Եթե ԿԳՄՍՆ-ն այլ լուծում ունենար, սրան չէր գնա

Եթե ԿԳՄՍՆ-ն այլ լուծում ունենար, սրան չէր գնա

ՀՀ բարձրլեռնային եւ սահմանամերձ բնակավայրերում, ինչպես նաեւ քաղաքային համայնքների որոշ դպրոցներում ուսուցիչների թափուր հաստիքների առկայությամբ պայմանավորված՝ ԿԳՄՍ նախարարությունն արագ եւ իրավիճակային լուծում է գտել։  

«Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորմամբ, մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթություն ստացած մասնագետները, ովքեր ձեռք են բերել 30 կրեդիտ, հնարավորություն կստանան դասավանդել դպրոցներում։ 

Համաձայն օրենքի վերոնշյալ դրույթի՝ եթե առնվազն երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը մնա չլրացված, ապա տվյալ թափուր տեղի համար կարող է դիմել նաեւ տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն եւ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպության (կազմակերպությունների), այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատության առաջարկած համապատասխան կրթական ծրագրի միջոցով մանկավարժության առնվազն 30 կրեդիտ ունեցող անձը:

ԿԳՄՍ նախարարի հրամաններով, մանկավարժի որակավորում չունեցող անձանց առնվազն 30 կրեդիտ տրամադրելու նպատակով, երաշխավորվել են Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մշակած ծրագրերը եւ «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը՝ իբրեւ վերապատրաստող կազմակերպություն:

Բարձրագույն կրթությամբ, բայց մանկավարժի որակավորում չունեցող մասնագետների առկայությունը դպրոցներում ավելի շատ կօգնի՞, թե՞ կվնասի կրթական համակարգին․
Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Ջիվան Սիրականյանն այս հարցին դեռ կոնկրետ պատասխան չունի․ «Պրակտիկան ցույց կտա։ Դուք գիտեք, որ հիմա դպրոցներում կադրերի պակաս կա, առկա է կադրերի խնդիր, եւ պետք է այնպես անենք, որ երեխան չմնա առանց որեւէ առարկայի դասավանդման։ Պրակտիկան ցույց կտա դրա լավն ու վատը»։ Ջ․ Սիրականյանն ասում է՝ իրենցը մեծ դպրոց է, ունեն մասնագետներ բոլոր առարկաների գծով, բոլորն էլ՝ բարձրագույն մասնագիտական կրթությամբ․ «Մեր դպրոցի աշակերտների թիվը մեծ է՝ 700-ի կարգի, ուսուցիչների մասնագիտական ապահովվածությունն էլ կա, այս պահին դեռ կադրային խնդիր չունենք»։     

Սյունիքի մարզի Դավիթբեկի միջնակարգ դպրոցի տնօրեն Վրեժ Բալայանից հետաքրքրվեցինք․ այս որոշումն ի՞նչ դրական եւ բացասական ռիսկեր է պարունակում, եւ կոնկրետ իրենց դպրոցում ո՞ր առարկաների գծով ուսուցչի թափուր հաստիքներ կան։ «Թափուր հաստիք ունենք ֆիզիկայից, բայց ուրիշ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչն այդ առարկան առցանց պարապում է մեր երեխաների հետ»։ Այս որոշումն ավելի շատ կօգնի՞ դպրոցներին, թե՞ հնարավոր է՝ «ով ասես, մտնի դպրոց»։ «Այնպես չէ, որ ամեն մեկին կարող ենք ընդունել, դա, ի վերջո, տնօրենի եւ մանկավարժական խորհուրդների որոշումն է։ Ի վերջո, պետք է նայենք, թե ում ենք ընդունում, այնպես չէ, որ միանգամից վերցնենք աշխատանքի»։

Այն, որ ուսուցիչների պակասը գնալով ավելի շատ է զգացվում թե՛ մարզային, թե՛ մայրաքաղաքային մի շարք դպրոցներում, Դավիթբեկի դպրոցի տնօրենն ասում է, որ սա միայն այսօրվա խնդիր չէ․ «Այդ պրոբլեմը հենց այսօր կամ անցած օրը չի առաջացել, դա տարիների արդյունք է․․․ սա մի բան է, որի մասին բոլորն էլ գիտեն․․․»։ Այդուհանդերձ, սա խնդրի լուծո՞ւմ է։ «Հնարավոր է այս պահի դրությամբ լուծում լինի, հետագայում էլ ինչ-որ որոշումներ կայացվեն»։     

