Քաղաքականություն

«Հրապարակ». Իշխանությունում հո չե՞ն հավաքվել այս երկրի ու պետության թշնամիները

«Հրապարակ». Իշխանությունում հո չե՞ն հավաքվել այս երկրի ու պետության թշնամիները

Հայաստանում ամենաառանցքային պաշտոններից մեկն ուղիղ մեկ ամիս է՝ թափուր է։ Քրիստինե Գրիգորյանի հրաժարականից հետո մարդու իրավունքների պաշտպանի հավակնորդ այդպես էլ չի գտնվում։ Այսօր լրանում է Գրիգորյանի հրաժարականի մեկամսյակը, սակայն ո՛չ Գրիգորյանն է նոր պաշտոնի նշանակվել, ինչի համար թողեց ամենահեղինակավոր ՄԻՊ-ի պոստը, ո՛չ էլ թափուր տեղն է համալրվել։

Օրենքն ասում է, որ պաշտպանի պաշտոնը թափուր մնալուց սկսած՝  առաջին տասնօրյակում թեկնածու առաջադրվելու իրավունքը պատկանում է խորհրդարանական խմբակցություններին, այնուհետ թեկնածուներ կարող են ինքնառաջադրվել երկրորդ տասնօրյակում։ Եթե երկու տասնօրյակում առաջադրումներ չեն լինում, ապա պաշտոնավարումն իրականացնում է ժամանակավոր պաշտոնակատարը, մինչեւ խորհրդարանը նոր ՄԻՊ կընտրի։ 

Քրիստինե Գրիգորյանի հրաժարականից հետո արդեն 2-րդ ժամանակավոր պաշտոնակատարն է նշանակվում։ Նախ այդ պաշտոնը զբաղեցրեց ՄԻՊ աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը, քանի որ «ՄԻՊ-ի մասին» օրենքով` մինչեւ նոր պաշտպանի ընտրությունը պետք է նրա պարտականությունները կատարի աշխատակազմի դեպարտամենտի տարիքով ամենամեծ ղեկավարը: Դրանից հաշված օրեր հետո աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում եւ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանը ժամանակավոր պաշտոնակատար դարձավ։ 

Օրենքը նաեւ հստակ ժամկետ է նախատեսում՝ ՄԻՊ պետք է ընտրվի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում, այսինքն՝ ամենաուշը ապրիլի 23-ին Հայաստանը ՄԻՊ կունենա։ Անցած երեսուն օրերի ընթացքում այս պաշտոնի համար մի շարք թեկնածունների անուններ սպրդեցին դաշտ՝ սոցապփոխնախարար, բնապահպանության փոխնախարար, Արտակ Զեյնալյան եւ այլք։  Սակայն տարբեր պատճառաբանություններով առաջադրումներ այդպես էլ չեղան, նախնական թեկնածուին՝ սոցապփոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանին փոխկապակցված անձանց կենսագրության մեջ անցանկալի փաստեր էին հայտնաբերվել, նրա թեկնածությունից իշխանությունը հրաժարվեց, Արտակ Զեյնալյանը երկմտում է, Գայանե Աբրահամյանը, ասում են՝ հրաժարվել է, եւ այսպես շարունակ։ 

Փաստն այն է, որ  իշխող ֆրակցիան չօգտագործեց թեկնածու առաջադրելու իրավասությունը՝ գոնե ձեւական ցույց տալու համար, որ խորհրդարանում հավաքվածներն այնքան էլ ուսապարկ չեն ու երբեմն կարողանում են նաեւ որոշումներ կայացնել, թեպետ  հասկանալի է, որ այդ որոշումը լինելու էր Փաշինյանի համաձայնությամբ։ Եվ ընդհանրապես, ՄԻՊ-ի չնշանակվելը, մեծ հաշվով, խայտառակություն է, այն խոսում է կադրային բանկի սնանկության եւ այս ինստիտուտի վարկաբեկման մասին։ 
ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանից երեկ հետաքրքրվեցինք՝ ի՞նչն է պատճառը, որ իշխանությանը չի հաջողվում նոր ՄԻՊ ընտրել։ «Այս պահին հստակ որոշում չունենք, բայց այս պահի մասին է խոսքը, որովհետեւ մենք քննարկում ենք այս հարցը, երբ որոշում ունենանք, կհայտնենք»,- ասաց նա՝ չցանկանալով այլ հարցերի պատասխանել։ 
«Մարդիկ կարող են, չէ՞, մտածել, որ եթե մի պաշտոնի հարց չեք կարողանում լուծել, ո՞նց եք երկրի հարցերը լուծելու»,- հարցրինք մեկ այլ ՔՊ-ականի՝ պատգամավոր Հակոբ Ասլանյանին։ «Մարդիկ ինչ ուզում են, թող ասեն, հա՞․․․Պետությունը «էսպես կասեն, էնպես կասեն»-ով չի կառավարվում, պետությունն ունի իր առջեւ դրված որոշակի գործառույթներ եւ դրանք կատարում է․ մի բանը՝ մի քիչ ուշ, բայց կատարելու է։ Ի՞նչ կարիք կա շտապողականություն դրսեւորել, հատկապես որ չես ուզում սխալներ գործել», -ասաց նա։ Հատկապես որ նախկին ՄԻՊ-ի հարցում սխալվել էիք՝ այդ պատասխանատու պաշտոնին գործուղեցիք մեկին, որը գայթակղվեց այլ պաշտոնով։ «Ո՞վ է ասում՝ սխալվեցինք, սխալվելն այն կլիներ, որ մարդն ընտրվելուց հետո չկատարեր իր պարտականությունները։ Բայց չէ՞ որ մարդն աշխատել է։ Քի՞չ է եղել, որ ընդունվել եք մի գործի, բայց ցանկություններն ու հնարավորությունները չեն համապատասխանել, թողել-դուրս եք եկել»։ ՔՊ-ականը չի կարող ասել՝ Հայաստանում կա՞ն ճանաչված, պրոֆեսիոնալ իրավաբաններ, որոնք կհամաձայնեն այս իշխանության օրոք ՄԻՊ աշխատել։ «Երբ կլինի թեկնածու, նոր մեր գնահատականները կտանք՝ արժանավո՞ր է, թե՞ ոչ», եւ նեղսրտեց մեր հարցերից․ «Չի կարելի ամեն մի խնդրի պատճառով փորձել  հեղինակազրկել քո երկիրը, քո իշխանությանը, քո կառավարությանը։ Իշխանությունում հո չե՞ն հավաքվել այս երկրի ու պետության թշնամիները։ Երբ մեր զավակները որեւէ սխալ են անում, մենք մորթո՞ւմ ենք իրենց, թե՞ փորձում ենք ուղղել, ճշտել, խորհուրդներ տալ, նույնն էլ իշխանության հանդեպ պիտի լինի»։

ՀԳ․ Նույն անկարող վիճակում է նաեւ ընդդիմությունը, այստեղ էլ իրենց անգործությունը փորձում են արդարացնել նրանով, որ ում էլ առաջադրեն, ՔՊ-ականները դարձնելու են թնդանոթի միս, եւ ընտրվելու շանս չի ունենալու։ Սակայն ընդդիմությունը նրա համար է, որ այլընտրանք առաջարկի հանրությանն ու քաղաքական օրակարգ թելադրի։

Լուսինե

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image