«Հրապարակ». Բաց, ազնիվ խոսակցություն էր

«Հրապարակ». Բաց, ազնիվ խոսակցություն էր

Գերագույն հոգեւոր խորհրդի անդամների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը խոսել է «ապահոգեւորականացման մթնոլորտի» մասին՝ որպես միտում․ մենք` աշխարհականներս, չհասկացանք, թե նա ինչ նկատի ուներ՝ հարցրինք հոգեւոր խորհրդի անդամ Բագրատ սրբազանին։ «Նկատի ուներ ընդհանուր արժեքների նկատմամբ հոգեւոր անկումը»: Այդ դեպքում պետք է օգտագործվեր ոչ թե «ապահոգեւորականացում», այլ` «ապահոգեւորացում» եզրույթը։ «Դե հասկանալի է` ինչի մասին է խոսքը. չեմ կարծում նա այլ բան նկատի ուներ»: Առաջին դեպքում այն անձամբ ձեզ` հոգեւորականներիդ է վերաբերում, երկրորդ դեպքում` ոլորտին։ «Չէ, չէ, հոգեւորականության մասին չէր խոսքը, այսօրվա հոգեւոր ընթացքի մասին էր, ես այդպես եմ հասկացել»:

Դուք բարձրացրի՞ք Հայ առաքելական եկեղեցու պատմությունը դպրոցական ծրագրից հանելու հարցը։ «Թե՛ վարչապետի, թե՛  ԱԺ նախագահի հետ բաց, ազնիվ խոսակցություն է եղել այդ մասին»։ Ե՞վ։ «Առկա էր գործակցության եւ համագործակցության տրամաբանությունը. հանելու-չհանելու խնդիր չի դրված, փորձում են հարցը լուծել ավելի համալիր»: Իսկ խոսք գնա՞ց սեռափոխ սպորտսմենի մասին ֆիլմին 20 մլն տրամադրելու մասին։ «Խնդիրը բարձրացվեց, բացատրություն տրվեց»: Ի՞նչ բացատրություն։ «Ասվեց, որ այդ ֆիլմը Հայաստանի հետ կապ չունի. գումարի փոքրիկ մասն է տրամադրել մշակույթի նախարարությունը, մնացյալը` ֆիլմը ստեղծելու ցանկությունը ճապոնական կառավարությանն է»: