Ձեռքներդ հեռու Աֆրիկայից

Ձեռքներդ հեռու Աֆրիկայից

Լրատվամիջոցներից մեկում, որին շատ եմ հարգում, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանի միակ պաշտ­պանն է, իսկ անկախ ամեն ինչից, նա եղել է անկախ Հայաստանի առաջին, ինտելեկտուալ, գուցե` ամենամիամիտ նախագահը: Ինչևէ: Այդ լրատվամիջոցում հանդիպում է «Ներքաղաքական լարվածության թու­լացման ծիսակարգն աֆրիկյան X երկրում»: Նյութը, թեպետ, հաջողված է, տեղին է, բայց…վիրավորական է տվյալ երկրի համար: Ընդամենը ներկայացնենք մի քանի գծապատկեր աֆրիկյան այդ X երկրի վերաբերյալ:

Այդ հետամնաց երկրի տնտեսությունը, պարզվում է, բավական դիմացկուն է համաշխարհային տնտեսական ճգնաժամերի նկատմամբ: Այսպես, օրինակ, 1992 թվականին ՀՀ տնտեսական անկումը կազմել է 41.8%, X երկրում՝ ընդամենը 6.1%: 2008-2009թթ. ճգնաժամի ժամանակ ՀՀ անկումը կազմել է 14.1%, իսկ այդ երկրում արձանագրվել է 6.3% աճ (գծապատկեր 1): Փաստորեն, իրենք արհամարհած ունեն Հայաստանի նման մեծամիտ երկրներին:

Այդ X երկրի ՀՆԱ-ն 2020 թվականին ՀՀ-ի ՀՆԱ-ից ավելի է եղել 6 միլիարդ դոլարով (գծապատկեր 2): Կարելի է այլ համեմատություններ էլ անել. 27 անգամ ՀՀ տարածքը գերազանցող տարածք, մոտ 10 անգամ ՀՀ բնակչության թվաքանակը գերազանցող բնակչություն: Արդարության համար նշենք. Հյուսիսային պողոտա չունեն, ԲԴԽ չունեն, Իշտոյան չունեն, անդրանիկքոչարյաններ, գագիկջհանգիրյաններ, ալենսիմոնյաններ և այլ…եր չունեն: Այդ իսկ պատճառով, ընդհանուր առմամբ, դժբախտ են;

Բայց, ամեն դեպքում, պետք է հարգալից վերաբերվել մյուս պետություններին, մանավանդ, մենք չգիտենք, առաջիկայում ունենալո՞ւ ենք, արդյոք, պետություն: Դե, Ստամբուլ-Երևան թռիչքները վերականգնվել են, ո՞վ իմանա, թե դա ինչ է նշանակում: Ամեն դեպքում, ավելի հարգալից և սիրալիր պետք է լինել թուրքերի և նրանց փոխարինողների նկատմամբ:

ՀԳ Էս սաղ հեչ: Լավ լուր լսեցի` մեր մենձ ախպեր Գագիկ Ջհանգիրյանի փեսուն ավելի մենձ ախպերը նոր պաշտոն է տվել: Բա հո չէր թողնելու անպաշտոն: Հասկանալի է, որ Թեմիսի պատիվը, այսինքն՝ անաչառության խորհրդանիշը վեր պարզած, ԲԴԽ-ի մշակի ձեռքը քարի տակ է: Բա խնամին գոնե մի խաշ չի՞ կազմակերպում, որ փեսու թազա պաշտոնը նշեն:  

Գագիկ Վարդանյան