«Ավագ» թուրքերն ուզելո՞ւ են, որ «կրտսեր» թուրքերը լինեն ԵԱՏՄ-ում․ Արա Գասպարյան

«Ավագ» թուրքերն ուզելո՞ւ են, որ «կրտսեր» թուրքերը լինեն ԵԱՏՄ-ում․ Արա Գասպարյան

Հիմնականում քաղաքական ուժերը չեն հավատում, որ հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Հայրենիքի փրկության շարժումը ներկայացնող «Ազգային օրակարգ» կուսակցության Գործադիր մարմնի քարտուղար Արա Գասպարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ խորհուրդը դեռ որոշում չի ընդունել հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ 

«Հստակ չէ, ընտրությունները կլինե՞ն, թե՞ չեն լինի։ Փաշինյանն է, կարող է առավոտ ասել. «Փիս էրազ եմ տեսել, ընտրություններ չեմ անելու։ 101 տարի մնա, իրեն ընտրություններ պետք չեն։ Ընտրություններ անում է զուտ, որ երկիրն էլ չի կարողանում կառավարել։ Փորձում է լրացուցիչ ինչ-որ բաներ ստանալ, լեգիտիմություն, որպեսզի ծրագրերը, որ իր առջև դրված են, իրականացնի։ Այդ ծրագրերը պարզ են» - նշեց քաղաքական գործիչը։

- Պարո՛ն Գասպարյան, կուսակցաշինական աշխատանքներն ինչպե՞ս են ընթանում, նոր գրասենյակներ բացե՞լ եք, որտե՞ղ ունեք գրասենյակներ։

- Երևանում, Վանաձորում ունենք գրասենյակներ։ Դեռևս նոր գրասենյակներ չենք բացել։ Այդ պրոցեսը կարագացնենք, եթե ընտրություններ հայտարարվեն, եթե չէ, չէ։ Այսինքն, աստիճանական կանենք այդ պրոցեսը։

- Կուսակցությանը նոր անդամակցություններ լինո՞ւմ են, քանի՞ անդամ ունեք։

- Լինում են։ Երիտասարդներ են միանում։ Քանի՞ անդամ ունենք, չեմ կարող ասել, թիվը չեմ հիշում հիմա։ Անդամության հարցերում փորձում ենք խիստ լինել։ Ներգրավում ենք ազգային տեսակով երիտասարդների, անձանց։ Եվ մեր կուսակցության անդամներով միշտ հպարտանում ենք։ Արժանավոր մարդիկ են, մենք չենք փորձում դառնալ մասսայական կուսակցություն։ 

- [Լեռնային Ղարաբաղի համակարտությամբ զբաղվող] Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ [13.04.2021] հանդես եկան, խոսեցին հնարավոր բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին, կողմերին կոչ արեցին պայմաններ ստեղծել, խորհրդատվություն կազմակերպելու մասին խոսեցին։ Նաև նշեցին «կողմերին հայտնի տարրերը և սկզբունքները»։ Ի՞նչ հասկացաք այդ հայտարարությունից։

- Մինսկի խմբի ֆորմատը պատերազմի ընթացքում բավական պասիվ էր։ Հիմա թուրքերն են օբյեկտիվ, հասկանալի պատճառներով ակտիվ մտել կարգավորման մեջ։ Մինսկի խմբի համանախագահ երկրները կրկին փորձում են պրոցեսները վերցնել իրենց վերահսկողության տակ։ Թե ո՞ւր կտանի, դժվարանում եմ ասել։ Բնականաբար մենք չպետք է թողնենք, որ Թուրքիան ակտիվ մասնակցի այդ պրոցեսներին։ Բայց դե Ադրբեջանն արդեն մտցրել է թուրքերին այդ գործընթացների մեջ։ Թուրքիան հայտնվել է տարածաշրջանում, ունի ռազմական ներկայություն, մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի վրա։ Մի խոսքով, այդ տեսակետից՝ համանախագահները, կարծում եմ, փորձում են պրոցեսը բերել իրենց համար վերահսկելի ռելսերի վրա։ Մենք՝ որպես պետություն, այս իրավիճակում ի՞նչ պետք է անենք. սա է խնդիրը, որ պետք է մտահոգի։ Թե չէ համանախագահներն էս կասեն, էն կասեն։ 

- Պարո՛ն Գասպարյան, նաև խոսվում է, որ Ադրբեջանը կարող է մասնակցել ԵԱՏՄ նիստին, որ ապրիլի վերջին պետք է տեղի ունենա։ Այս մասով ի՞նչ կարծիք ունեք։

- Ես էլի եմ ասել ԵԱՏՄ-ի հետ կապված. հիմա իրենք մի բանը երբ հայտարարում են, իրականում չգիտենք Ադրբեջանի մտադրությունը։ Ադրբեջանը պատրաստվո՞ւմ է դառնալ ԵԱՏՄ անդամ, քանի որ Ադրբեջանը, գաղտնիք չէ, որ այսօր թուրքական ազդեցության տակ է։ «Ավագ» թուրքերն ուզելո՞ւ են, որ «կրտսեր» թուրքերը լինեն այդ կառույցում։ Մի խոսքով, իրադարձությունները ցույց կտան։ Հայտարարությունների մակարդակով, կարծես թե, հա, որոշակի միտումներ նկատվում են, ցանկություններ Ադրբեջանի կողմից։ Իրականում ի՞նչ են խաղալու, դժվար է ասել։

- Իսկ ըստ Ձեզ՝ Ռուսաստանը, Բելառուսը, նաև ԵԱՏՄ անդամ մյուս պետությունները, որոնցից կան նաև Թյուրքական խորհրդի անդամներ [Ղազախստան, Ղրղզստան], շահագրգռվա՞ծ են, որ Ադրբեջանը դառնա ԵԱՏՄ անդամ։

- Կարծում եմ՝ այո։ Մենք գիտենք բելառուսա-ադրբեջանական շատ ջերմ հարաբերությունների մասին, որի մասին էս վերջերս Բաքվից խոսեց Լուկաշենկոն։ Մնացածի մասին չեմ ասում, որովհետեւ «թյուրքական» աշխարհում գնում են ինտեգրացիոն պրոցեսներ։ Այդ մեծ համապատկերից ելնելով պետք է հասկանալ՝ Ադրբեջանը մասնակցելո՞ւ է ԵԱՏՄ-ին, թե՞ ոչ, որովհետեւ այսպես կոչված թյուրքական աշխարհում ինտեգրացիոն պրոցեսներ ընթանում են՝ Թուրքիայի գլխավորությունը։ Հիմա սա լինելո՞ւ է ադրբեջանական արտաքին քաղաքականության առաջնայնություններից, թե՞ միայն որոշելու են այնուամենայնիվ չմասնակցել։ Դժվարանում եմ ասել։ «Թյուրքական» աշխարհում ինտեգրացիոն պրոցեսներ են գնում, խոսում են համատեղ բանակի մասին։ Ադրբեջանն էլ, ըստ էության, Թուրքիայի համար պլացդարմ է Միջին Ասիայում իր ազդեցությունն ավելացնելու, սա ակնհայտ է։ Մեղրիի միջանցք, բան, այդ ամեն ինչը պետք է այդ համատեքստում դիտարկել։