«Վրացական երազանքը» նոր նախագահ ունի. խորհրդարանի նախկին նախագահն է

«Վրացական երազանքը» նոր նախագահ ունի. խորհրդարանի նախկին նախագահն է

Վրաստանին խորհրդարանի նախկին նախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Իրակլի Կոբախիձեն ընտրվել է իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ։

Հաղորդում է վրացական «1tv.ge» կայքը։

Կուսակցության 6-րդ համագումարին մասնակցած շուրջ 400 պատվիրակ միաձայն կողմ քվեարկեց Կոբախիձեի թեկնածությունը:

««Վրացական երազանքը» կշարունակի Իվանիշվիլիի աշխատանքը՝ դրա թիկունքում ունենալով երկար տարիների փորձ և ուժեղ առաջնորդներ»,- Թբիլիսի քաղաքապետ, Վրաստանի ազգային հավաքականի և իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի նախկին պաշտպան Կախա Կալաձեի խոսքերն է մեջբերել «Էխո Կավկազա» ռադիոկայանը:

Ներկայացնելով Կոբախիձեի թեկնածությունը՝ Թբիլիսիի քաղաքապետը նշել է. «Իմ հին գործընկերը, ընկերը և իսկապես բարի մարդը՝ Իրակլի Կոբախիձեն, կղեկավարի մեր նորացված թիմը: Իհարկե, Իվանիշվիլիի մասշտաբի առաջնորդից հետո շատ դժվար է զբաղեցնել այս պատասխանատու պաշտոնը: Այնուամենայնիվ, եթե ինչ-որ մեկը կարող է ղեկավարել այս գերազանց թիմը, որը թողել է պարոն Բիձինան, և պաշտպանել բարձրագույն շահերը, Իրակլի Կոբախիձեն է»:

Կոբախիձեն իր խոսքը սկսել է կուսակցության նախկին նախագահ, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին ուղղված շնորհակալական խոսքով՝ նշելով, որ 2012-ին Իվանիշվիլին «հաղթեց ստի և բռնության վրա հիմնված ռեժիմին և հիմք դրեց նոր ժողովրդավարական կարգի, որը մեր երկրին և ժողովրդին բերեց ազատություն, խաղաղություն և անվտանգություն: Մինչ օրս նա մեր երկրի ազատության, խաղաղության և անվտանգության գլխավոր երաշխավորն էր: Եվ նրա քաղաքականությունից հեռանալը մեծ մարտահրավեր էր մեր կուսակցության համար»:

««Վրացական երազանքը» դրսեւորվում է երեք հիմնական ուղղություններով. առաջինը միացյալ Վրաստանն է, ֆիզիկական ու ոգեղեն: Ֆիզիկապես՝ նշանակում է աբխազների և օսերի հետ միասին, ոգեղեն՝ նշանակում է Վրաստան, որում մարդիկ ոչ թե բաժանվում են ատելությամբ, այլ միավորված են սիրով: Մեր վրացական երազանքը Վրաստանի բարգավաճումն է եվրոպական մակարդակում՝ ուժեղ քաղաքներով ու գյուղերով, Վրաստան, որում որևէ մեկն աղքատ չի ապրի: Մեր վրացական երազանքն է նաև դառնալ եվրոպական և եվրաատլանտյան ընտանիքի լիիրավ անդամ»,- ընդգծել է նորընտիր կուսակցապետը:

Հունվարի 11-ին Վրաստանի նախկին վարչապետ Իվանիշվիլին հայտարարեց կուսակցության նախագահի պաշտոնից ու քաղաքականությունից հեռանալու մասին՝ իր առաքելությունը համարելով ավարտված։ Այսօրվա համագումարին նա չէր մասնակցում։

«Վրացական երազանք»-ը 150 խորհրդարանական տեղերից ունի 89-ը:

Իրակլի Կոբախիձեն «Վրացական երազանք» կուսակցության ազդեցիկ դեմքերից մեկն է։ 2016 թվականից մինչև 2019 թվականի հունիսը զբաղեցնում էր Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնը, սակայն կամավոր հրաժարական տվեց Թբիլիսիում ստեղծված լարված իրավիճակի պատճառով՝ կապված Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Սերգեյ Գավրիլովի հետ, երբ արմատական ​​ընդդիմության մի քանի հազար ներկայացուցիչներ փորձեցին ներխուժել խորհրդարան՝ բողոքելով Վրաստան կատարած նրա այցի դեմ: