30 տարում ոչինչ չհասկացան

30 տարում ոչինչ չհասկացան

Պարզվել է, որ Միլանի հայկական եկեղեցի մտած եւ վարչապետ Փաշինյանին հարցեր ուղղած ադրբեջանցին ոչ թե բլոգեր, այլ ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայող է եւ աչքի է ընկնում Բաքվում ընդդիմության ակցիաների մասնակիցների նկատմամբ առանձնակի դաժան վերաբերմունքով:

Նշանակում է՝ Ադրբեջանում ամենայն մանրամասնությամբ տեղեկացված են եղել Փաշինյանի իտալական այցի ժամանակացույցին եւ հարկավոր մարդուն գործուղել են, որպեսզի սադրանք հրահրի կամ ծայրահեղ դեպքում Հայաստանի վարչապետին տհաճ անակնկալ մատուցի: Սադրանք չի ստացվել, հարցերին էլ տրվել է արժանի պատասխան: Միջադեպը, սակայն, մղում է այլ մտորումների: «Երկրորդ հանրապետության վախճանը» գրքում Զարդուշտ Ալիզադեն անկեղծորեն պատմում է, թե ինչպես 1989-ի ամռանը, երբ Լեռնային Ղարաբաղում աշխատում էր ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հանձնաժողովը, Կենտկոմից հանձնարարություն են ստանում մի խումբ մտավորականներով մեկնել Շուշի, ներկա գտնվել մոսկովյան հանձնաժողովի եւ տեղի բնակչության հանդիպմանը, հանդես գալ որպես շուշեցիներ եւ ներկայացնել իրենց տեսակետները: Ալիզադեն, մասնավորապես, հիշում է, որ այդ հանդիպանը ԳԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող Լեյլա Յունուսովան (ներկայումս՝ Հոլանդիայում քաղաքական վտարանդի) հանդես է եկել որպես Շուշիի շրջանային բուժմիավորման աշխատակից: Նման եւս քանի՞ դեպք է եղել այդ տարիներին՝ կարելի է միայն ենթադրել:

Բայց ամենահետաքրքրականը հայտնի դարձավ օրերս: Կուսակցության Շուշիի քաղկոմի առաջին քարտուղար, ԽՍՀՄ ժողպատգամավոր Վագիֆ Ջաֆարովի որդին հատվածներ է հրապարակել հոր օրագրային գրառումներից: Պարզվում է, ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ին միավորելու հանրագրի առթիվ Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմը հատուկ որոշմամբ Շուշիի շրջկոմի առաջին քարտուղարին պարտավորեցրել է ամեն ինչ անել, որպեսզի ինքնավար մարզի ադրբեջանցիները չմիանան այդ պահանջին: Կենտկոմը նման քայլի չէր դիմի, եթե պատկան մարմիններից տեղեկացված չլիներ, որ ԼՂԻՄ ադրբեջանցի բնակիչները դեմ չեն, որպեսզի մարզը միավորվի խորհրդային Հայաստանին: Ահա այդ ընթացքը կասեցնելու հրահանգ է ստացել Վագիֆ Ջաֆարովը եւ ազդեցության բոլոր միջոցներով կատարել պետական առաջադրանքը: Սա քարոզչական լուրջ կռվան է, որ կարելի է եւ պետք է օգտագործել, երբ Բաքուն խոսում է ԼՂ «ադրբեջանական համայնքի» մասին:

Ըստ էության, անցած 30 տարում ադրբեջանական իշխանությունների մարտավարությունը չի փոխվել: Բաքվում այդպես էլ չեն հասկացել, որ հարցի կարգավորման համար ոչ թե սադրանքների պիտի դիմել, այլ՝ եկխոսության: Հատկապես՝ Արցախի ժողովրդի եւ նրա ընտրած իշխանությունների հետ: Միայն այդ դեպքում է հնարավոր ուրվագծել բոլոր կողմերին բավարարող կարգավորումը եւ քայլ առ քայլ գնալ հանգուցալուծման: