Քաղաքականություն

«Հրապարակ». Ինչպես գլխավոր դատախազն ու ՔՊ-ական պատգամավորները տապալեցին Նիկոլ Փաշինյանի բեմադրած ներկայացումը

«Հրապարակ». Ինչպես գլխավոր դատախազն ու ՔՊ-ական պատգամավորները տապալեցին Նիկոլ Փաշինյանի բեմադրած ներկայացումը

Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քննարկումը խորհրդարանում երեկ անցավ, մեղմ ասած, զավեշտալի մթնոլորտում։ ՔՊ-ական պատգամավորներն օրվա հերոս` գլխավոր դերասան-դատախազ Աննա Վարդապետյանի հետ կատարյալ ձախողեցին Նիկոլ Փաշինյանի «Բանակի խոշոր թալանչիները» բեմադրությունը, եւ դատախազի ձախողված բենեֆիսից հետո ՔՊ ԲՏՌ-ներից մեկին` Վահագն Ալեքսանյանին այլ բան չէր մնում, քան հայտարարել, որ գործ ունենք «մանր ժուլիկության» հետ։ Թե ինչու են ամեն «մանր ժուլիկի» հարց դնում երկրի թիվ մեկ քաղաքական մարմնի քննարկմանը` չասաց:

Հարցուպատասխանից պարզ դարձավ, որ Օհանյանի մեղքը մոտավոր է` ենթադրյալ, դատախազը չունի ծանրակշիռ կամ հիմնավոր փաստեր, որ եթե Օհանյանն իմացել է, որ «անպետք շինություն» դարձած զորամասն օտարելու իրավունք չունի, պետք է նախապես կադաստրով փոխվեր դրա նշանակությունը։ Ընդգծենք, որ Աննա Վարդապետյանը հենց այդպես՝ «անպետք շինություն» բնութագրեց այն զորամասը, որը, ըստ միջնորդության, օտարել է Սեյրան Օհանյանը` պետությանը «վնաս պատճառելով»: 

Իհարկե, ոմանք այս ամենը լսելուց հետո էլ, իրենց ռետինե խողովակի տեղ դրած, շարունակեցին մանիպուլացնել հասարակությանը, թե` եթե նախկինները զորամաս չօտարեին, այսօր զինվորները վրաններում չէին ապրի, բայց դատախազ-պատգամավորներ հարցուպատասխանից հետո նման հայտարարություն անելու համար առնվազն պետք է կա՛մ ՔՊ-ական լինել, կա՛մ` խելքից պատուհաս։
Այսպիսով՝ ինչ էր ուզում իշխանությունը, եւ ինչ անհարմար բան պարզվեց իրականում։
Հունվարի 19-ին Ազատ գյուղի հյուղակ-կացարանում 15 զինվորների ողբերգական միջադեպից օրեր անց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարան ներկայացրեց պաշտպանության նախկին նախարարի դեմ երեք միջնորդություն։ Ակնհայտ էր, որ նպատակը հանրային ցասումը լիցքաթափելն էր՝ ցույց տալով, որ ոչ թե ներկա իշխանություններն են բանակում «բարդակ» հաստատել, այլ դա հաստատվել է «նախկինների թալանի» հետեւանքով։ Խորհրդարան ներկայացված երեք միջնորդություններից երկուսով Օհանյանն իբրեւ թե «հափշտակել» է նախարարությանը, իմա` պետությանը պատկանող գույքը։

Աննա Վարդապետյանը, ով ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի մոտ օգնական էր աշխատում եւ վերջինիս ցուցումով քննիչներին ուղղորդում, թե ինչպես գրեն մեղադրական եզրակացությունները, երեկ դեմքի առանձնահատուկ լրջությամբ փորձում էր ցույց տալ, թե համաշխարհային մասշտաբի հանցագործություն է կատարվել Սեյրան Օհանյանի կողմից, եւ երկար-բարակ, իրավաբանական տերմինների տակ փորձում էր սքողել իրականությունը: Ասում էր, որ Սեյրան Օհանյանը` նախարար աշխատած ժամանակ, Արարատի մարզի Արմաշ համայնքում գտնվող 1,2 հա եւ 0,9 հա մակերեսով «հատուկ նշանակության» հողամասերը, որոնք նախկինում զորանոց են եղել, սակայն դարձել են «անպետք շինություններ», վաճառել է՝ գումարը ծախսելով բանակի այլ կարիքների համար։ Եվ դրանով Օհանյանը, նախարար աշխատելու ժամանակ, «անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետեւանքներ (երկու դրվագ), այն է՝ վերոնշյալ երկու հողատարածքները դարձրել է այլ անձինը՝ այդկերպ վատնման եղանակով հափշտակելով դրանք (երկու դրվագ)»:

