Հայաստանը Կարսի պայմանագրի նկատմամբ հստակ պիտի իր դիրքորոշումը արտահայտի․ Պապյան
Այս տարի լրանում է Կարսի ողբերգական անկումից հետո կնքված Կարսի պայմանագրի 100-ամյակը։
Փետրվարի 8-ին հայտնի դարձավ, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն ժողովի (խորհրդարան) նախագահ Վասիֆ Թալըբովը Կարսի պայմանագրի 100-ամյակը նշելու մասին հրամանագիր է ստորագրել:
Կարսի պայմանագիրը կնքվել է 1921 թվականի հոկտեմբերի 13-ին։ Համաձայն պայմանագրի նախաբանի՝ ստորագրել են Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կառավարությունները՝ մի կողմից, Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարությունը՝ մյուս կողմից, Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության մասնակցությամբ։
Պայմանագրով Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ և Սուրմալուի գավառը, ներառյալ՝ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում։
Թեմայի շուրջ «Հրապարակ» թերթը զրուցել է իրավաբան, պատմաբան, «Ազգային – Ժողովրդավարական բևեռ» քաղաքական նախաձեռնության անդամ Արա Պապյանի հետ։
- Պարո՛ն Պապյան, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ազգային ժողովի նախագահը հրամանագիր է ստորագրել, որ պատրաստվում են նշել Կարսի պայմանագրի 100-ամյակը։ Ցանկանում էին իմանալ՝ այն անժամկե՞տ է, թե՞ նորից պետք է պայմանագիր կնքվի։ Սա Հայաստանի համար ի՞նչ է նշանակում:
- Նախ ասեմ, որ ո՛չ Մոսկվայի, ո՛չ Կարսի պայմանագրերը որևէ ժամանակային սահմանափակում չունեն։ Եվ անիմաստ ու անտեղի են խոսակցությունները, իբր «100 տարին լրանում է, դրանք կա՛մ չեղյալ են լինում, կա՛մ պիտի վերակնքվեն»։ Նման բան չկա։ Երկրորդը, Կարսի պայմանագիրը չենք կարող մեկուսի դիտարկել։ Դա, ըստ էության, 1921 թվականի մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրի ածանցյալն է։ որովհետև Մոսկվայի պայմանագրի 3-րդ հոդվածով՝ Նախիջևանը որպես խնամակալություն, պրոտեկտորատ դրվել է Ադրբեջանի ենթակայության տակ, իսկ հետո Կարսի պայմանագիրը դա վերահաստատել է պարզապես։ Երրորդ, և՛ Մոսկվայի, և՛ Կարսի պայմանագրերն անօրինական փաստաթղթեր են, որովհետև կնքելու պահին կողմերից որևէ մեկը՝ Մոսկվայի պարագային Սովետական Ռուսաստանը և Քեմալական շարժումը, իսկ Կարսի պայմանագրի պարագային Քեմալականները և հարավկովկասյան Սովետական հանրապետությունները չեն եղել միջազգային իրավունքի սուբյեկտներ, հետևաբար իրենք չէին կարող կնքել միջազգային պայմանագիր։ Քեմալականներն ընդհանրապես ապստամբական շարժում էին 1921 թվականին՝ մահվան դատապարտված օրինական իշխանության կողմից, անձամբ՝ Քեմալը [Թուրքիայի Հանրապետության համահիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքը] և քեմալականները, հետևաբար հանցագործների թիմը չի կարող որևէ օրինական գործողություն անել։ Չորրորդ, ի՞նչ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար։ Հայաստանը Կարսի պայմանագրի նկատմամբ հստակ պիտի իր քաղաքական դիրքորոշումը արտահայտի, որովհետև իբր թե (շեշտում եմ «իբր թե») մաս է կազմում, իսկ Մոսկվայի պայմանագրի վերաբերյալ էլ պիտի պահանջի իր դաշնակից Ռուսաստանից, որ նա իրավաքաղաքական դիրքորոշում արտահայտի Մոսկվայի պայմանագրի նկատմամբ։
