Ինչու՞ մենք պահանջատեր չենք, ձախողված պաշտոնյաների նկատմամբ
Հիպոթետիկ պատկերացնենք, Ձեզ ընդունել են հիանալի աշխատանքի` շատ բարձ աշխատավարձով, ասենք շուկայականից 4-5 անգամ բարձր: Տրամադրել են մեծ ու հարմարավետ աշխատասենյակ, հիասքանչ տեսարանով, այնքան մեծ, որ այնտեղ ապրել կարելի է. հանգստի սենյակով, լոգարանով, լիարժեք կահավորված: Աշխատանքը արդյունավետ կատարելու համար տվել են մի հսկայական թիմ` օգնականներ, տեղակալներ, վարորդ, խորհրդականներ, մի խոսքով ամեն ինչ արել են աշխատանքի լավ պայմաններ ապահովվելու համար: Աշխատանքն էլ աշխատանք չի՝ երազ է. սեփական քաղաքի բարեկեցությանը ուղղված: Պատկերացրեցի՞ք:
Հիմա պատկերացրեք, որ դուք 2 տարում ամեն ինչ արել եք մաքսիմալ քիչ աշխատելու համար, օգտագործել եք ամբողջ վարձատրվող և չվարձատրվող արձակուրդային օրերը, հետաձգել եք բոլոր կարևոր որոշումները, ձախողել եք կազմակերպչական աշխատանքները, աշխատանքի եք ընդունել իրենց գործից բան չհասկացող մարդկանց, ովքեր չեն կատարում պաշտոնական պարտականությունները: Ընտանիքի անդամներին լիազորություններ եք տվել և աշխատասենյակ, ենթականերին՝ զանգով աշխատանքից հեռացնելու հնարավորություն: Սնանկացրել եք գործընկերներին, հսկայական գումարներ եք ծախսել չաշխատող հիմնարկի ստեղծման վրա, երկիրը միջազգային հայցի թիրախ եք սարքել: Գրեթե մի ամբողջ տարի պանդեմիայի պատրվակով տանն եք եղել՝ էլ ավելի ձախողելով աշխատանքը: Երկու նոր բնակարան եք ձեռք բերել, բայց ոչ Ձեզ վստահված քաղաքում այլ օտար մայրաքաղաքում: Հետո էլ նոր տարուն արձակուրդ եք վերցրել ու գնացել այդ հեռու քաղաքում հանգստանալու:
Վերջապես, այսքանից հետո վերադառնում եք՝ իհարկե ուշացած, հունվարի 23-ին: Չնայած Ձեր քաղաքում ձյուն ու սառույց է, որը չի մաքրվել, մարդիկ ընկնում ձեռ ու ոտ են կոտրում, բայց Դուք ինչ անեք, հո անձամբ չեք մաքրելու, հսկայական հիմնարկ եք ստեղծել, միլիարդներ ծախսել՝ թող անեն: Կամ չէ ինչի հիմնարկը, թող տնտեսվարողները, ասենք խանութների ու ռեստորանների տերերը աղ ու բահ առնեն իրենց տարածքի դիմաց մաքրեն, «չեն մաքրել դրա համար էլ մաքրած չի»: Իսկ բակերում, թող բնակիչները մաքրեն, դրանից կարևոր գործ ունե՞ն, ուզում են շաբաթ կիրակի տանը նստեն, բայց մաքուր բակ ունենան, ու՞մ շնորհիվ: Դուք ինչ կապ ունեք, Ձեզ այլ բանի համար են աշխատանքի վերցրել:
Այս ամենը պատկերացնելով` մի հարց է ծագում՝ արդյո՞ք նման աշխատողին որևէ գործատու կպահեր, արդյո՞ք այսքան ձախողումներից հետո նրան կհանդուրժեին, արդյո՞ք նա արժանի է ստանալ իր աշխատավարձը: Ինչու՞ ենք մենք երկրի համար աշխատանքը շնից մազ պոկելու սկզբունքով հասկանում: Ինչու՞ մենք պահանջատեր չենք ձախողված պաշտոնյաների նկատմամբ: Ստացվում է, մի մասնավոր հիմնարկում աշխատելիս տասն անգամ ավելի շատ են պահանջում, քան պետական կարևորագույն պաշտոններում:
Կարծիքներ