Ադրբեջանն աջակցում է այսօրվա իշխանությանը և ՊՆ-ին

Ադրբեջանն աջակցում է այսօրվա իշխանությանը և ՊՆ-ին

Բանակից զինվորներ առևանգելը ամենալավ փաստն է, որպեսզի հասկանանք,  թե ինչ վիճակում է բանակը։ Դա կարող էր արվել  հետախուզական նպատակով՝ հասկանալու, թե հակառակորդ կողմի պաշտպանությունը, անվտանգությունը ինչ աստիճանի է վրա է գտնվում։ Բայց քանի որ Հայաստանը «թշնամու ափի մեջ է» , նման անիմաստ ճշտում ադրբեջանական կողմը իրեն թույլ չի տա։ Ցանկացած երկրի պաշտպանության նախարար հրաժարական կտար, եթե օրը ցերեկով իր զինվորներին առևանգեին։ Բայց Հայաստանում լրիվ հակառակն է։ 15 զինվորների մոխրացումից հետո եթե պաշտպանության նախարարը  հրաժարական չտվեց, ուրեմն իշխանությանը և թշնամուն ձեռք է տալիս հենց այդպիսի նախարար։ 

Հիմա խոսենք, թե ինչու է ադրբեջանական կողմը անընդհատ հայտարարում, թե հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,   հայկական կողմն էլ հերքում է այդ մասին՝ խորհրդավորության շղարշ թողնելով։  Նման հերքում այսօր էլ ՊՆ-ն արեց․

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 29-ին և լույս 30-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան և արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է»։ 

Մեր ռազմական փորձագետները դա բացատրում են այն բանով, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում ռազմական էսկալացիայի համար։ Նմանօրինակ բացատրություններ, այլ բանի չեմ հանդիպել։ Ընդունելով դա, ավելացնեմ, որ կա ավելի կարևոր բան, որ Ադրբեջանը  հանդես է գալիս նման ստահոդ հայտարարություններով։ Ադրբեջանը փորձում է խայտառակությունից փրկել այսօրվա իշխանությանը, որի ձեռամբ դեռ շատ ծրագրեր ունի իրականացնելու։ Դա մեր իշխանության հետ փոխկապակցված է անում։ Նման հայտարարություններով նա  ցանկանում է մոլորեցնել, քնեցնել, մրափի տանել հայ հանրությանը, թե Հայաստանը իշխանություն, բանակ ունի, որը կարող է նաև կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Օրը ցերեկով երկու զինվորի առևանգումը խայտառակություն է Բանակի համար։ Բանակը, հազար ներողություն, հավաբուն չէ, որ աղվեսը մտնի ու թռչուն գողանա։ Բանակը անվտանգային կուռ համակարգ է, որտեղ զինվոր առևանգելը նշանակում է, որ Բանակ չկա։ Զինվոր առևանգելը նշանակում է , որ պաշտպանության նախարարը հրաժարական պիտի տա։ Նախկինների ցավով տառապող Նիկոլին ասեմ, որ նախկինում եթե նման բան լիներ, մեկի տեղ տասը կառևանգեին ու փոխանակեին, ոչ թե «հարայհրոց կանեին» միջազգային կազմակերպություններին և ասեին՝ հասե՜ք,  էլի զինվոր են գողացել։ Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը անմիջական աջակցություն է Հայաստանի ՊՆ Սուրեն Պապիկյանին ու նրան պահող Նիկոլ Փաշինյանին՝ իրենց անգործության և միջազգային հարթակներում անիմաստ շրջապտույտներ կատարելու համար։ Նման հայտարարություններով հայ ժողովրդին լրացուցիչ  նարկոզ են տալիս, որ նա հանկարծ չարթնանա ու իրենց ծրագրերը խափանի։ Բոլորիս աչքի առաջ իր անգործությամբ վարկաբեկվում, փոշիանում է հայոց փառապանծ բանակը։ Ադրբեջանը փորձում է մեր բանակի լիակատար փլուզումը ժամանակային  առումով հավասարակշռել մեր իշխանության գործընթացի ավարտի հետ։