Հետընտրական զարգացումները՝ որպես լակմուսի թուղթ

Հետընտրական զարգացումները՝ որպես լակմուսի թուղթ

Նախկինների դեմ ավելի քան 15-ամյա քաղաքացիական պայքարի ընթացքում անհաշվելի անգամ մասնակցել եմ ընտրատեղամասերում դիտորդական առաքելության իրականացմանը: Առաջին մի քանի անգամ մասնակցել եմ կամավորության սկզբունքով՝ այս կամ այն կազմակերպության անունից: Պայքարել եմ ընտրակաշառքի, ուղղորդումների եւ ընտրակեղծարարության այլ դրսեւորումների դեմ: Ու միշտ փորձել եմ ինքս զերծ մնալ ուղղորդելուց, եթե նույնիսկ ունեցել եմ նման հնարավորություն: Թեեւ որպես գործող իշխանությանն ընդդիմադիր՝ կարող էի մեկ-մեկ կյանքի կոչել օգտակարի ու հաճելիի համադրումը: Սակայն, որպես գիտակից քաղաքացի, հասկանում էի, որ եթե պայքարում ես անօրինության դեմ, ապա իշխանական անօրինությանը չպետք է դեմ տաս ընդդիմադիր անօրինությունը: Այլապես արդյունքում կստանաս ոչ թե անօրինության վերացում, այլ դրա ուղղվածության պարզ փոխարկում:  

Հունիսի 20-ի ընտրությունն ու հետընտրական զարգացումները հերթական անգամ վկայեցին, որ Հայաստանում հաստատվել է ոչ թե «ժողովրդի իշխանություն», այլ դրա անվան ներքո ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանի բռնատիրական իշխանությունը: Եվ ոչ մի նշանակություն չունի, որ վերջինս ժողովրդին իբրեւ թե սիրում է ու նրա առաջ կեղծ խոնարհվում: Որ վերջինս անընդհատ մանիպուլացնում է մարդկանց՝ ասելով, թե իշխանությունը ժողովրդինն է, եւ ինքը ստացել, իսկ հետո էլ վերադարձրել այն ժողովրդին ու կրկին ստանում է ժողովրդից: Եվ ժողովուրդ կոչվածի հավաքականության մի որոշակի մաս կերավ այդ կուտը:

Ասում են, չէ՞, որ կանայք սիրում են ականջներով, կյանքը ցույց տվեց, որ ժողովրդի նշված մասն էլ է սիրում ականջներով: Իսկ մեկ անձի բռնատիրությունը, ինչպես հայտնի է, հենված է ոչ թե օրենքների, այլ ապօրինության վրա:

Գանք ընդդիմադիր հայացքներ ունեցող Սյունիքի համայնքապետերին: Դրանք հիմնականում նախկիններ են կամ եթե նախկին չեն, ապա գործող ՔՊԿ-ական էլ չեն: Իսկ այդպիսիք ժողովուրդ լինել չեն կարող: Եվ քանի որ ժողովուրդ չեն, ապա նրանց պետք է ամեն գնով չեզոքացնել: Որպեսզի հեռու լինեն ժողովրդից եւ չվարակեն նրանց իրենց ընդդիմադիր հայացքներով: Իսկ չեզոքացնելու լավագույն ձեւը հրաժարական պարտադրելն է ու քրեական գործ կարելը: Չէ՞ որ, «մերն ուրիշ է» բանաձեւի համաձայն, մեր ժողովրդավարության հիմնական բնորոշող հատկանիշը քրեական գործ կարելն է: Իսկ ո՞ր պահն է ամենահարմարը՝ քրեական գործ կարելու առումով:

Իհարկե, հետընտրական, երբ դու հաղթել ես հասարակությանը եւ պետականությանը: Այսպիսով, հետընտրական զարգացումները (չնայած ընտրությունն էլ մի բան չէր այդ առումով. ՍԴ ներկայացված դիմումների բովանդակությունը՝ վկա) կարելի է դիտարկել որպես հայաստանյան ժողովրդավարության լակմուսի թուղթ: 

Իսկ թե ինչպես կկարվեն այդ քրեական գործերը, էական չէ: Կեցցե՛ն այն նախկինները, ովքեր ծառայում են նիկոլական ժողովրդավարությանը եւ հանուն դրա կարող են շրջանցել օրենքի այս կամ այն դրույթը: Իսկ որ այդպիսիք կան ու դեռ կլինեն՝ դա գաղտնիք չէ. չէ՞ որ մարդիկ ընտանիք են պահում: Այսպես էլ ապրում են (ենք)…