- Կարսի պայմանագրի դեպքում ի՞նչ է կարելի անել ընդհանրապես։
- Կարսի պայմանագրի մասով Հայաստանը կարող է քաղաքական հայտարարություն անել, դիրքորոշում հայտնել, սա մեկ։ Կարող է խորհրդարանում քննարկումներ անել և դատապարտել դա։ Կարող է դիմել Խորհրդատվական կարծիք [’’Advisory opinion“] հայցելով Արդարադատության միջազգային դատարանից [Միավորված ազգերի կազմակերպության Արդարադատության միջազգային դատարան / International Court of Justice]՝ «արդյո՞ք օրինական է այս փաստաթուղթը», «արդյո՞ք իրավունք ունեին»։ ’’Advisory opinion“ հայցի՝ փորձելով իրավական կարգավիճակը հստակեցնել։ Այդ քայլերը կարող է անել։ Կարող է դիմել դատարան որպես ՄԱԿ-ի անդամ երկիր և ասի, որ «կա այսպիսի մի փաստաթուղթ, որի օրինականությունը, ըստ մեզ, խախուտ է, սխալ է, անօրինական է»։ Եթե չեմ սխալվում 36-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետն է, այսինքն՝ տեսակետի արտահայտում ցանկացած միջազգային փաստաթղթի մասին։ Պահանջի Միջազգային դատարանից տեսակետ՝ «արդյո՞ք օրինական է եղել կնքման պահից Կարսի պայմանագիրը, թե՞ ոչ»։ Որովհետև 1968 թվականի Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիան հստակ է, որ եթե պայմանագիրը կնքման պահին հակասել է միջազգային օրենքներին, ապա այն կնքման պահից անօրինական և անվավեր է։ Հետևաբար թող հստակեցնի, գոնե իրավական տեսանկյունից կչեղարկի Կարսի պայմանագիրը։
- Տեսեք։ Որ ցանկանում են նշել Նախիջևանում, նկատի ունե՞ք այս շրջանում էլ հայտարարություն անեն։ Սա ի՞նչ արձագանք կստանա աշխարհում, որքանո՞վ ընկալելի կլինի աշխարհի համար։
- Բնականաբար Նախիջևանը պետք է նշի, որովհետև շնորհիվ այդ փաստաթղթի Երևանի նահանգի մաս հանդիսացող գավառը [1849-1918թթ․ Ռուսաստանի կայսրության Երևանի նահանգի Նախիջևան գավառ] կտրվել ու տրվել է Ադրբեջանին։ Բնական է, որ ադրբեջանցիները դա պետք է նշեն։ Դա, այսպես ասած, նրանց երջանկության հիմքն է։ Հայաստանը պետք է նշի, բայց հակառակ տեսանկյունից՝ դատապարտելով ու ցույց տալով անօրինականությունը։ Աշխարհն ինչպե՞ս պիտի ընկալի։ Աշխարհը սովորական պիտի ընկալի։ Դուք դատապարտում եք անօրինական գործունեությունը։ Ճիշտ ձևով կդատապարտեք, ճիշտ ձևով կկազմեք փաստաթուղթը, ճիշտ քայլեր կանեք, աշխարհի համար դա ընդունելի կլինի։ Չեք անի, աշխարհը չի էլ իմանա։ Աշխարհը խորապես հեռու է այս պրոբլեմներից։
- Ենթադրենք, դիմում ենք Միջազգային դատարան, այդ պրոցեսն ինչպե՞ս է լինում։ Քվեարկությա՞ն է դրվում պետությունների կողմից։
- Պետությունների չէ։ ՄԱԿ-ի դատարանում կա 15 անդամ, որոնք չեն ներկայացնում պետություններ։ Նրանք անհատ իրավաբաններ են, բնականաբար տարբեր երկրներից են։ Բայց ի տարբերություն Անվտնագության խորհրդի, որտեղ իրենք պետության ներկայացուցիչ են և անդամների թիվը հստակեցված է, այսինքն՝ որ երկրները պիտի թեկնածու ասեն, Միջազգային դատարանն էդպես չի։ Միջազգային դատարանն ունի 15 անդամ, և այդ երկրները փոփոխական են, իհարկե, մեծ երկրները գրեթե միշտ ներկա