ՀՀ իշխանական պատգամավորները` Գուրգեն Արսենյանի բերանով սպառնում են Արցախի իշխանություններին

ՀՀ իշխանական պատգամավորները` Գուրգեն Արսենյանի բերանով սպառնում են Արցախի իշխանություններին

Երեկ ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ ի պատասխան ընդդիմության Ազգային ժողովում Արցախի դրոշներով կազմակերպված ակցիայի, ամբիոնից ելույթ ունենալով հայտարարեց. «Պահանջում եմ ՀՀ գործադիր իշխանություններից և անձամբ Նիկոլ Փաշինյանից վերանայել էն սկզբունքները և էն աշխատանքային գործիքակազմը, որը որ իրականացվում է Հայաստանի և Ղարաբաղի հանրապետությունների մեջ իրականացվող գործընթացներում, պահանջում եմ նաև, որպեսզի Հայաստանի քաղաքական ղեկավարությունը սթափեցնի Ղարաբաղի ղեկավարությանն իր կողմից իրականացվող անհեռատես քաղաքկանության հետևանքների մասին: Որովհետև եթե ՀՀ ղեկավարությունը ձախողի այս գործընթացը ՀՀ-ի՝ որպես երկիր լինելն է դրվելու վտանգի տակ»: Ու նաև նշեց, որ ՀՀ ժողովուրդն իրենց մանդատ է տվել ու ասել` գնացեք ապահովեք խաղաղությունը հարևանների հետ: 

Թեև մենք արդեն սովոր ենք ՀՀ իշխանության ներկայացուցիչներից Արցախի ու արցախահայության իրավունքներն ու շահերը ոտնահարող, Արցախի պետականությունը կասկածի տակ դնող հայտարարություններ լսել, բայց այս հայտարարությունն իր վտանգավորությամբ մի աստիճան ավելի բարձր էր, քան բոլոր նախորդները: Բանն այն է, որ ՀՀ իշխող խմբակցության պատգամավորը ոչ միայն արցախահայության իրավունքներն է կասկածի տակ դնում, այլև՝ սպառնալից ու անհարգալից տոնով է խոսում Արցախի իշխանությունների հասցեին: Գուրգեն Արսենյանի պահանջը Նիկոլ Փաշինյանից, Արցախը սթափեցնելու կոչը, առնվազն կարելի է մեկնաբանել, որպես շանտաժ` ուղղված Արցախի իշխանություններին, որ եթե չկատարեն իրենց բոլոր պահանջները՝ այդ թվում նաև Արցախի համար ճակատագրական հարցերում, խախտում է բոլոր կարմիր գծերը: Սրա ենթատեքստում սպառնալիքն է, որ եթե այդ բոլոր հարցերում չլինեն ՀՀ իշխանությունների կամակատարը, ապա ՀՀ-ից Արցախին տրամադրվող բոլոր տեսակի ֆինանսական աջակցությունները կդադարեցվեն: Կարելի է ենթադրել, որ սա ոչ միայն կոնկրետ Արսենյանի, այլ իշխանական ողջ խմբակցության մոտեցումն է` Արցախի վերաբերյալ: 
Փաստացի Արցախի անվտանգության երաշխավոր լինելուց հրաժարված ՀՀ ներկայիս իշխնությունները սկսում են նաև տնտեսական աջակցությունից հրաժարվելու պրոցես: Այս մոտեցումն առավել վտանգավոր է դառնում՝ հարեւանների հետ ամեն գնով խաղաղություն հաստատելու համատեքստում: Իշխանական պատգամավորի խոսքերը, եթե պարզ ժողովրդական լեզվով ասենք, կստացվի այսպես, որ սույն պատգամավորը մեզ՝ արցախցիներիս ասում է` խելոք գնացեք թուրքի հետ ապրեք ու մեզ մի խանգարեք:
Փորձեցինք պարզել ՀՀ ԱԺ իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանի` ԱԺ ամբիոնից հնչեցված վերը նշված  հայտարարության վերաբերյալ Արցախի իշխանությունների վերաբերմունքը: Դիմեցինք Արցախի Հանրապետության կառավարության պետական նախարար Արտակ Բեգլարյանին ու ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանին. ինչպե՞ս կարձագանքեք ՀՀ ԱԺ իշխանական պատգամավորի ՀՀ ԱԺ ամբիոնից հնչեցված մտքերին, իրենց կարծիքով ի՞նչ նկատի ուներ ՔՊ խմբակցության պատգամավորը՝ ասելով, որ ՀՀ իշխանությունները պետք է սթափեցնեն Արցախի ղեկավարությանը, ի՞նչ անհեռատես քաղքականության մասին է խոսում Գուրգեն Արսենյանը, արդյո՞ք նկատի ունի ԱՀ իշխանությունների կողմից բազմիցս հնչեցված պնդումներն` առ այն, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինի, ինչու՞ է իշխանական պատգամավորը սպառնալից տոնով խոսում ԱՀ իշխանությունների հասցեին, արդյո՞ք ՀՀ իշխանությունների կողմից եղել են ազդակներ՝ ՀՀ և ԱՀ միջև գործիքակազմերի վերանայման վերաբերյալ:

