Ժողովրդին իրենց համար խաղալիք են դարձրել. Ավագանու անդամ

Ժողովրդին իրենց համար խաղալիք են դարձրել. Ավագանու անդամ

Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեռեւս փնտրում է ճանապարհ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, սփյուռքահայ Պեդրո Զարոկյանին մանդատից զրկելու համար: Հիշեցնենք, որ այս պրոցեսը սկսվեց նախորդ ամիս տեղի ունեցած ավագանու նիստից հետո` երբ նիստի ժամանակ թեժ վեճ ծավալվեց ավագանու ընդդիմադիր եւ իշխանական անդամների միջեւ։ Զարոկյանն անդրադարձել էր ANIF-ի գործունեությանը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն էր եւ որը խայտառակ ավարտ ունեցավ` մեծ վնասներ պատճառեց պետական բյուջեին ու սնանկ ճանաչվեց: «Անամոթներ, գոնե դպրոցների ճանապարհների փոսերը լցրեք»,- վրդովված ասել էր նիստում Զարոկյանը՝ հայտարարելով, թե տպավորություն ունի, որ յուրացված գումարները ՔՊ-ում «իրար մեջ են բաժանում»։ ՔՊ-ական ավագանու անդամները դրանից հետո հարձակվել էին նրա վրա։ Եւ լուրեր կային, որ պատրաստվում են մանդատը նրա ձեռքից վերցնել:

Պեդրո Զարոկյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ ՔՊ-ում մտածում են, թե իրեն ինչպես պատժեն․ «Մտածում են, կարծում եմ՝ դեռ չեն գտել միջոցը կամ էլ անակնկալ է լինելու, դեռ բան չեն ասել ինձ, բայց գիտեմ, որ մի բան մտածում են, որ ինձ պատժեն»։

-Բայց ի՞նչ կարող են անել, դուք բոլոր նիստերին պարտաճանաչորեն ներկա եք լինում։

-Ես չգիտեմ ինչ կարող են կիրառել, իրենք էլ են մտածում, որովետեւ օրենքով սահմանված ձեւով չեն կարող ինձ գոռալու համար հեռացնել։

- «ՔՊ» խմբակցությունից ո՞վ է զբաղվում ձեզ պատժելու գործով։

-Կարծում եմ՝ Արմեն Գալջյանն ու Ավինյանը։ Գալջյանն է կապը պահում, եթե պիտի քվեարկություն ստանա այն մյուս խմբակցություններից, նա է այդ հարցերով զբաղվում։ Ավինյանը հանձնարարում է, նա էլ այդ գործերով զբաղվում է։

-Այս օրերի ամենաաղմկոտ թեման «100 դրամանոցների» հարցն է, հաճախ չեն աշխատում օնլայն վճարման համակարգերը, 100 դրամանոցներ չի լինում մարդկանց մոտ, քաղաքացիները դժգոհ են այս նորամուծությունից, այս ամենն ինչի՞ կարող է հանգեցնել։

-Ծիծաղելի է, այս մարդիկ նույնիսկ պատասխանատվության զգացում չունեն, որ նախօրոք պատրաստեն` նոր բերեն։ Ժողովրդին դնում են փորձաքննման շրջանի մեջ, ժողովրդին իրենց համար խաղալիք են դարձրել։ Մասնագետներ չունեն, որ խորհրդատվություն տան, ամեն ձեւով ձախողված մարդիկ են։

-Ձեր նախկին գործընկեր Հայկ Մարությանը ստորագրահավաք է սկսել հունվարի 1-ից տրանսպորտի թանկացման դեմ, դուք չե՞ք միացել նրան, ինչպիսի՞ դիրքորոշում ունեք։

-Կողմ ենք, լավ գործ է անում,պարզապես ես այլ գործեր ունեմ, չեմ կարող ժամ տրամադրել, որպեսզի գնամ, բայց մենք համաձայն ենք, չպետք է գինը 100 դրամից անցնի։ Եկամուտ ստանում է տրանսպորտը, պետությունն էլ պարտավոր է սուբսիդավորել մի մասը։ Բնական է՝ մենք կողմ ենք։

-Իսկ ի՞նչ նոր նախագծեր, իդեաներ ունի ձեր խմբակցությունը։

-Մենք կենտրոնացած ենք կոռուպցիայի հարցը անընդհատ բարձրացնելով։ Ես զբաղված եմ դպրոցի, սպորտի զարգացման հարցերով` լսող չկա, բայց ամեն անգամ այդ հարցերը բարձրացնում եմ։

-Սահմանամերձ գյուղերից մեկում գտնվող ձեր հողամասում շինություն էիք կառուցել, որն օրինական չէր եւ այդ առիթով քրեական գործ էր հարուցվել։ Ի՞նչ եղավ այդ գործը։

-Այդ քրեական գործը հարուցված է գյուղապետի դեմ, բայց ես ամռանն արդեն սկսել էի օրինականացնելու գործընթացը, օրինակացնելու ժամանակ ունեի` մինչ 2025 թիվը, իրենք մի քիչ ուշացել են, ուզում էին ինձ բռնացնել։