են։ Այսինքն՝ 65-րդ հոդվածի հիման վրա պետք է դիմի։ Եվ Խորհրդատվական կարծիք հայցի ՄԱԿ-ի որևէ կառույցի միջոցով, օրինակ՝ 6-րդ կոմիտեի [Իրավական կոմիտե]։ Դատարան ինչպե՞ս են դիմում։ Մարդը խնդիր ունի, գնում է դատարան, ասում է. «Սա է»։ Նույնն էլ՝ պետությունը, դիմում է միջպետական դատարան։ Դուք ասում եք, որ «21 թվին ինձանից խլել են Երևանի նահանգի մի մասը, անունը դրել են «Նախիջևան», տվել են Ադրբեջանին։ Ես գտնում եմ, որ սխալ են արել»։
- Այսինքն՝ Դուք համոզված եք, որ այս առումով հայկական կողմը կհաղթի՞։
- Իհարկե, կհաղթի։ Միանշանակ է։ Այդտեղ չի էլ կարող ուրիշ բան լինել, որովհետև կնքած կողմերը՝ ո՛չ քեմալականները, ո՛չ Սովետական Հայաստանը, ո՛չ Սովետական Ռուսաստանը չեն եղել պետություններ այդ ժամանակ։ Թուրքիայում պետության գլուխն է եղել Մեհմեդ 6-րդ Վահիդեդին Սուլթանը։ Քեմալը եղել է ապստամբ, օրենքով դատապարտված սուլթան, որը պաշտոնանկ է արվել մինչև դա էլ։ Այսինքն՝ որևէ կարգավիճակ չունեցող։ Պարզ ասած՝ «սարերը փախած ավազակ» է եղել 1921-ին։ Ինչպե՞ս կարող նրա կնքած փաստաթուղթը լինել օրինական։
- Իսկ այս պայմանագրերը որևէ ազդեցության ունե՞ն Լեռնային Ղարաբաղի վրա, Լեռնային Ղարաբաղի հարցի վրա։
- Միանշանակ, որովհետեւ եթե մենք Մոսկվայի պայմանագրի առումով ռուսական կողմի անօրինականությունն ենք փաստում, և Սովետական Ադրբեջանի անօրինականությունը, հետևաբար 21 թվի Սովետական Ռուսաստանի կուսակցական որոշումը, Կավբյուրոյի որոշումն ավելի քան անօրինական է։ Որովհետեւ կուսակցական որևէ որոշում, այն էլ անօրինական երկրի անօրինական կուսակցության որոշում չի կարող օրինական հետևանքներ ստեղծել։
- Իսկ սա նշանակո՞ւմ է վերադարձ Թուրքմենչայի պայմանագրին, որը կնքվել է Ռուսական կայսրության և Իրանի միջև։ Այս պայմանագիրն ազդո՞ւմ է Լեռնային Ղարաբաղի վրա։
- Լեռնային Ղարաբաղը Թուրքմենչայի հետ կապ չունի։ Լեռնային Ղարաբաղը Պարսկաստանից անցել է ցարական Ռուսաստանին 1813 թվականի Գյուլիստանի պայմանագրով։ Թուրքմենչայի պայմանագրով ցարական Ռուսաստանին են անցել Նախիջևանի և Երևանի խանությունները։ Դրանք երկու տարբեր փաստաթղթեր են, տարբեր թվերի։ Բայց դա կապ չունի տվյալ Նախիջևանի հետ, որովհետեւ դրանք ցարական Ռուսաստանին և Պարսկաստանին վերաբերող փաստաթղթեր էին։
- Ինչո՞ւ եմ ասում։ Որովհետև կարծիք կա, որ Խորհրդային Ռուսաստանը չի համարվում ցարական Ռուսաստանի իրավահաջորդը, և կարծես թե, հենց դրանով արդեն վերադարձ է կատարվում Թուրքմենչայի պայմանագրին։ Էսպիսի բան կա՞։
- Ցարական Ռուսաստանը ոչ միայն իրավահաջորդն է, այլև ինքը ստանձնել է ցարական Ռուսաստանի իրավունքները։ Ցարական Ռուսաստանի դեսպանատները, որոնք գործել են տարբեր երկրներում, եթե իրավահաջորդը չէ, ինչո՞ւ են տվել Սովետական Ռուսաստանին։ Ուրիշ բան, որ դա տեղի է ունեցել 1924 թվականից հետո, երբ որ Սովետական Ռուսաստանը ճանաչվել է որպես պետություն։ Մինչ այդ ժամանակավոր կառավարությունն էր համարվում օրինական իշխանություն։ Մասնավորապես Միացյալ Նահանգները ժամանակավոր կառավարությանը որպես օրինական կառավարություն ճանաչել են մինչեւ 1933 թվականը։
Կարծիքներ