Արցախի կռավարության պետնախարար Արտակ Բեգլարյանը մեզ հայտնեց, որ չի ցանկանում մեկնաբանություն տալ, Լուսինե Ավանեսյանը նշեց, որ ձեռնպահ է մնում ՀՀ ԱԺ պատգամավորի հայտարարությունները մեկնաբանելուց: Մեկնաբանեց Արցախի Հանրապետության ԱԺ ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը. 

«Վերջերս՝ Արցախի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, Արայիկ Հարությունյանը հայտարարություններ արեց, որոնցում մասնավորպես նշեց, որ Արցախի իշխանությունների, բոլոր քաղաքական ուժերի, նաև ընդդիմության համար, Արցախի հարցում կարմիր գծերը նույնն են՝ այսինքն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է, որը նշանակում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Արայիկ Հարությունյանը արեց մի հայտարարություն, որով ցույց տվեց, որ ընդունում է մեր բոլորիս հնչեցրած տեսակետները ու հստակեցրեց, որ դա նաև Արցախի իշխանության տեսկետն է, որի մասին մինչ այդ ինքը չէր հնչեցրել: Այսինքն, եթե մինչև հիմա Արցախի իշխանություններն իրենց դիրքորոշումը կամ տեսակետը հստակ չէին հայտնել Արցախի ներկայիս իրավիճակի և դրա լուծումների վերաբերյալ, վերոնշված նիստի ժամանակ Արայիկ Հարությունյանը հնչեցրեց այն: Ու բնականաբար իշխանական խմբակցության պատգամավորների այդ արձագանքները ՀՀ ԱԺ-ում հենց վերը նշվածին է վերաբերում: Ստացվում է այնպես, որ, եթե ՀՀ իշխանություններն այս պահին միայն ֆինանսական աջակցութուն է տրամադրում Արցախին, իսկ մնացած բոլոր հարցերում ընդհակառակը՝ վարում է Ադրբեջանին հաճո քաղաքականություն, ապա կարող ենք ենթադրել, որ ՀՀ Աժ-ում իշխանական պատգամավորները սպառնում են զրկել Արցախին ՀՀ ֆինանսական աջակցությունից»:

Մետաքսե Հակոբյանի կարծիքով, այսպես կոչված թավշյա հեղափոխությանն աջակցողներն ու գովերգողները, որոնք այսօր Արցախում իշխանության են, որևէ կերպ չեն էլ թաքցրել, որ ՀՀ իշխանությունների հետ իրենց հարաբերությունները բացարձակ գործընկերային չեն ու ավելի շատ պետ-ենթակա հարաբերություններ են ենթադրում, որտեղ պետը ՀՀ ներկայիս իշխնություններն են, իսկ ենթական՝ Արցախի իշխանությունները: «Ու հիմա, երբ ենթական փորձում է սեփական տեսակետը հայտնել, բնականաբար, պետը բարկանում է ու պետի կողմից առաջին արձագանքը պետք է լինի պատժելը, ինչը և իմ կարծիքով փորձելու են անել ՀՀ իշխանությունները», նշեց տիկին Հակոբյանը: 

Ըստ Մետաքսե Հակոբյանի. «Գլխավոր հարցը նրանում է, թե ինչքանով են պատրաստակամ Արցախի իշխանությունները` հանուն Արցախի, գնալ բոլոր այն ճնշումներին, որոնք հնարավոր է լինեն ՀՀ իշխանությունների կողմից ու ինչ պետք է սպասել ՀՀ ներկայիս իշխանություններից: Արցախի իշխանությունները պետք է կամ կարողանան ցույց տալ, որ ՀՀ իշխանությունների հետ գործընկերային հարաբերություններ ունեն, այսինքն՝ Արցախի փրկության համար իրենք կարողանում են ազդեցություն ունենալ ՀՀ իշխանությունների կողմից կայացված որոշումների վրա, կամ, եթե չեն կարողանում, ապա պետք է ապացուցեն, որ այսօր Արցախի հարցը, արցախահայության ճակատագիրն իրենց համար այնքան կարևոր հարցեր են, որ նաև պատրաստ են վերոնշված հարցերով առճակատման գնալ ՀՀ իշխանությունների հետ ու լուծել մեզ սպառնացող ու մեր գլխին կախված անվտանգային հարցերը»:

Վահե Հարությունյան
Ստեփանակերտ