Եվրոպացիների հետ ընդհանուր հայտարարի չեն գալիս 2,6 մլրդ եվրոյի հարցում

Եվրոպացիների հետ ընդհանուր հայտարարի չեն գալիս 2,6 մլրդ եվրոյի հարցում

Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանին տրամադրված ԵՄ 2,6 մլրդ եվրոյի մասով ոչ մի հստակություն չկա։ Բանակցությունները ԵՄ ներկայացուցիչների հետ ընթանում են հուլիսից։ Անցել է երեք ամիս, սակայն պաշտոնապես հաստատված միակ ծրագիրը «Հյուսիս-հարավն» է։ Այս մայրուղու՝ Սյունիքի մարզն ընդգրկող հատվածի համար Եվրամիությունը շուրջ 600 մլն եվրո է տրամադրելու։

«Եվրամիությունն իր հերթին ֆինանսավորման աջակցման ցանկություն է հայտնել «Հյուսիս-հարավ»-ի հարավային հատվածը ֆինանսավորելու ուղղությամբ, եւ եթե չեմ սխալվում, շուրջ 600 միլիոն եվրոյի մասին է խոսքը, որը բավականին մեծ գումար է եւ մեզ թույլ կտա, քանի որ մենք արդեն ունենք նախագծանախահաշվային փաստաթղթերը, եւ արդեն իսկ կառավարությունը որոշում ուներ, ամեն ինչ պետք է անենք՝ օգոստոս ամսվա դրությամբ մրցույթ հայտարարել: Հիմա մեր խնդիրը ֆինանսական աղբյուրներն ավելի հստակեցնելն է, որ կարողանանք պրոցեսն արագացնել»,- ասաց Սուրեն Պապիկյանը:

Հայտնի չէ, թե գումարի որ տոկոսն է վարկ, իսկ որն է տրամադրվելու անհատույց, եվրոպացիներին ինչ ծրագրեր է առաջարկել Հայաստանի կառավարությունը, ինչ պայմաններ են առաջադրում եվրոպացիները։ Անգամ հայտնի չէ, թե եվրոպացիների հետ բանակցությունները որքան են տեւելու։  
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իմքայլական Արման Եղոյանը, որը մասնակցում է բանակցություններին, կարծում է, որ մինչեւ դեկտեմբեր որոշ հարցեր կպարզվեն։ «Հրապարակի» հետ զրույցում նա հայտնեց, որ այս պահին ինտենսիվ բանակցություններ են գնում։ «Ծրագրի ուղեգիծը հուլիսի 2-ին է հաստատվել։ Սա 5 տարվա ծրագիր է, բարդ համակարգ է»,- ասում նա։

Մեր կառավարությունն ունի՞ արդյո՞ք կոնկրետ ծրագրեր, որոնք դրել է եվրոպացիների առաջ։ «Ունի, բայց դա աշխատանքային քննարկման փուլում է։ Վարչապետի մոտ են այդ հարցերը քննարկվում, հենց հիմա հստակեցման փուլում են ծրագրերը, բայց դեռ համաձայնեցված չեն եվրոպացիների հետ։ Այնքան լայն սպեկտր են իրենք նշել՝ տուրիզմից մինչեւ գյուղատնտեսություն եւ բնակարանաշինություն, որ դրա հստակեցումը ժամանակ է պահանջելու»։

Արման Եղոյանի կարծիքով՝ կարեւոր չէ, թե գումարի որ մասն է վարկ, որը՝ գրանտ, որքանով է այս վարկն ավելացնելու ՀՀ արտաքին պարտքը, որն առանց այդ էլ վտանգավոր նշաձողի վրա է։ «Կարեւորն այն է, որ վարկային մասն օգտագործվի կապիտալ ծախսերի վրա, որ հետո հետ գա այդ կապիտալ ծախսերից»։ Իսկ եվրոպացիները պահանջո՞ւմ են, որ ծրագրերի պարտադիր բաղադրիչը եվրոպական մասնագետների խորհրդատվությունները լինեն, որ գումարների մի մասն աշխատավարձի տեսքով հետ գնա ԵՄ։ «Հնարավոր է, որ IT ոլորտի կամ գյուղատնտեսության համար պետք լինի, բայց քանի որ համաձայնեցված չէ, ճիշտ չէ, որ ես աշխատանքային թղթերը պատմեմ»։ 

Հիշեցնենք, որ ԵՄ ծրագրով, ընդհանուր առմամբ, 17 մլրդ եվրո ներդրում է կատարվելու Արեւելյան գործընկերության երկրներում։ Ադրբեջանը համարյա ոչինչ չի ստացել՝ ընդամենը 140 հազար եվրո։ Դեռեւս հուլիսին կառավարությունը հայտարարում էր, որ Հայաստանին 2.6 եվրոն տրամադրվելու է անհատույց դրամաշնորհի, արտոնյալ վարկերի, վարկերի համաֆինանսավորման ու երաշխիքների տեսքով եւ օգտագործվելու է 5 ուղղություններով՝ պատերազմից տուժած Սյունիքի դիմադրողականության ամրապնդում, «Հյուսիս-հարավ» մայրուղու եւ աջակցող ենթակառուցվածքների կառուցում, Հայաստանի հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացում, թվային կառավարման եւ նորարարության խթանում, Երեւանի զարգացում՝ որպես կանաչ եւ խելացի քաղաք: