Գնա՛․․․

Գնա՛․․․

Երբ բաժակը լցվում է, պիտի թափվի։ Մի քանի կաթիլ ջուրն անգամ չի կարող տեղավորվել նրա մեջ՝ ինչ լցվում, թափվում է։ Հայ ժողովուրդն այսօր այդ վիճակում է։ Համբերության բաժակը լցվել է, վաղու՜ց է թափվում ու Փաշինյանը, որ ասում է՝ խնայեք ջուրը ատամ լվանալու ժամանակ, չնկատելու, չտեսնելու է տալիս, որ ժողովրդի համբերության բաժակը վաղու՜ց լցվել ու թափվում է։ Էլ բառ չկա, որ նրա ու իր խմբակի հասցեին օգտագործված չլինի, մարդիկ հոգնել են նրան բան ասելուց, հասկացնելուց, նրա պարերը, երգերը ծամծմելուց ու թափելուց։ Ինքը չլսելու, չտեսնելու է տալիս հանրության լցված բաժակը, բայց կառավարության նիստի ժամանակ  մի բլոգերից օրինակ է բերում, որ  Գերմանիայում լվացվելիս օճառվելու ընթացքում ծորակը փակում են, հետո բացում, լվացվում, իսկ մեզ մոտ մագնիս են դնում։ Ժողովրդի վրա այդ լռության մագնիսը դու՛ ես դնում, որ ժողովուրդը խոսի, հոսի՜, իսկ դու ուշադրություն չդարձնես։ Մեղրիում  բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասում է․  

«Եթե Երևանում ամեն մեկն ատամ լվանալիս 5 վայրկյան ավել ոչ նպատակային օգտագործի ջուրը, կնշանակի՝ Շվանիձորի նման 62 համայնք ջրից կզրկվի»: Իսկ երբ ժողովրդի համբերության բաժակը յոթ տարի լցվել ու ողողել է Հայաստանը, չնկատելու է տալիս․․․ Եվ երբ ասում են՝ ծորակը խլել ես, փակիր ու հրաժարական տուր, էլի չլսելու է տալիս։ Իսկ ջուրը, հանրության էներգիան անտեղի վատնվում է ու մարդիկ այլևս ուրիշ երկար արտահայտություններ, բնորոշումներ չպետք է տան։ Մի բառ միայն պիտի ասեն՝ գնա՛։ Ինքը գիտի, թե ինչի համար պիտի գնա, ինքը շա՜տ բան գիտի իր արածի մասին ու պետք չէ հիշեցնել։ Միայն գործողությունը պիտի հիշեցնել՝ գնա՛։ Իր ֆեյսբուքյան էջը ողողված է այդ բառով՝ գնա՛։