Արցախի ժողովրդի դերը մեծ է, որպեսզի չկազմաքանդեն պետական ինստիտուտները
«Ադրբեջանը փորձելու է հասնել Ղարաբաղի պետական ինստիտուտների ապամոնտաժմանը։ Իմ տպավորությամբ՝ փորձ է արվելու Ղարաբաղի պետական ինստիտուտների ապամոնտաժման գործընթաց սկսել։ Ամենից մեծ վտանգն այն է, որ սկսվի Ղարաբաղի պետական ինստիտուտների ապամոնտաժում։ Կարծում եմ, փորձելու են գնալ նաեւ դրան։ Թե տեխնիկապես ինչ ճանապարհ են ընտրելու, դժվարանում եմ ասել, բայց, իմ տպավորությամբ, հաջորդ քայլը լինելու է այս ուղղությամբ։ Սրա դեմ պետք է պայքարեն առաջին հերթին ղարաբաղցիները, Ղարաբաղի իշխանությունը՝ Հայաստանի աջակցությամբ»,- նախօրեին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչ գործընթացի մասին է խոսում երկրորդ նախագահը, եւ, իրականում, ինչպես է դրան հասնելու Ադրբեջանը։ Նախօրեին էլ լուրեր էին պտտվում, թե Արցախի Հանրային խորհուրդն են ուզում լուծարել։ Արցախի սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կոորդինատոր Արայիկ Լազարյանը տվեց հետեւյալ մեկնաբանությունը․ «Մեր սահմանադրության փոփոխություններով, բարեփոխումներով, եթե այդպես ասենք՝ ոչ մի ապամոնտաժում, ոչ մի մարմինների փոփոխություն չի նախատեսվում։ Չի կարող նման բան տեղի ունենալ։ Իսկ Ձեր հարցին, թե սահմանադրորեն ինչպես է դա տեղի ունենում, ասեմ հետեւյալը՝ սահմանադրորեն այդ մարմինները կարգավորողները պետք է փոխվեն, ուժը կորցրած ճանաչվեն։ Միակ տարբերակը սա է, ուրիշ տարբերակ չկա»։
Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը, ով նաեւ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ է, ասում է. «Կարծում եմ, որ Ադրբեջանի իշխանությունների վաղեմի երազանքն է, որպեսզի Արցախում ոչ միայն պետական ինստիտուտներ չգործեն, այլեւ՝ «Արցախի Հանրապետություն» եզրույթն ընդհանրապես ոչ ոքի կողմից չգործածվի։ Եվ դրա հետեւողական պայքարը 30 տարի շարունակ Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարիներ շարունակ ցանկացած ընտրություններից, պետական միջոցառումներից հետո վայնասուն է բարձրացրել Ադրբեջանը։ Չի ճանաչել, դիմել է տարբեր միջազգային կառույցների, որպեսզի չճանաչեն։ Այսինքն՝ դա նոր բան չէ, որ Ադրբեջանն ուզենա, որ այստեղ պետական ինստիտուտները կազմաքանդվեն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո այս հարցն էլ ավելի սուր է դրված, եւ կարծում եմ, որ ավելի եռանդով նրանք կփորձեն այդ գործընթացը կատարել։ Իսկ ի՞նչ կարող են անել Արցախի իշխանությունները․ կարծում եմ՝ քանի դեռ Արցախի իշխանությունները համագործակցում են հայաստանյան իշխանությունների հետ եւ ամեն կերպ չեն փորձում իրենց սուբյեկտայնության աստիճանը բարձրացնել այդ ուղղությամբ, որեւիցե աշխատանքներ հուսալ իշխանություններից՝ այնքան էլ խելացի ու հավանական չէ։ Իսկ Արցախի ժողովուրդը մեծ դերակատարում կարող է ունենալ այդ հարցում։ Միայն թե կարողանան համախմբվել Արցախի պաշտպանության գաղափարի շուրջ։ Ժողովուրդը՝ ինքը, պետք է կարողանա համախմբվել, վեր կանգնել ամեն տեսակի խնդիրներից, որը պառակտում է հասարակությունը, եւ բոլորին՝ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի իշխանություններին, ե՛ւ միջազգային կառույցներին, ե՛ւ հենց Ադրբեջանի իշխանություններին ցույց տալ, որ ինքը կա, որ իր ինքնորոշման, իրավունքի իրացումն իր համար ձեւավորված հրամայական է եւ պահանջ։ Եվ միայն այս պարագայում Արցախի ժողովուրդը կարող է այդ գործընթացը կանխել։ Ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի համատեղ հայտարարությունն այս ամենի առհավատչյան էր, երբ ԱԺ-ն հայտարարեց, որ Արցախի ինքնորոշման իրավունքն անսակարկելի է, որեւիցե հանգամանք եւ կասկածելի բանակցություններ, այդ թվում նաեւ՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից, չեն կարող սասանել այդ իրավունքի իրացումը։ Գրեթե տասնյակ հասարակական կազմակերպություններ եւ քաղաքական կուսակցություններ միացան այդ հայտարարությանը։ Բացի դրանից, Արցախում հիմա սկսվել է «Հանուն Արցախի պաշտպանության» շարժումը, որը վերկուսակցական շարժում է, եւ դրա հիմնական գաղափարներից մեկը հենց Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանելն է եւ դրա համար պայքարելը»։
Կարծիքներ