«Սասնա ծռերի» գործով վճիռը դեռ չի բողոքարկվել

«Սասնա ծռերի» գործով վճիռը դեռ չի բողոքարկվել

Պաշտպանական կողմը դեռեւս չի բողոքարկել «Սասնա ծռերի» 11 անդամի գործով վճիռը։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց պաշտպաններից Մուշեղ Շուշանյանը։

Նա նշեց, որ դատարանի վճիռն ուշ են ստացել, առաջիկա օրերին Վերաքննիչ դատարան արդեն բողոք կներկայացնեն։

Անդրադառնալով վճռին` նշեց, որ այն, առհասարակ, չպետք է լիներ։

Հիշեցնենք, որ գնդի գրավման օրերին զոհվեցին երեք ոստիկաններ, գնդի հենց գրավման օրը փոխհրաձգության հետևանքով զոհվեց գնդապետ Արթուր Վանոյանը, գնդի տարածքում վիրավորում էր ստացել և ապա օրեր անց հիվանդանոցում մահացել ոստիկան Գագիկ Մկրտչյանը, իսկ գնդի տարածքից դուրս էլ, դիպուկահարի կրակոցից զոհվել էր ոստիկան Յուրի Տեփանոսյանը։ Փաստաբան Մուշեղ Շուշանյանի պնդմամբ՝ «Սասնա ծռերը» այս մահերից առնվազն վերջին երկուսի հետ որևէ առնչություն չունեն։

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի անդամները գրավել էին Ոստիկանության ՊՊԾ գունդը, պատանդառել այն ժամանակվա փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին և Հայաստանի փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին, որոշ ժամանակ անց, սակայն, նրանց բաց էին թողել։

«Սասնա ծռերը» գնդի գրավման առաջին օրերին երեք հիմնական պահանջ էին ներկայացրել իշխանություններին․

1․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը,

2․ Գնդի գրավումից մեկ ամիս առաջ կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը,

3․ Արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ, որի արդյունքում կձևավորվեր վստահության կառավարություն։

Մինչ «Սասնա ծռերը» գնդի ներսում էին, դրսում հաջակցություն նրանց բողոքի լայնածավալ ակցիաներ էին ընթանում, այս իրավիճակը տևեց մինչ հուլիսի 31-ը, հենց այդ օրը առանց պահանջներից որևէ մեկի կյանքի կոչման «Սասնա ծռերը» զենքերը վայր դրեցին և հանձնվեցին։

Այս դեպքերից 4 տարի անց, չնայած այն հայտարարություններին, թե իրենց համար զենքով հարց լուծելու էջը փակված է, Դատախազության ճառից հետո «Սասնա ծռեր» խմբի որոշ անդամներ սոցիալական ցանցերում գրառումներ արեցին, թե «եթե նոր ՊՊԾ գունդ եք ուզում՝ կստանաք»։ Բացի այս, դատարանի դահլիճից դուրս գալուց հետո Վարուժան Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի միջոցով ժողովրդին խաբել են և ազգային-ազատագրական պայքարը շարունակվելու է։