Խայտառակ, սոսկալի թվեր
Որքան թեմաներ են մեր ուշադրությունից վրիպում, կամ` ուղղակի մենք անհարմար ենք զգում դրանց անդրադառնալ, որովհետեւ համընդհանուր քաոսն ու ավերածությունն այնքան մեծ են, որ դրանց անդրադառնալիս միշտ կարող ես բախվել` «ջաղացը կորցրել, չախչախի հետեւից ես ընկել» հանդիմանությանը: Այդ առաջներում էր, որ մեկ առանձին վերցրած անհատի, մեկ ընտանիքի խնդիրը, նրանց ոտնահարված իրավունքները լիիրավ իրավունք ունեին բարձրաձայնված լինելու, որովհետեւ այսքան համատարած չէին մարդկանց իրավունքների ոտնահարումները եւ բարձրացվելու ենթակա խնդիրներն էլ շատ չէին: Իհարկե, հիմա էլ են հարեւանները մի քանի մետր տարածքի համար տարիներով իրար «փոր թափում», դպրոցներում էլի դրամահավաքներ կան, անձնագրայինում ու համատիրություններում` բյուրոկրատիա եւ քաշքշուկ, բայց դրանց անդրադառնալը ձվի մեջ մազ ման գալու է նման:
Չէ որ հիմա հարյուր հազարների իրավունքներն են ոտնահարվում, քննադատության համար մարդկանց բանտ են նստեցնում, հայացքների համար մարդ են ծեծում, օրը ցերեկով մարդ են սպանում, ամբողջական գյուղեր են հանձնվում, Բաքվի բանտում գերիներ ունենք արդեն քանի տարի խոշտանգվող: Ո՞ր մեկը թվարկես: Բայց այնուամենայնիվ այս համատարած խառնաշփոթի մեջ մի փոքրիկ հաղորդագրություն ուշադրությունս գրավեց: ՆԳՆ-ն հաղորդում է, որ օգոստոսի 2-ին պարեկները Երեւանում մեկօրյա ուժեղացված ծառայություն են իրականացրել եւ ուշադրություն` միայն մայրաքաղաքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 853 խախտում: Տուգանային հրապարակ է տեղափոխվել 55 մեքենա։ Ոչ սթափ վիճակում մեքենա վարողները 18-ն են եղել, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 42-ը: Չամրակապված, ծխելով ու հեռախոսով խոսելով վարելու եւ այլ խախտումների 400 եւ ավելի դեպք է հայտնաբերվել: Բերման են ենթարկվել 17 անձ, որոնցից 4-ը՝ ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու, 1-ը՝ զենք-զինամթերք պահելու կասկածանքով։
Սրանք ուղղակի խայտառակ, սոսկալի թվեր են: Սա վկայում է այն մասին, որ մեր երկրում այլեւս ոչ մի կարգուկանոն, ոչ մի օրենք չի գործում: Սա համատարած անտերության, անպատժելիության մասին է խոսում եւ այն մասին, որ մեր երկրում ոչ մի մեխանիզմ, ոչ մի համակարգ, ոչ մի իրավապահ նորմալ չի աշխատում, ոչ մի վերահսկողություն չի իրականացվում:
Կարծիքներ