Իսկ «այլ անձը», դատախազի խոսքով, բանակի մեկ այլ հերոս է` Գրիգորի Խաչատուրովը, Օհանյանի՝ նախարար եղած ժամանակ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի որդին: Սակայն րոպեներ անց դատախազը հստակեցրեց, որ կադաստրում այդ գույքը գրանցվել է այլ անձի անունով, որն ազգակցական կապ ունի Խաչատուրովների հետ։ Եվ Աննա Վարդապետյանի մեղադրական ճառի բուն իմաստն այն էր, որ Օհանյանը պարտավոր էր ստուգել բոլոր փաստաթղթերը, իմանալ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածը, որը թույլ չի տալիս նախկին զորանոցի տարածքը վաճառել: Իհարկե, Վարդապետյանն ակնարկներով փորձեց հրամցնել, թե Օհանյանը շատ լավ էլ իմանալով է արել դա՝ ճնշումներ գործադրելով պետական այլ ինստիտուտների, օրինակ` կադաստրի պետի վրա, որի արդյունքում կատարվել է վաճառքի գործարքը, եւ դա արել է հողի տվյալ պահի կադաստրային արժեքից մոտ 7 միլիոն պակաս դրամով: Այսինքն, պետք է 10 միլիոնով վաճառեր, վաճառել է 4-ով, իսկ իրական գնորդն էլ եղել է Գրիգորի Խաչատուրովը, թեպետ կադաստրում գույքը նրա անունով չի գրանցվել։ 

Դատախազը խրոխտ հայտարարեց, թե տեղի է ունեցել կազմակերպված թալան, դրա մասին է վկայում, որ Վեդու կադաստրի պատասխանատու պաշտոնյան սկզբում հրաժարվել է սեփականությունը գրանցել՝ ասելով, որ զորանոցն իրավունք չունեն վաճառել, սակայն որոշ ճնշումներից հետո գրանցել է։ Իսկ թե ինչու է դատախազը հավատացել կադաստրի աշխատողի ցուցմունքին, եւ ինչպես կարող է ենթադրյալ ճնշումն արդարացնել անձի կողմից` իր իրավասությունների շրջանակներում թույլ տրված խախտումը, ոչ մի խոսք:

Եվ որքան էլ ընդդիմադիրները բացակա էին, իսկ ՔՊ-ականները՝ տիկին դատախազի հանդեպ դրական տրամադրված ու վերեւից հրահանգավորված, հարցուպատասխանը բավականին բան բացահայտեց: Պարզ դարձավ, որ Օհանյանի հանցանքի մասին պնդումները, մեղմ ասած, հիմնված են ենթադրությունների վրա։ Այսինքն՝ շոուն չստացվեց։

Ռուստամ Բաքոյանը փորձեց ցույց տալ, թե ինչ ստրատեգիական շինություն են վաճառել՝ ճշգրտող հարց տալով, թե արդյոք զորամասը Նախիջեւանի հետ սահմանի՞ն է եղել։ Պատասխանը դրական էր, սակայն դատախազի հաջորդ պատասխանից պարզվեց, որ վաճառքի պահին շինությունն այլեւս զորամաս չի եղել, այլ, ինչպես Վարդապետյանն ասաց, եղել է «անպետք շինություն»։ 
Սոնա Ղազարյանն էլ, հավանաբար ակնկալելով լսել, որ վաճառված տարածքում հիմա նախկինների բիզնեսն է բարգավաճում, հարցրեց` ի՞նչ նպատակով են հիմա շինություններն օգտագործվում։ «Երկու միավոր զորատարածք է, մի զորամասի տարածքի վրա եղած շինություններն այս պահին ապամոնտաժված են, մյուսը որեւէ փոփոխության չի ենթարկվել, ոնց կար, այդպես էլ մնացել է»,- կրկին ակամայից հիասթափեցրեց Աննա Վարդապետյանը։

