Շտկումներ են մտցրել թեստերի պատասխաններում

Շտկումներ են մտցրել թեստերի պատասխաններում

Մի քանի օր է՝ մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Համաձայն ԳԹԿ-ի, բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար Գնահատման եւ թեստավորման կենտրոնը ստացել է 11 հազար 606 հայտ, ինչը նախորդ տարվա համեմատ 2 հազարով ավելի է:

Հիշեցնենք, որ 2022 թվականից, ՀՀ կառավարության որոշմամբ, ԳԹԿ-ն ընդունելության քննությունները կազմակերպում է երկու փուլով: Առաջին փուլը հունվար-փետրվար ամիսներին անցկացված միասնական քննություններն են, երբ դիմորդն իր նախընտրած առարկաներից հանձնում է միայն միասնական քննություններ՝ առանց բուհ եւ մասնագիտություն նշելու: Երկրորդ փուլում բոլոր դիմորդները, անկախ առաջին փուլի արդյունքներից, անպայման հայտագրվում են ԳԹԿ-ի dimord.am կայքում՝ ընտրելով բուհը եւ մասնագիտությունը։

Նախօրեին դիմորդները քննություն են հանձնել «Քիմիա» եւ «Ռուսերեն» առարկաներից։ Սակայն ԳԹԿ էջում «Քիմիա» առարկայի թեստերն ու ճիշտ պատասխանները ներկայացնելուց հետո շատ օգտատերեր դժգոհել են եւ գրառումներ արել՝ նշելով, որ թեստերում, պատասխաններում սխալներ կան, ուստի տպագրական սխալների պատճառով հնարավոր է միավորներ կորցրած լինեն։

Պարզվել է՝ տեխնիկական խնդրի պատճառով ոչ թե թեստերը, այլ պատասխանները,  հրապարակվել են սխալով։ Այդ հանգամանքով պայմանավորված, խնդիրը լուծվել է հօգուտ դիմորդների, արդյունքում բոլոր դիմորդներին միավոր է տրվել։