«Նոր Հայաստան» կոչված ֆենոմենի անհաջողությունը

«Նոր Հայաստան» կոչված ֆենոմենի անհաջողությունը

Շատ-շատերի նման դիտեցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան զրույցները տնտեսական, իսկ այնուհետև նաև քաղաքական մեկնաբանների հետ: Զարմանալի է, բայց նրա նախագահության օրոք, որպես գործող և ապա նախկին լրագրող, մանրադիտակով եմ հետևել նրա գործունեությանը՝ արձանագրելով բազմաթիվ բացասական երևույթներ: Իմացել եմ նաև դրականը, սակայն բացասականն, իմ կարծիքով, այնքան շատ էր և ուժգին, որ դրականն աչքիս չէր երևում: Վերջին հանգամանքին, բնականաբար, նպաստել է նաև ընդդիմադիր լինելս, փողոցային ակցիաներին ակտիվ մասնակցելս և ընտրատեղամասերում որպես դիտորդ ներգրավվելս. ի դեպ, առաջին անգամ դա տեղի է ունեցել 2003-ի նախագահական ընտրություններին, ու հենց ինքս եմ որպես կամավոր գնացել այդ քայլին:

Բայց պետք է անցնեին տարիներ, երկրում պետք է տեղի ունենար հեղափոխություն, լեգիտիմ ու օրինական ընտրությունների շնորհիվ ձևավորվեր ժողովրդի իշխանություն, իսկ Հայաստանը հռչակվեր «ժողովրդավարության բաստիոն», որպեսզի կյանքը ստիպեր ինձ համեմատության եզրեր անցկացնել նախկինի և նորի միջև: Այն նորի, որի կայացման համար ՆՎԻՐԵԼ էի կյանքիս վերջին և ամենաակտիվ 18 տարին: 
Անդրադառնամ ընդամենը երկու խնդրի և սկսեմ արտաքին ներդրումներից, որովհետև արտաքին ներդրումներ կոչված երևույթը Հայաստանի նման աղքատ երկրների համար օդի և ջրի նման անհրաժեշտ բան է: Ներկայացնեմ այն, ինչ արվել է Քոչարյանի, իսկ այնուհետև Փաշինյանի կողմից: Քոչարյանը ակտիվ շփումների մեջ է մտել թե՛ հյուսիսում և թե՛ արևմուտքում ապրող մեր հայրենակիցների հետ՝ ձեռքին ունենալով պատրաստի ծրագրեր, և դրա շնորհիվ նրան հաջողվել է գումարներ բերել Հայաստան: Ասեմ, որ ռուսահայերի ներդրած գումարները կարող էին լինել նաև այսպես կոչված «կեղտոտ փողեր», բայց կյանքը ցույց տվեց, որ փոքր շուկայով և ելքերի խնդիր ունեցող երկրի դեպքում այլընտանքը մեծ չի: Փաշինյանը որդեգրեց այլ մարտավարություն՝ նա փչացրեց հարաբերությունները ռուսական կողմի հետ, իսկ արևմուտքում փորձեց «վաճառել» իր հռչակած «թավշյա հեղափոխությունը», սակայն անհաջողություն կրեց: Իհարկե, անհաջողությանը նպաստեց Ամուլսարի խնդիրը, սակայն չմոռանանք, որ նա եկավ իշխանության՝ օգտագործելով նաև այդ թեման: 

Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման առումով, որպես ղարաբաղցի և որպես ազատամարտի ծանրությունն իր ուսերին կրած անձնավորություն, Քոչարյանը երբևէ չնահանջեց Արցախի Հանրապետության անկախության գաղափարից՝ ավելի կամ պակաս չափով կյանքի կոչելով այն: Փաշինյանը հենց սկզբից որոշեց զրոյացնել նախորդների կողմից կատարված ողջ աշխատանքը՝ Իլհամ Ալիևի հետ հաստատելով ինչ-որ շփումներ, որոնք, ինչպես հետո պարզվեց, անարդյունք էին, իսկ Նախիջևան-Վայոց Ձոր դիրքային հարցում՝ նաև բացասական: Ղարաբաղյան կարգավորման խնդիրն էլ անկախության հարցից վերափոխվեց անորոշ մի երևույթի, քանի որ նրա հիմքում դրվեց իր կողմից հռչակված «Արցախի խնդրի լուծումը պետք է բավարարի երեք կողմերին՝ Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին»  կեղծ բանակցային սկզբունքը, ինչը, բնականաբար, մերժվեց թե՛ Ադրբեջանի և թե՛ Մինսկի խմբի համանախագահների կողմից:

Եվ որքան էլ ծանր լինի ինձ համար ընդունելը՝ չեմ կարող չընդունել, որ ներկայացված խնդիրների թեկուզ մակերեսային դիտարկումը վկայում է «նոր Հայաստան» կոչված ֆենոմենի անհաջողության մասին:
Վախթանգ Սիրադեղյան