունը:
Մենք ամաչում ենք նաև խոստովանել, որ մենք պաշտպանում ենք մեր տարածքները: Այդ տարածքը բանաստեղծորեն կոչվում է հայրենիք, քաղաքական առումով՝ պետություն, իրավական առումով՝ անկախ պետականություն: Մենք ամաչում ենք ասել, որ մենք մեր հայրենիքն ու անկախ պետականությունն ենք պաշտպանում. դա ոչ միայն մեր իրավունքն է, այլև պարտականությունը: Մենք ամաչում ենք խոստովանել, որ մեր պատմական հայրենիքի մեծ մասի կորուստը մեր առջև փակել է տարածքային որևէ միլիմետրի կորստի ճանապարհը: Տարածքը կենսական անհրաժեշտություն է. զավթիչները դրանք գրավում են, հայրենասերները՝ ազատագրում և պաշտպանում:
Աշխարհում բոլոր պատերազմներն էլ ավարտվում են: Ավելի ճիշտ՝ աշխարհում բոլոր պատերազմները ավարտվում են մինչև հաջորդ պատերազմ, քանի դեռ չի ջախջախվել թշնամին, քանի դեռ վճռական հաղթանակը չի պարտադրում հաղթողի պայմաններն ու խաղաղությունը:
Այս պատերազմում հաղթողը հայկական կողմն է լինելու. դա է մեզ վերապահված մեր նախնիների կանչով, հայկական հողում թափվող թանկ արյամբ, զոհվածների և ապրողների խիզախությամբ, ապագա սերունդների երազանքներով, համաշխարհային ազգի մեր առաքելությամբ, հայկական գործոնով և Նախախնամության պատգամով:
Կարծիքներ