Պետական դավաճանության գործը կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով

Պետական դավաճանության գործը կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով

Ամիսներ առաջ ԱԱԾ-ն հրապարակեց հայտարարություն, որի համաձայն` լրտեսության և պետական դավաճանության գործով 20 մեղադրյալ է անցել, որոնցից 14-ը կալանավորվել են։ Կալանավորված անձանցից մեկը՝ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ, Վարդենիսում պայմանագրային զինծառայողների գումարտակի հրամանատար Գարիկ Էլոյանի գործը կարճվել է՝ օրերս նրան ազատ են արձակել՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Գարիկ Էլոյանը MediaHub.am-ին պատմեց, թե 5 ամիս անիմաստ են նրան կալանքի տակ պահել։ «Ի սկզբանե, ինձ ապօրինի կերպով ձերբակալել, հետո կալանավորել էին։ 5 ամիս վարույթն իրականացնող մարմինը ինչ-որ անհեթեթ, անընդունելի մեղադրանք էր առաջադրել։

Փետրվարի 7-ին ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտում քրեական գործ էր հարուցվել պետական դավաճանության հոդվածով, ինձ այդ գործի շրջանակներում կասկածյալ էին ներգրավել ու ԱԱԾ-ն նույն օրը խուզարկություն էր իրականացրել իմ վարձակալած տանը»,-պատմեց Էլոյանը։

Էլոյանը մանրամասնեց, թե կոնկրետ ինչն է ԱԱԾ-ն համարել լրտեսություն։ «2021 թվականի դեկտեմբերի վերջ հունվարի սկիզբ ինձ մի կին էր զանգել՝ Զարուհի Մանուկյան անունով ազգանունով ու զինծառայողի անուն ազգանուն էր տալիս, ասում, որ իր տղան է ու 4 օր է` լուր չունի տղայից, ասաց՝ խնդրում եմ, փոխանցեք, որ ինձ հետ կապ հաստատի։ Ճշտեցի, որ այդ անուն ազգանունով զինվոր չունենք, հետ զանգեցի ու նույնը փոխանցեցի։ Այսքանն էր, մեր խոսակցությունը 2։28 րոպե է տևել, ուրիշ ոչինչ։ ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ այդ Զարուհի Մանուկյանը թշնամու հատուկ ծառայություններից է և ինձ հետ հեռախոսազրույց է ունեցել, կինն ինձ հետ հայերեն էր խոսում։ 5 ամիս ձգձգվող դատական գործընթացի ժամանակ որևէ ապացույց չկար, որ ես լրտեսությամբ եմ զբաղվել։ Խոսակցությունը վերծանվել էր, բայց դատարանը երկարաձգում էր կալանքս։ Վերջում՝ ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտը քրգործը կարճեց, ազատ արձակվեցի»,-պատմեց նա։

Հարցին, թե արդյոք ճանաչե՞լ է նույն գործով անցնող մյուս անձանց, վերջինս պատասխանեց՝ որևէ մեկին չի ճանաչել, շփում չի ունեցել, սակայն տեղեկություն ունի, թե նրանցից շատերն էլ նույն հիմքով ազատ են արձակվել։

«Սա ևս մեկ ապացույց է, որ մենք օբյեկտիվ որոշում կայացնող դատավորներ չունենք։ Ամեն դատական նիստին ասում էին՝ սա դեռ պիտի ճշտենք, նա դեռ պիտի ճշտենք և այլն։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Պողոսյանն էր դատավորը։ Առաջին կալանքիս որոշման դատական նիստը 2 րոպե է տևել, ինքն արդեն պատրաստ կանգնած էր, խորհրդակցական սենյակում 2 րոպե էլ չմնաց, դուրս եկավ ու քննիչի միջնորդությունը բավարարեց»,- ներկայացրեց Էլոյանը։

Դիտարկմանը, թե մամուլում շրջանառվում էին նաև տեղեկություններ, թե վերջինս նաև զենք զինամթերք է պահել՝ Էլոյանն արձագանքեց՝ ոչ մի զենք չի եղել։ «90 փամփուշտ է եղել։ 44 օրյա պատերազմի ընթացքում իմ ծառայողական մեքենայով զենք զինամթերք եմ Օմար բարձրացրել, նույն մեքենայի մեջ էլ վիրավորվել եմ։ Ռազմական դրությունը հանելուց հետո մեքենան Արթիկ եմ բերել՝ նորոգելու, մեքենայի մեջ եղած իրերը դուրս բերելուց տեսել եմ, որ 3 փափուշտատուփ կա, որը հայրական տան սեյֆում եմ պահել, որպեսզի 5-օրյա արձակուրդից հետո հանձնեմ։ Արձակուրդս 5 օր չտևեց, հրամանատարս ինձ հետ կանչեց ու փամփուշտներն այդպես էլ մնացին հայրական տանը։ Այդ տունը ևս խուզարկել են և փամփուշտները գտել, իրականում, իրենք չեն կոտրել, բացել, ես ասել եմ, թե որտեղ է բանալին, վերցրել, բացել են։ Եթե վախենալու բան ունենայի, ինչի՞ պիտի բանալիի տեղն ասեի»։

Վարդենիսի նախկին համայնքապետ Արամ Մելքոնյանի հետ մտերմության մասին վերջինս նշեց, որ Մելքոնյանը միայն որպես քաղաքապետ է օգնել դիրքերի կամ այլ հարցերով։ «Ընտրությունների պատմությունների հետ էլ էին անունս կապում, բայց ես որևէ քաղաքական գործընթացների հետ կապ չունեմ, Վարդենիսի բնակիչ էլ չէի և, առհասարակ, ես երբեք քաղաքականության հետ գործ չեմ ունեցել և չեմ էլ ունենալու»։

Էլոյանն ամփոփեց, որ անցել է իր բնականոն կյանքին, շուտով նաև ներկայանալու է հրամանատարին, որպեսզի կրկին ծառայության անցնի։