Հայր ու տղա նույն վախն ունեն

Հայր ու տղա նույն վախն ունեն

Երբ մի բանից վախենում ես, մթագնում է ուղեղդ,  չես կարողանում համարժեք քայլեր անել։ Այդ առումով ես հասկանում եմ Աշոտ Փաշինյանին։ Փորձենք  նրա վարքագծին հոգեբանական տեսանկյունից նայել։  Մարդկային որակների բոլոր գնահատականները նրա հասցեին  արվել են։ Չեմ պատրաստվում կասկածի տակ դնել այդ գնահատականներից որևէ մեկը, բայց պնդում եմ, որ վախի ազդեցության տակ փոխվում են նաև մարդկային որակները։ Իսկ որ Աշոտ Փաշինյանը վախեցել է, երբ զոհվածի մորից Եռաբլուր անունն է լսել, դա իր խոստովանությունն է։   Նա առևանգում չի որակում այն պահը, երբ համաձայնել է Գայանե Հակոբյանի հետ նստել մեքենա ուղղակի զրուցելու, սակայն անակնկալի է եկել, երբ նա որոշել է առանց իր կամքը հարցնելու ուղևորվել Եռաբլուր։ 

Նախ պետք է հասկանալ, թե Աշոտը ինչու՞ է այդքան վախենում Եռաբլուրից, առավել ևս, երբ,  ինչպես իր ծնողներն են ասում, քաջաբար կռվել է 44-օրյա պատերազմում։ Ի՞նչն է նրան ենթագիտակցորեն վախեցնում՝ ինչ որ բան կբացվի՞, ինքն իրեն մեղավո՞ր է համարում, որ նրանք չկան, Եռաբլուրի տղաների ծնողների վրեժխնդրությունի՞ց է վախենում։ Նրա համար ի՞նչ տարբերություն, թե զրույցը Գայանեի ո՞ր տանը կլինի՝ Եռաբլուրու՞մ, թե՞ մյուս տանը։ Ինչու՞ է նա այնքան ահաբեկվել, որ մեքենայից իրեն դուրս է նետել։ Ի՞նչ գիտի նա իր մասին, որ մյուսներս չգիտենք։  
Հասկանալ է պետք, թե ինչու՞ Աշոտիկի հայրը մտածել է, որ Եռաբլուրում զրուցելը «վատ հետևանք կունենար»։ Եթե այդպես է մտածել, ուրեմն ենթագիտակցորեն  ընդունում է, որ տղաները  Եռաբլուրում «պառկած են» իր մեղքով։ Եթե ոչ, ինչու՞ է սարսափ գցել Աշոտիկի սիրտը։ Ինչու՞ է տղան ապրում նույն վախով, ինչ հայրը։ Հիմա կասեք՝ հայրը չի վախենում և ուժայիններով, թիկնապահներով, զոհվածների ծնողներին տրորելով Եռաբլուր է գնում։

Սա այլ տեսակի վախ է։ Ես գոնե չեմ հիշում մի օր, երբ հաղթող նախագահներից որևէ մեկը Եռաբլուր գնա ու ծունկ ծալելու այնպիսի մի «սրտաճմլիկ» արարողություն անի, ինչպես Նիկոլ Փաշինյանը։ Նրանք գնացել  են զինվորականի պես՝ գլխները բարձր, հպարտ։ Նրանք գիտեին զինվորի հարգը, պատիվը։ Նրանք ժողովրդին ցույց տալու բան չունեին, որ  թե ծնկի են գալիս, որովհետև զինվորը նրանց համար ամեն ինչից վեհ է։ Նրանք գիտեին, որ դրա մեջ ոչ ոք իրենց չի կասկածում։ Իսկ զոհվածների ծնողներին տրորելով Եռաբլուր մտնող արշավախումբը վախ ունի։ Վախ, որ իրեն չեն հավատում, վախ, որ չբացված փակագծեր կան  ու միայն իրենք են տեղյակ․․․ Գուցե հոր վա՞խն է փոխանցվել Աշոտիկին։ 

Հայր ու տղա նույն վախն ունեն՝ տարբեր դրսևորումներով։ Իսկ դրա համար զոհվածի մայրը մեղավոր չի։ 
Հիշեցնենք, որ դատարանը 1 ամիս 15 ժամկետով կալանավորեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Մարտիրոսյանին Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով։