Այս իշխանությունն էլ է արտոնություն սահմանում մոնոպոլիստների համար

Այս իշխանությունն էլ է արտոնություն սահմանում մոնոպոլիստների համար

«Այս իշխանությունները կարծես թե շարունակում են հների տնտեսական քաղաքականությունը, չեն ցանկանում ազատվել հին վարչակարգի ստեղծած մոնոպոլիստներից, դեռ ավելին՝ նրանց համար արտոնություններ են սահմանում, որի կարիքը նրանք չունեն»․ հակադրվելով մոնոպոլիաները վերացնելու մասին վարչապետ Փաշինյանի հավաստիացմանը՝ հայտարարում է գործարար Սուրեն Բալայանը՝ «Սուպեր գրուպ» ՓԲԸ հիմնադիրը եւ տնօրենը։ Նա մոտ 2 տասնամյակ պայքարում է նախկին ռեժիմի դեմ՝ ի դեմս ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանի, ու փորձում բիզնես գործունեություն ծավալել։ Բայց վստահ է, որ ինչպես հին Հայաստանում, նորում էլ Արսենյանն անպարտելի է։ Չնայած հեղափոխությունից հետո Բալայանը դիմել է տարբեր ատյանների, սակայն՝ ապարդյուն։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում բազմաթիվ դռներ ծեծելուց հետո հասել է մեր խմբագրություն՝ մեկ անգամ եւս հիշեցնելու իր խնդրի մասին, հույս տածելով, որ «Ջերմուկի» «թնջուկը», ի վերջո, լուծում կստանա։

Բալայանի գլխավոր պահանջը «Ջերմուկը» ռեբրենդինգի ենթարկելն է։ Բանն այն է, որ 2011-ին ԱԺ որոշմամբ Արսենյանը սեփականաշնորհել է «Ջերմուկ» հանքային ջրի բրենդը եւ մյուս արտադրողների առջեւ փակել հանքային ջուր շշալցնելու հնարավորությունները, ՀՀԿ-ական գործարարի դիմում-բողոքների հիման վրա պարբերաբար կասեցվել է նաեւ Բալայանի բիզնեսը՝ նյութական մեծ վնասներ հասցնելով նրան, իսկ Բալայանը միլիոնների ներդրում է արել՝ հույսով, որ մի օր դաշտը կազատականացվի, եւ ինքը, որ այս բիզնեսով սկսել է զբաղվել ավելի շուտ, քան Արսենյանը, մի օր կկարողանա կոտրել այս դաշտում անհավասար մրցակցությունը։ Հեղափոխությունից հետո նրա մոտ հույս է արթնացել։ Դիմել է հեղափոխական ԱԺ-ին, իշխանական պատգամավորները  խոստացել են օրենսդրական փոփոխությամբ վերացնել Արսենյանի մենաշնորհը եւ գործարարներին էլ աշխատելու հնարավորություն տալ՝ օրենսդրական նախաձեռնություն են մշակել, դրել շրջանառության մեջ, սակայն սայլը տեղից չի շարժվում։ Մասնավորապես, 2019-ի ապրիլին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Հայկ Գեւորգյանը, Գեւորգ Պապոյանը, Տիգրան Կարապետյանը, Կարեն Համբարձումյանը եւ Արգիշտի Մեխակյանը շրջանառության մեջ են դրել «Աշխարհագրական նշումների մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություն կատարելու մաuին նախագիծը, որը դեռ օրակարգ չի բերվել։ 