Կրթության փորձագետ Վիկտոր Մարտիրոսյանն ասում է՝ սա այն դեպքն է, երբ նախարարությունն այլընտրանք եւ «ճար» չունի, եւ նույնիսկ խորհրդային տարիներին այդ պրակտիկան կիրառվել է․ «Ես՝ ինքս, սահմանային մի գյուղում եմ ծնվել, եւ մինչեւ 6-րդ դասարան այդ դպրոցում ինձ մասնագիտական կրթություն ստացած որեւէ ուսուցիչ չի դասավանդել։ Փոքրիկ լեռնային գյուղ էր՝ Եղեգնաձորի շրջանում, որտեղ ոչ ոք չէր գալիս դասավանդելու։ Այսինքն՝ նույնիսկ խորհրդային տարիներին այս խնդիրը կար, ու եթե հիմա ԿԳՄՍՆ-ն այլ լուծում ունենար, սրան չէր գնա։ Այս դեպքում սա չարյաց փոքրագույնն է»։

Ըստ փորձագետի՝ այս պարագայում նախարարությունը նույնիսկ ստիպված կլինի որոշ տեղեր ուղարկել նրանց, ովքեր հենց միայն ցանկություն կհայտնեն, որովհետեւ, հաստատ, այդ հեռավոր գյուղերի մի մասում աշխատելու ցանկություն ունեցողներ չեն լինի՝ կապված սոցիալական, տրանսպորտային, ապրելու եւ այլ պայմանների հետ․ «Այսինքն՝ տեղեր կլինեն, որ ստիպված կլինեն ամեն մի ցանկացողի, ով ցանկություն կհայտնի, ուղարկել։ Տա Աստված, որ կարողանան համեմատաբար ավելի պատրաստված ուսուցիչների գործուղել այդ դպրոցներ»։

Վ․ Մարտիրոսյանը նկատում է, որ, մեծ հաշվով, սա չի կարող խնդրի լուծում լինել։ «Իմ մոտեցումն այս պարագայում մեղմ է այնքանով, որ այդ ամենի հետեւում ես տեսնում եմ երեխաների, որոնք կարող են ընդհանրապես դպրոց չգնալ կամ գնալ եւ այդ առարկաները չուսումնասիրել։ Իսկ, ընդհանուր առմամբ, թե՛ նախարարությանը, թե՛ իշխանությանը պետք է ասել մի պարզ բան՝ ձեզ դեսուդեն մի խփեք, թե ուսուցիչները չեն գնում դպրոցներ, որովհետեւ կա՝ սա, սա․․․, ուսուցիչը դպրոց չի գնում, որովհետեւ իրենք կարողացան այնպիսի մի իրավիճակ ստեղծել, որ սովորող աշակերտի աչքին ուսուցիչը դարձավ բացասական կերպար։ Այդ ամբողջը, որ իրենք տարիներ շարունակ արեցին, թե ուսուցիչները կոռումպացված են, անգրագետ են, մանկավարժ ու հոգեբան չեն, եւ այդպես շարունակ, բերեց հանգեցրեց սրան, ու մեր հիմնական դժբախտությունը հենց սա է։ Իսկ առաջ ուսուցչի մեջ աշակերտը տեսնում էր իդեալ, նրան նմանվելու միտում ուներ, երեխաները մանկապարտեզում, դպրոցում «ուսուցիչ-ուսուցիչ» էին խաղում, հիմա մտեք դպրոց, հարցրեք, թե քանի հոգի է ուզում ուսուցիչ դառնալ։ Սա էր ամենամեծ հարվածը, երբ հեղինակազրկեցին ուսուցչին ու հիմա եկել կանգնել են կոտրած տաշտակի առաջ եւ, ուզեն-չուզեն, պետք է գնան նման զիջումների, իսկ առաջիկայում՝ նաեւ Երեւան քաղաքում։ Կփորձեն բուհերի կրճատման արդյունքում բուհական մասնագետներ ներգրավել կրթության մեջ, բայց նրանք էլ չեն գա, որովհետեւ սովոր չեն այդ աշխատավարձով աշխատել դպրոցում, ու ստիպված կլինեն նորից մասնագիտություն, կրթություն չունեցող մարդկանց մտցնել դպրոցներ։ Տխուր է, բայց սա է այսօրվա իրականությունը»,- նկատում է Մարտիրոսյանը։

Մի կողմից, պետությունը փորձում է ապահովել երեխաների կրթության իրավունքը, բայց, մյուս կողմից էլ, հաճախ բախվում ենք այն պատկերին, որ կա ուսուցիչ, բայց չկա որակ։ «Դա արդեն փաստ է, արդեն իսկ այդ կարգի մարդկանց ընդունելով դպրոց, դա դիտարկում ենք ոչ թե վտանգ, այլ՝ իրողություն, փաստ։ Ու երբ այս իրավիճակը համեմատում ենք ընդհանրապես կրթության բացակայության հետ, մեզ ստիպում է մի քիչ մեղմ մոտենալ հարցին, թե չէ՝ այդ մարդիկ լիարժեք կրթություն չեն կարողանալու ապահովել, այդ երեխաներն էլ կորուստ ունենալու են եւ՝ մեծ կորուստ»։