Դեպի ժողովուրդը գնալը
«Հայը պիտի փոխվի, ուրիշ ճանապարհ չկա։ Սկզբում պետք է փոխվեն որոշումներ կայացնողները, մթնոլորտ ձեւավորողները, հանրային օրակարգը, բարքերը, հետո՝ լայն հասարակությունը»։ Իր հերթական հոդվածում այսպիսի հետեւության է հանգում ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը: Ասեմ, որ վերջին տարիներին անընդհատ հետեւում եմ նրա հոդվածներին, բայց որոշեցի առաջին անգամ արձագանքել անհատական կարգով: Որովհետեւ մեջբերված տեքստում ներկայացված է նորմալ պետություն կառուցելու բանաձեւը, սակայն... Դժբախտաբար, ողջ խնդիրն այդ «սակայն»-ի մեջ է: Որովհետեւ ինչպե՞ս պետք է փոխվեն որոշումներ կայացնողները, եթե հասարակության գրագետ հատվածն ի վիճակի չէ այսօր նրանց փոխելու: Իսկ եթե նրանք չփոխվեն, ապա, ներկայացված սխեմայի համաձայն, ամեն ինչ կմնա նույնը:
Դա՝ մեկ, եւ երկրորդ․ իր բազմաթիվ հոդվածներում հեղինակն անընդհատ կոչ էր անում, փոխաբերական ասված՝ գնալ դեպի ժողովուրդը: Այսինքն՝ զրուցել շարքային քաղաքացիների հետ, լսել նրանց, ներկայացնել սեփական տեսակետները: Եվ այդ երկխոսության շնորհիվ «բացել նրանց աչքերը»՝ խորհրդահայ արձակագիր Արտաշես Քալանթարյանի գրքի (1979 թ.) վերնագրի ոգով: Իսկ արդյունքը պետք է լիներ ժողովրդական լայն զանգվածներին ոտքի հանելն ու իշխանության փոփոխությունը: Բայց, ինչպես երեւում է, դեպի ժողովուրդը գնալն արդյունք չի տալիս: Ի դեպ, իմ տարիքի (65+) անձինք կամ ավելի երիտասարդները, որոնք ծանոթ են Ռուսաստանի պատմությանը, կհիշեն 19-րդ դարավերջին ծավալված «նարոդնիկության» շարժումը: Եվ հենց ցարիզմը տապալելու առումով այդ շարժման արդյունքները. այսինքն՝ զրոյական:
Փաստորեն, իր նախկին հոդվածների եւ այս մեկի միջեւ առկա է տրամաբանական հակասություն. եթե լայն հասարակությունը պետք է վերափոխվի ամենավերջում, ապա ինչպե՞ս է հնարավոր երկխոսություն վարել չվերափոխված լայն հասարակության հետ: Իսկ նույն այդ ժողովրդին զրույցների միջոցով վերափոխելու տարբերակին ես այնքան էլ չեմ հավատում: Ասվածը, մեծ հաշվով, նշանակում է, որ իշխանափոխության եղանակը պետք է տարբերվի նրանից, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը: Ասեմ, որ մի ժամանակ ես եւս ենթադրում էի, որ հանուն իշխանափոխության պետք է կատարվեն այն նույն գործողությունները, որոնք կատարվել են երբեմնի «դուխով» Նիկոլի առաջնորդությամբ: Հաշվի չեմ առել ակնհայտը՝ այն, որ շատ բան է փոխվել մեր կյանքում, եւ մարդիկ արդեն ուրիշ են, սարսափելիորեն ուրիշ: Իսկ հին հունական փիլիսոփաներից Հերակլիտոսն (6-5-րդ դարեր մ. թ. ա., Եփեսոս) էր իրավամբ ասում, որ «նույն գետը հնարավոր չէ մտնել երկրորդ անգամ»:
Ասեմ, որ դեպի ժողովուրդը գնալու գաղափարն այսօր ամենատարածվածն է ընդդիմության շրջանում: Դրա պատճառն իրականում ոչ թե բողոքավոր զանգվածի քչությունն է, այլ գործողությունների վճռականության բացակայությունը: Ինչը, բնականաբար, բողոքավոր ժողովրդին առաջնորդողի (առաջնորդողների) մեղքն է: Երբ 2018-ի գարնանը Նիկոլը հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ ունեցող Ռադիոտան շենքի դուռն էր ջարդում, նրան հետեւում էին ոչ թե հազարներ, այլ երկու-երեք տասնյակ անձ: Հենց այդ գործողությունն էլ, ի դեպ, հանգեցրեց հազարների փողոց դուրս գալուն: Այնպես որ, պետք է կողմնորոշվենք՝ գնում ենք դեպի ժողովո՞ւրդը, թե՞ ժողովրդին ենք տանում մեր հետեւից: «Մեր» ասելով՝ նկատի ունեմ այն անձին, ով համարձակություն կունենա առաջնորդել այդ ժողովրդին՝ աչքի առաջ ունենալով իշխանության հակազդեցությունը:
Կարծիքներ