«2012-2013 թվականներին կուլ չգնալով Աշոտ Արսենյանի շանտաժներին՝ գործարանի համար ձեռք եմ բերել եվրոպական արտադրության 2 հոսքագիծ, որոնց արժեքը գերազանցում է 3 միլիոն դոլարը, մոնտաժել եւ վերազինել եմ գործարանը, բերել եվրոպական ստանդարտի մակարդակի, դրա հետ մեկտեղ ձեռք եմ բերել «Ադամանդ Կ» ընկերության 47% բաժնեմասը եւ 2016թ. օտարել եմ իմ գործընկերներին եւ վերցրել եմ 3 լավագույն իրական «Ջերմուկ» հանքային ջրերի հորատանցքից մեկը, որին նախկին կոռումպացված իշխանությունը՝ Արսենյանի հովանավորությամբ, լիցենզիայի շահագործման թույլտվություն չէր տալիս: Թավշյա հեղափոխությունից հետո՝ 2019թ., ինձ տրամադրեցին 50 տարվա շահագործման թույլտվություն: Վճարեցի պետտուրքը, բայց առայսօր պարոն Արսենյանը խոչընդոտում է իմ աշխատանքներին, որպեսզի իրական հանքային ջուրը շուկայում եւ սպառողին հասանելի չլինի»։ Բանն այն է, որ չնայած շահագործման թույլտվություն ստացել է, բայց բրենդի հարցը մնում է չլուծված, տարեվերջին Արսենյանի  որդին կրկին հաղորդում է ներկայացրել իրավապահներին՝ իրենց պատկանող բրենդի յուրացման վերաբերյալ․ «Խնդրում եմ ասել, պարոն կառավարիչներ, չե՞ք ցանկանում Հայաստանի տնտեսությունը զարգացնել, թե՞ ձեզ գերել է Արսենյանի կողմից Երեւանի քաղաքապետարանին 2 КАМАЗ մեքենա նվիրելու փաստը»։

Բալայանը հաշվարկել է՝ Արսենյանի «ապօրինի» գործունեության արդյունքում, 2012-ից սկսած, մոտ 40 միլիոն դոլար է կորցրել, ասում է՝«հետ եմ ստանալու», թեպետ  Արսենյանի հովանավորներից մեկը կառավարությունում այսօր էլ բարձր պաշտոն է զբաղեցնում։ Ահազանգում է նաեւ, որ Արսենյանը որակազրկել է «ազգային հարստություն» հանդիսացող այս ջուրը,  իսկ վարչապետը հայտարարում էր, որ ազգային հարստությանն արհեստական վնաս պատճառող պետական հովանավորությամբ ցանկացած անձ «պետք է պատասխան տա իր ունեցվածքով եւ հատուցի ամեն ինչով»։ 
1990-ականների սկզբին, երբ ազատականացվեց Հայաստանի տնտեսությունը, մի շարք գործարարների հետ Բալայանն էլ Ջերմուկ քաղաքում հիմնել է «Ջերմուկ» հանքային ջրերի արտադրության գործարան: «Ստեղծվել էին շուրջ 18 հանքային ջրերի գործարան եւ արտադրամասեր, որտեղ աշխատում էին 612 աշխատող ձեռքեր, այդ թվում իմ՝ «Ջերմուկ սուպերգրուպ» ՍՊԸ-ն։ Կառուցվեց գործարան Ջերմուկ քաղաքում, եւ այդ գործարանը 1996 թվականից արտադրում եւ շշալցնում է ՀՀ տարածքում եւ Ռուսաստանի Դաշնությունում իրացնում էր «Ջերմուկ» բարձր որակի հանքային ջուր»։ 1998-2001 թթ․ Ջերմուկի քաղաքապետ աշխատած Աշոտ Արսենյանը, սակայն, Բալայանի խոսքով, դժնդակ օրեր է ստեղծել գործարարի համար․ օգտվելով ՀՀԿ ղեկավարների հովանավորչությունից՝ «սաբոտաժ եւ ապօրինի գործողություններ» է սկսել մյուս ընկերությունների դեմ․ «Դուք կազմակերպեցիք, որ սոլարայուղ եւ պրոպան գազ լցվի «Ջերմուկ» արտադրող ընկերությունների խողովակաշարերի եւ տարաների մեջ, որպեսզի դրանք չկարողանան հանքային ջուր արտադրել: Նման բան կատարվել է նաեւ իմ գործարանի նկատմամբ, որի հետեւանքով ես երկար ժամանակով չեմ կարողացել հանքային ջուր արտադրել՝ մինչեւ համակարգի մաքրումը: Նույն ճանապարհով եւ միջոցներով գործեցիք նաեւ «Ջերմուկ մայր գործարանի» դեմ: 1999 թվականին ստեղծեցիք «Ջերմուկ գրուպ» ընկերությունը եւ ջրերի շշալցման գործարանը: Միայն հիշեցնեմ, որ երբ իմ գործարանն աշխատում եւ արտադրանք էր տալիս, «Ջերմուկ գրուպ»-ի գործարանի տարածքի տեղում Ջերմուկի քաղաքացիները կարտոֆիլ էին աճեցնում։ «Ջերմուկ» անվանումը ես գրանցել էի 1998թ., մտավոր սեփականության գործակալությունում, իսկ Դուք՝ 1999թ.»։