Արփի Դավոյանն էլ հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են զորանոցը փակել, որ մի հատ էլ վաճառքի հանեն։ Վարդապետյանն այս հարցում էլ հուսադրող բան չասաց` դա գործի համար էական նշանակություն չունի, Օհանյանի բացատրությամբ՝ զորամասի կարիք չեն ունեցել, այդ նպատակով էլ փակվել է։
Վլադիմիր Վարդանյանը հիշեցրեց, թե ՊՆ-ում մի ամբողջ իրավաբանական վարչություն կա, եղե՞լ է փաստաթուղթ, որով Օհանյանին տեղեկացրել են, թե Հողային օրենսգիրքը թույլ չի տալիս զորամասի վաճառք։ Դատախազը խուսափեց ուղիղ պատասխանից՝ ասելով, որ  հասկանում է հարցի ենթատեքստը, որ վերադաս ղեկավարությունը պարտավոր չէ իմանալ, թե ինչ է ստորագրում, բայց շարունակեց, թե Սեյրան Օհանյանը երկու անգամ է լիազորագիր տվել, որ առքուվաճառքը կայանա, ուստի ինքը չի կարող համարել, որ նա ընթացիկ փաստաթղթեր է ստորագրել՝ առանց ստուգելու։ Մասնագիտությամբ իրավաբան Վարդանյանը շարունակեց հարցապնդումը՝ ակնկալելով փաստերի վրա հիմնված պատասխան, որը կհաստատի Օհանյանի մեղավորությունը, հետաքրքրվեց, թե ով է Վեդու կադաստրի պաշտոնյային պարտադրել կատարել գործարքը։ Դատախազն այստեղ էլ հիասթափեցրեց. «Դրանք Կադաստրի կոմիտեի վերադասությամբ գործող մարմիններն են, ոչ թե պաշտպանության նախարարության»: 

Հետո փորձեց շտկել իրավիճակը․ «Մյուս միջնորդության մեկ այլ դրվագով ցուցման անուղղակի ապացույց ունենք, անձը ցուցմունք չի տալիս, չի ասում, մեր եզրակացություններն էլ անուղղակի ապացույցներով գալիս կանգնում են այն կետի վրա, որ ինքն է եղել պատասխանատուն, ինքն է տվել լիազորագրերը, այլ ազդեցություն չէր կարող ունենալ»։

Նախկիններից նորերին ժառանգություն անցած Սերգեյ Բագրատյանն ու Գուրգեն Արսենյանն էլ, հասկանալով, որ նիստի նպատակը ոչ թե արդարություն հաստատելն է, այլ քաղաքական շոու բեմադրելը, հարցերով փորձում էին լսել, որ Օհանյանին, այդուհանդերձ, խիստ պատիժ կտան, սակայն դատախազն այս հարցում էլ հուսահատեցրեց վրիժառուներին` գործի վաղեմության ժամկետը լրացել է, եւ եթե նույնիսկ դատարանն Օհանյանի վերաբերյալ կալանքի որոշում կայացնի, պատիժը չի կիրառվի։ 

Այս կլոունադայից հետո Վահագն Ալեքսանյանին այլ բան չմնաց, քան հայտարարել, որ Օհանյանը «մանր ժուլիկություն» է կատարել, իսկ բազմաճամբարափոխ Գեւորգ Պապոյանը շարունակեց պողոսներին կերակրել, որ եթե Օհանյանը զորամասի տարածքը վաճառած չլիներ, զինվորներն այսօր նորմալ կացարանում կապրեին։

Մինչ Աննա Վարդապետյանը փորձում էր Սեյրան Օհանյանից հանցագործ կերտել, «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը խորհրդարանում լրագրողներին ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ մի փաստաթուղթ, որով ՊՆ-ն 71 գույք է օտարել՝ դեռեւս 2022-ի ապրիլին։ «2022 թվական, ապրիլի 15: Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ փաստաթուղթ է, ՊՆ-ի՝ թվով 71 գույք է փոխանցվել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որ հետո օտարվի: Այստեղ 71 զորամասի հասցե է, «Ստալիչնի պոլկն» էլ՝ մեջը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գեղամ Մանուկյանը՝ ներկայացնելով ցանկը։ Ավելին, բազմաթիվ նման տեղեկություններ կան, թե ինչպես են տարբեր պետական մարմիններին պատկանող գույքերը վաճառվել, փոխանցվել, աճուրդի հանվել, եւ այս գործարքների նկատմամբ դատախազությունը, չգիտես ինչու, աչք է փակում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image