Հրաժարվելով նոյեմբերի 9-ի փաստաթղթից՝ Հայաստանը կփակի նաև նիկոլիզմի էջը

Հրաժարվելով նոյեմբերի 9-ի փաստաթղթից՝ Հայաստանը կփակի նաև նիկոլիզմի էջը

Այն, ինչ կատարվում է այսօրվա Հայաստանում, ոչ միայն այն մասին չէ, որ Հայաստանը դուրս է գալիս անորոշությունների եւ չկողմնորոշվածությունների շրջափուլից եւ վերադառնում է պետականաշինության բնականոն հուն, այլ եւ ճիշտ հակառակը` վկայությունն է այն բանի, որ Հայաստանի ներկայիս վարչախումբն ու աշխարհաքաղաքական ուժի որոշ կենտրոններ, ձեռք-ձեռքի տված, ավարտում են Հայաստանի Հանրապետության կապիտուլացումը: Ուղղակի փոքրացնելու համար համաժողովրդական ցասում առաջացնելու ունակ «կապիտուլացման գործընթացի ներուժը»՝ նրանք որոշել են հնարավորինս երկարաձգել նրա «կապիտուլացվելու ժամանակը»: Ընդ որում, դա նրանք անում են հայաստանյան հասարակությանն ու հայ ժողովրդին այն միտքը ներշնչելու միջոցով, որ եթե նրանք փորձեն Հայաստանում կենսունակ պետություն կառուցել, ապա այդպիսի պետության փոխարեն պատերազմ կստանան:

Ասվածի լավագույն վկայությունը Փաշինյան Նիկոլի «Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել նոր պատերազմ սանձազերծելու հնարավորությունը» հայտարարությունն է: Հարցն այն է, որ՝ ով-ով, բայց Նիկոլ Փաշինյանը, որպես այս երկրի ղեկավար, ամենալավը պետք է իմանա, որ Ադրբեջանը ոչ թե այսօր է այդպիսի քաղաքականություն որդեգրել, այլ այդ քաղաքականությամբ ղեկավարվել է արցախյան հակամարտության առաջին օրվանից սկսած: Ինչպես երեկ ու այսօր է ամեն ինչ արել եւ անում, այնպես էլ վաղն է ամեն բան անելու, որպեսզի Հայաստանում կենսունակ պետություն չկառուցվի: Եվ քանի դեռ իր համար կենսական նշանակություն ունեցող այդ հարցն Ադրբեջանը կարողանում է լուծել պատերազմի սպառնալիքով, նա դա կանի սպառնալիքով: Իսկ երբ Ադրբեջանում հասկանան, որ կարող են հարցը լուծել միայն պատերազմելով, ուրեմն կլուծեն պատերազմով: Եվ, ինչպես ցույց տվեց 44-օրյա պատերազմը, ոչ մի նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, ոչ մի «տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու մասին» մոլորություն չեն կարող կանգնեցնել նրանց:

Այս առումով երկրի վարչապետը շատ ավելի օգտակար բան արած կլիներ, եթե նոյեմբերի 9-ի փաստաթղթով կամ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու մասին հայտարարություններով պատերազմը հեռացնելու իր փորձերին զուգընթաց, երբեմն-երբեմն «չզիջվողի» սահմանները ճշտելու եւ պահելու մասին մտածեր: Իսկ որ դրա անհրաժեշտությունը կա, երեւում է հայ-ադրբեջանական հարաբերություններում ընթացող զարգացումների տրամաբանությունից:

Տրամաբանություն, որով եթե չեն հատվել, ապա անպայման կհատվեն բոլոր այն սահմանները, որոնցից այն կողմ էր միայն, որ իմաստ եւ բովանդակություն էին ստանում նոյեմբերի 9-ի փաստաթղթին հավատարիմ մնալու Հայաստանի ջանքերն ու զոհողությունները: Իսկ այն, ինչը որ զիջվել է մինչ օրս, առավել եւս այն, ինչը զիջելու իր եւ իր թիմի պատրաստակամության մասին ամենօրյա ռեժիմով հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, դա Հայաստանի եւ հայ ժողովրդի մոտ ոչ թե նոյեմբերի 9-ի հայտարարությանը հավատարիմ մնալու, այլ դրանից օր առաջ հրաժարվելու համոզմունք է առաջացնում:

Այս առումով, ինչպես Նիկոլ Փաշինյանն ու իր վարչախումբը, այնպես էլ նրանց հովանավորները պետք է լավ հասկանան, որ հայ ժողովուրդն ու Հայաստանն այս վարչախմբին հանդուրժում են միայն նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում մնալու, բայց ո՛չ ամենեւին դրանից այն կողմ անցնելու պայմանով:

Իսկ եթե ստացվի այնպես, որ թշնամին եւ նրան հովանավորող շրջանակները, հաշվի առնելով Փաշինյանի վարչախմբի գործելակերպը, փորձեն Հայաստանից կորզել ավելին, քան նա կարող է տալ, ապա պետք է վստահ լինեն, որ աշխարհասփյուռ հայությունն ու Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նոյեմբերի 9-ի փաստաթղթից հրաժարվելու, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի վարչախմբին իշխանությունից հեռացնելու միջոցներ ու ճանապարհ անպայման կգտնեն:

Գալուստ Սարգսյան