Եղեգնաձորում «Հրապարակի» լուրն են քննարկում

Եղեգնաձորում «Հրապարակի» լուրն են քննարկում

Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու դեպքից հետո մարզպետարանում ինտրիգային իրավիճակ է։ Մարզպետի հեռանալու լուրը քննարկվում է բոլոր աշխատասենյակներում։ Նրանք, ումից մարզպետն ուզում էր ազատվել, գոտեպնդվել են, իսկ նրա բերած մարդիկ, հակառակը, մտավախություններ ունեն, որ Տրդատ Սարգսյանի հետ իրենք էլ են հեռանալու։ 

Մեր նախորդ հրապարակումներում գրել էինք, որ Եղեգնաձորում լուրեր էին տարածվում, թե մարզպետ Տրդատ Սարգսյանը եւս եղել է դեպքի վայրում, ինչը մարզպետը հերքել է։  

Կասկածներ կան նաև, որ տեսախցիկները, որոնք ֆիքսել են, որ դեպքի օրը՝ սեպտեմբերի 18-ին, մարզպետը մտել է իր շենք ու դուրս չի եկել, տեղադրվել են դեպքից հետո` մարզպետի համար ալիբի ստեղծելու համար, իսկ դրանց վրայի կադրերը «հետ են տրվել» մարզպետարանի համակարգչային մասնագետ Վարդան Մխիթարյանի կողմից։ Բանն այն է, որ Վարդան Մխիթարյանի աղջիկը սեպտեմբերի 17-ի թվագրմամբ, մարզպետի կարգադրությամբ, ընդունվել է աշխատանքի լրատվության բաժնում։ Մարզպետարանի մեր աղբյուրը հայտնել էր, որ այսկերպ մարզպետը փոխհատուցել է իր համակարգչային մասնագետ Վարդան Մխիթարյանի ծառայությունը։ 

Լուրը մարզպետարանից չհերքեցին։ Մամուլի քարտուղարը մեզ ուղղորդեց առ Տրդատ Սարգսյանի քարտուղարուհի, իսկ վերջինս չմիացրեց մարզպետի հետ։ Եվ երեկ, ահա, զանգահարեց խմբագրություն համակարգչային մասնագետ Վարդան Մխիթարյանը և ասաց, որ ինքը տեսախցիկ չի տեղադրել մարզպետի շենքի մոտ։ «Այնտեղ կա ատամնաբուժարան, որը ունի տեսախցիկներ։ Իմ աղջիկն աշխատանքի է ընդունվել ամսի 17-ին, դեպքից մեկ օր առաջ», - ասաց նա։

Մեր առարկությանը, թե հաճախ կարգադրությունների թվագրումները փոխում են, նա պատասխանեց․ «Բայց համակարգչային փաստաթղթաշրջանառություն կա, որը չի կեղծվում»։ Ասաց, որ իր աղջկա՝ մարզպետարանում աշխատանքի ընդունվելու մասին նա չի իմացել։ «Իսկ տեսախցիկները կեղծելը կարելի է պարզել փորձաքննությամբ», -ասաց Վարդան Մխիթարյանը։  Դե ինչ, սպասենք քննության արդյունքներին։