Քաղաքականություն

Բաց է մնում մի շատ կարևոր հարց

Բաց է մնում մի շատ կարևոր հարց

Պետության հայեցակարգը, որը շրջապատված է թշնամական էթնո քաղաքական միավորներով (որոնց  ռազմավարական նպատակը տվյալ պետության ոչնչացումն է) պետք է հենվի բացառապես տոտալ դիմադրության դոկտրինի վրա։

Իհարկե, հարց է առաջանում, իսկ ինչու՞ չի կարելի «բարիշել» նրանց հետ, ովքեր ցանկանում են ձեզ ոչնչացնել։ 

Շատ պարզ պատճառով` հակամարտող կողմերի համատեղ գոյության սկզբունքները կառուցվում են ոչ թե կողմերից մեկի «հաշտվելու» պացիֆիստական ցանկության վրա, այլ բացառապես կողմերի միջև ուժային, տնտեսական, քաղաքական և դիվանագիտական հավասարակշռության շուրջ։ 
Եթե այն կողմը, որին ուզում են ոչնչացնել, «խաղում» է «թույլի» դիրքերից՝ փորձելով զիջումներով սիրաշահել պոտենցիալ ագրեսորին, ապա այդ կողմն անխուսափելիորեն կոչնչացվի։ 
Թուրք-ադրբեջանական տանդեմի հետ Հայաստանի հարաբերությունների համատեքստում փաշինյանական իշխանությունն ըստ էության վարում է Հայաստանը ոչնչացնելու (թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները կատարելով) քաղաքականություն։ 

Ընդ որում, Հայաստանի ներկայիս իշխանություններին չի անհանգստացնում անգամ այն փաստը, որ Հայաստանի ոչնչացումը նույն Թուրքիայի և Ադրբեջանի հրապարակավ հնչեցրած դոկտրինն է։ 
Տվյալ դեպքում մեզ համար հատկանշական է Իսրայելի օրինակը, որն իր պետական դոկտրինում սևով սպիտակի վրա ձևակերպել է իր երկրի գոյատևման միակ հնարավոր տարբերակը։ 
Մեջերեմ մի հատված Իսրայելի անվտանգության դոկտրինից։ 

Ի դեպ, հեղինակը Դավիթ Բեն-Գուրիոնն է, Իսրայելի նախկին վարչապետ:

Եվ այսպես...

«Իսրայելը կանգնած է իրեն շրջապատող թշնամական պետությունների երկարաժամկետ էքզիստենցիալ սպառնալիքի առջև։ Իսրայելը միշտ պետք է պատրաստ լինի դիմադրելու, քանի որ չի կարող իրեն թույլ տալ պարտվել ոչ մի պատերազմում:
Պետք  է ընդունել, որ Իսրայելի և արաբական երկրների միջև բոլոր ռազմական բախումները շարունակական անվերջ պատերազմ են։

Իսրայելը, իր չափերի և գտնվելու վայրի պատճառով միշտ պայքարելու է բնորոշ աշխարհագրական և ժողովրդագրական անհամաչափության դեմ: Ուստի Իսրայելի մշտական բանակը պետք է պատրաստ լինի արձագանքել ցանկացած սպառնալիքի սցենարին, քանի դեռ պահուստները չեն գործի դրվել։  
Ռազմաօդային ուժերը պետք է նաև ժամանակ և տարածք տրամադրեն պահուստները մոբիլիզացնելու համար:

Իսրայելական հետախուզությունը պետք է գերազանց լինի, որպեսզի կարողանա կանխատեսել նոր սպառնալիքներ և վաղ նախազգուշացում տրամադրել: 
Պատերազմի դեպքում Իսրայելը պետք է կռվի մեջ մտնի թշնամու տարածքում, որպեսզի կանխի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը և փորձի կրճատել ցանկացած հակամարտության տևողությունը»:

«Իսրայել» բառը փոխեք Հայաստանի, իսկ «արաբական երկրները»՝ թուրք-ադրբեջանական տանդեմի, և կարելի է համարձակորեն վերցնել այս հայեցակարգը՝ որպես միակ ճշմարիտ հայ ժողովրդի և Հայաստանի ֆիզիկական և քաղաքական գոյատևման համար:

Իհարկե, Իսրայելը դե ֆակտո թշնամական երկիր է Հայաստանի նկատմամբ, բայց մեզ պետք է առաջին հերթին հուզական ֆոնը մի կողմ դնելով` սովորել վերցնել ամեն անհրաժեշտն ու կարևորը պետություն կառուցելու իսրայելական փորձից։ 

Եվ ամփոփելով վերը նշվածը, միևնույն է, բաց է մնում մի շատ կարևոր հարց։ 
Ինչու՞ է փաշինյանական իշխանությունը, չնայած թուրք-ադրբեջանական տանդեմի բացահայտ թշնամական և Հայաստանի Հանրապետության գոյությանը սպառնացող պահանջներին, այնուամենայնիվ սպասարկում Ադրբեջանի և Թուրքիայի շահերը։
Ինչու:

Արման Աբովյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image