Ըստ մեր զրուցակցի, Արսենյանը զարկ է տվել մեծ քանակությամբ անորակ «Ջերմուկ» հանքային ջրի արտադրությանը: «Միաժամանակ օգտվելով Ձեր պաշտոնական դիրքից՝ Ջերմուկի քաղաքապետի լիազորություններից, սկսեցիք ապօրինի քանդել մյուս արտադրողների խողովակաշարերը եւ փակել նրանց արտադրությունները: Փակվեց շուրջ 18 արտադրություն, աշխատանքից զրկվեցին 612 տարբեր որակավորման մասնագետներ, եւ նրանց զգալի մասը լքեց երկիրը՝ աշխատանք փնտրելով այլ երկրներում»: 18 արտադրությունների հիմնադիրները դիմում են ՀՀ նախագահին, զեկուցում իրավիճակի մասին, եւ մեր զրուցակիցը պատահական չի համարում, որ նույն օրը քաղաքապետի պաշտոնից ազատվում է Աշոտ Արսենյանը։

Գործարարը պնդում է նաեւ, որ Արսենյանի ընկերության կողմից շշալցվող հանքային ջուրը ցածր որակի է եւ միջազգային շուկայում իր տեղը չի գտնում, մինչդեռ իրավիճակն այլ կլինի մենաշնորհը վերացնելու եւ դաշտն ազատականացնելու պարագայում։

«Խորհրդային Միության տարիներին հայկական «Ջերմուկ» հանքային ջրի քիմիական բաղադրությունը համահավասար էր չեխական «Կարլովի Վարի» հանքային ջրի բաղադրությանը եւ միջազգային մեծ ճանաչում ուներ, այն օգտագործվում էր նաեւ ԽՍՀՄ կառավարող բարձր խավի կողմից, նույնիսկ՝ Կրեմլում, եւ բարձր գնահատական էր տրվում «Ջերմուկի» որակին, որովհետեւ դա բնական 3 աղբյուրների մատակարարած հանքային ջուրն էր: Իսկ Արսենյանի կողմից շշալցվող ջերմուկն ունի ցածր որակ, որի պատճառով տեղ չի գտնում միջազգային շուկայում: Ասեմ ավելին՝ ռուս-վրացական կոնֆլիկտի հետեւանքով, երբ արգելվեց «Բորժոմի» հանքային ջրի ներկրումը ռուսաստանյան շուկա, լայն հնարավորություն տրվեց «Ջերմուկ» հանքային ջուրը մեծ ծավալներով ռուսաստանյան շուկա արտահանելու եւ իրացնելու համար, սակայն ցածր որակի պատճառով ջերմուկը մեծ ծավալով չսպառվեց ռուսական շուկայում: «Ջերմուկ գրուպը» տարեկան վաճառում է 10 միլիարդ դրամի հանքային ջուր, որից միայն 23%-ն է արտահանում Ռուսաստան եւ ԱՊՀ շուկա՝ ցածր որակի պատճառով»։

Որ որակի հետ կապված խնդիր կա, վկայում է եւս մեկ փաստ․ «Արսենյանն իր առողջարանի համար (բուժական նպատակներով օգտագործելու համար) ձեռք էր բերում «Ադամանդ Կ» ընկերության իսկական բնական հանքային ջուրը, իսկ շշալցման համար օգտագործում ցածր որակի ջուր: Իր կողմից արժեզրկվում է ազգային հարստությունը»: 2001թ. ապօրինի՝ Արսենյանը առանց թույլատվության գետի և գործարանի հարևանությամբ փորել է 25-30 մետր խորությամբ հորատանցք, որտեղից դուրս էր գալիս ցածր որակի և ստանդարտներին չհամապատասխանող «Ջերմուկ» 3 բնական աղբյուրներին չհամապատասխանող հանքային ջուր, որից մինչև այսօր շշալցնում է: 2001թ-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ դատարանի կողմից արգելվեց այդ հանքահորի շահագործումը, սակայն  շնորհիվ  հովանավորների աջակցության մեկ տարի հետո ապօրինի ձեռք բերեց հանքի շահագործման լիցենզիա:

ՀԳ․ Նյութն արդեն պատրաստ էր, երբ գործարարը տեղեկացրեց, որ «Ջերմուկ ակվա» անվանումը գրանցել են մտավոր սեփականության գործակալությունում, եւ ինքը փետրվարի կեսերից արտադրանք կթողարկի՝ «իսկական ջերմուկ»։