Ո՞վ է սցենարիստը

Ո՞վ է սցենարիստը

Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հերթական անգամ պնդում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում Իլհամ Ալիեւին «փաստաթուղթ է փոխանցել»: Ի՞նչ փաստաթուղթ է՝ նա չի մանրամասնում: Փոխարենը մանվածապատ եւ, արդեն պետք է հստակ ասել, չափազանց պրիմիտիվ դատողություններ է անում նոր աշխարհակարգի, համաթուրանականության սպառնալիքի եւ այլ ոչ առարկայական հարցերի շուրջ: Վիտալի Բալասանյանը որտեղի՞ց գիտի, որ Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիեւին «փաստաթուղթ է փոխանցել»: Որ այդ մասին նրան վարչապետ Փաշինյանը կամ նրա աշխատակազմից որեւէ մեկն է ասել, բացառվում է: Մնում է երկրորդ տարբերակը՝ «փաստաթղթի փոխանցման» մասին Բալասանյանին իրազեկել են Բաքվից: Կամ՝ Բաքվի հետ սերտ համագործակցող մի ուժային կենտրոնից: Բայց այստեղ տրամաբանություն չկա: Որովհետեւ 2019-ի տարեվերջից Ադրբեջանը վերստին անցել է պատերազմական հռետորաբանության, իսկ մի քանի օր առաջ էլ դիմեց ուղղակի նախահարձակման: Եթե կա ծրագիր, ինչպես Բալասանյանն է ասում, եւ դա Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագիրն է, որին համաձայնել է Նիկոլ Փաշինյանը, ապա Ալիեւը չպետք է կոշտացներ տոնը, չպետք է գրոհեր Հայաստանի պետական սահմանը: Հանգիստ առաջ կտաներ բանակցային գործընթացը: Մինչդեռ այսօր միջնորդները եւ Ադրբեջանը Հայաստանին հորդորում են վերադառնալ նախկին պայմանավորվածություններին եւ այդ հիմքով վերսկսել քննարկումները:

Հիմա հարցնենք Վիտալի Բալասանյանին, որ ապրիլյան պատերազմից հետո Արցախի ԱԽ քարտուղարն էր եւ ի պաշտոնե պետք է տեղյակ լինի՝ ի՞նչ պայմանավորվածությունների մասին է խոսքը: Պայմանավորվածություններ, որ Իլհամ Ալիեւը ձեռք է բերել Հայաստանի նախկին իշխանությունների հետ եւ հիմա Փաշինյանի կառավարության վրա ահռելի ճնշումներ է գործադրում, որպեսզի նա «այո» ասի դրանց: Անկեղծ լինելու դեպքում Վիտալի Բալասանյանը նախ պետք է այդ փակագծերը բացի: Բայց՝ ոչ, նա, պիտի օգտագործենք իր ձեւակերպումը՝ Արցախում «մի պրոյեկտի պրարաբն է»: Դատելով Վիտալի Բալասանյանի բառապաշարից եւ ձեւակերպումներից՝ խնդիր է դրված կոխկրտել անգամ դասագրքային ճշմարտությունները, անվանարկել պատերազմի եւ պետականաշինության գործին ավանդ բերած բոլորին, միայն թե լուծվի գերխնդիրը՝ Արցախում «քրեական հետապնդում սկսվի նրանց նկատմամբ, ովքեր աջակցել են Հայաստանի հեղափոխությանը»: Միայն այդ ձեւով ոմանք կարող են ազատվել քրեական հետապնդումից: Վիտալի Բալասանյանն այլեւս չի կարողանում թաքցնել իր բուն առաքելությունը՝ նա ոչ թե քաղաքական, այլ իրավիճակային գործիչ է, որ ասպարեզում է, որպեսզի արցախահայությանը մանիպուլյացիայի ենթարկի երեսնամյա վաղեմության առասպելների ռեինկառնացիայով: Այդ ամենը թողնում  օտարահպատակության դառնադառը տպավորություն: Բաց, ազատ եւ մրցակցային ընտրություններում եւս մեկ ցավալի պարտություն կրելուց հետո, թվում էր, Վիտալի Բալասանյանը կհամոզվեր, որ քաղաքականությունն իրեն եւ ղարաբաղյան պատերազմի դաշտային մյուս հրամանատարներին հակացուցված է, կտեսներ, որ իր պատկերացումները մեր իրականությունից տասնամյակներով հետ են մնացել, որ իր ժամանակը 20-րդ դարի հետ սպառվել, Լեթայի ջրերն է ընկել եւ կփրկեր պատերազմի հերոսի կերպարը: Ցավոք, նա դիմակայությունն է ընտրել: Ո՞վ է այդ վտանգավոր ճանապարհին նրան ուղեցույցը:  Ո՞վ է ծրագրավորում Արցախի ներքաղաքական լարվածությունը: