Հայեր, անկեղծ ասեք` ձեր ուզածը վերջապես ի՞նչ է
Արդեն չորս տարուց ավելի է, ինչ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, սպասվելիք խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ բազում վերլուծություններ են արվել: Պարզ է, որ այդ պայմանագրի նախագծում ամեն ինչ Ադրբեջանի ուզածով է գրված, Հայաստանը կարծես գոյություն չունի` նա «դամքյաշն» է այս պարագայում, եւ դա կարծես միակողմանի պայմանագիր լինի՝ հրաման, Ադրբեջանի կայացրած որոշում, թե Ադրբեջանն ինչ է պատրաստվում անել մոտ ժամանակներս: Պարզ է, որ առաջին քայլը կլինի Սյունիքի միջանցքի ուժային բացումը, որին հոժարակամ կհամաձայնի Հայաստանի իշխանությունը։
Իսկ ինչ ենք անում մենք` ՀՀ քաղաքացիներս, որ մեր հայրենիքը հասցրել ենք այս ողբերգական վիճակին ու ձեռք քաշել՝ դավաճանելով նրան եւ նրա ճակատագիրը հանձնելով մեր դարավոր թշնամու՝ թուրք-ադրբեջանական տանդեմի տնօրինմանը: Ինչպես չի կարելի անբուժելի հիվանդ ծնողին թողնել անօգնական վիճակում, այնպես էլ հայրենիքը չի կարելի շանուգելի բաժին անել: Մի՞թե Տերը կների մեզ, եւ ինչպե՞ս ենք մենք դրանից հետո ապրելու:
Չնչին չափով նամուս ու թասիբ ունենայինք, մեր հայրենիքի հետ նման կերպ չէինք վարվի: Մեր պետությունը չէինք գցի թուրքի երախը: Կա՞ որեւէ այլ երկիր աշխարհում, որ պատերազմի եւ պետականությունը կորցնելու շեմին այսպես պահի իրեն` ձեռք քաշի իր երկրի պաշտպանությունից եւ թողնի անտեր՝ բախտի քմահաճույքին: Մարդիկ հիմա միմիայն անձնական շահն են առաջ տանում` պղտոր ջրում ձուկ որսալով եւ փող աշխատելով: Իրավապահ մարմինները, որոնք պետք է վերահսկողություն իրականացնեին, խարդախություններն ու հանցագործությունները բացահայտեին, եւս անմիջականորեն թաթախված են այդ գործերի մեջ եւ նույնպես աշխատում են հանուն փողի: Ամեն ինչ այնպես է խառնվել իրար ու պղտորվել, որ չափազանց դժվար է թելի ծայրը բռնել ու շարժվել առաջ: Ամեն մեկն զբաղված է իր «գործով»` ի՜նչ հայրենիք, ի՜նչ բան։
Մեր ժողովրդին բնավ հայրենիք պետք չէ, նրանց մեծամասնությանը հետաքրքրում է օրվա հացը, հայրենիքի փրկություն եւ նման այլ գաղափարներ նրանց խորթ են: Երեւի նաեւ ծիծաղում են այս մասին խոսողների վրա:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Կարծիքներ