Մեր բարեկամները դրսում այդքան շատ չեն, որ առատորեն հրաժարվենք նրանցից

Մեր բարեկամները դրսում այդքան շատ չեն, որ առատորեն հրաժարվենք նրանցից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին մամուլի ասուլիսի ժամանակ առաջարկվեց հրապարակել այն մարդկանց ցանկը, որոնք պերսոնա նոն գրատա են հայտարարված, այսինքն՝ ում մուտքն արգելված է Հայաստան։ Հանրությունը պետք է տեղյակ լինի, թե ովքեր են այդ մարդիկ, եւ ինչու է նրանց մուտքն արգելվել։ Այդ մարդիկ էլ պետք է տեղյակ լինեն, որ տոմս չգնեն՝ գան հասնեն Հայաստան եւ օդանավակայանում տեղեկանան, որ սահմանը հատել չեն կարող։ Ի վերջո, դա մարդու իրավունքների ոտնահարում է։

Հնչեց պատասխան, որ «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է եւ իրավունք ունի ակնկալել հարգանք իր նկատմամբ»։ Այսինքն՝ պետության եւ իր հանդեպ հարգանքը նույնացվում է։ Փաշինյանի խոսքով` Հայաստանն իրավունք ունի ինքնիշխան պետություններին բնորոշ այս գործիքակազմը կիրառել՝ իր շահերի դեմ ոտնձգությունները կանխելու համար: Վարչապետն այդպես էլ չասաց, թե որոնք են այդ ոտնձգությունները, եւ ինչում է արտահայտվել անհարգալից վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Հայաստանում ճանաչվել է անցանկալի անձ: Դրան հաջորդեցին լուրերն առ այն, որ ռուսաստանաբնակ խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ու նրա ամուսինը՝ Քեոսայանը եւս «Նոր Հայաստանում» անցանկալի անձ են ճանաչվել: Օրերս էլ Հայաստան ժամանած Արամ Գաբրիելյանովին թույլ չտվեցին դուրս գալ օդանավակայանից՝ միանգամից ճանապարհեցին հետ։ Անցանկալի անձանց շարքը կարող է ավելի մեծ լինել, քանզի շատ անուններ են շրջանառվում, բայց ցանկը չի հրապարակվում: Նկատենք, որ նրանցից եւ ոչ մեկը չի քննադատել Հայաստանն ու հայ ժողովրդին, բոլորի քննադատությունն ուղղված է Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը: Մենք զրուցել ենք քաղաքական վերլուծաբան, նախկին պատգամավոր Արամ Սաֆարյանի հետ:

- Հայաստանի վարչապետը պնդում է, որ պերսոնա նոն գրատա են հայտարարվել նրանք, ովքեր հարգանք չեն դրսեւորել Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Կոնստանտին Զատուլինն ինչպե՞ս պետք է արտահայտեր իր հարգանքը: Ինչո՞ւ է նա անցանկալի անձ համարվել Հայաստանում:

- Կոնստանտին Զատուլինն իմ ընկերն է: Նրա հետ բարեկամությունն ինձ համար շատ թանկ է: 2005 թվականին հիմնել եմ Զատուլինի անվան ինստիտուտի հայկական մասնաճյուղը` Երեւանում: 2006 թվականին այդ մասնաճյուղը փոխանցել եմ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մարկարովին, ով մինչ օրս այդ մասնաճյուղի տնօրենն է: Զատուլինն իմ մեծ բարեկամն է, ես վստահում եմ նրան, գնահատում եմ նրա հարգանքը, որն ինձ համար շատ կարեւոր է: Ես նրան շատ հարգում եմ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում մեծ ավանդ ու ներդրում ունեցած մարդու եւ հույս ունեմ, որ նրա նկատմամբ վերաբերմունքը փոխվելու է, քանզի Հայաստանի ներքաղաքական պայքարը կարող է ընդունել ամենատարբեր վայրիվերումները, սակայն մեր բարեկամները դրսում այդքան էլ շատ չեն, որ առատորեն հրաժարվենք նրանցից: Հույս ունեմ, որ Հայաստանում ստեղծվելու է մի այնպիսի մթնոլորտ, որը հնարավորություն կտա Հայաստան վերադարձնել այնպիսի օգտակար մարդկանց, ինչպիսին Կոնստանտին Զատուլինն է: Մնացած անցանկալի անձանց չեմ ճանաչում եւ չեմ կարող մեկնաբանել:

- Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը խոսում են դեմոկրատիայից, սակայն անցանկալի անձ են համարում գործիչների, որոնք քննադատում են իրենց: Ինչպե՞ս է ստացվում այսպես:

- Դուք փորձում եք սրել մեր զրույցը, սակայն ինձ համար սուր հարցեր գոյություն չունեն: Մենք այսօր գտնվում ենք ներքաղաքական պայքարի մի իրավիճակում, որն արդյունավետ չէ եւ չի ծնում բարեբեր պտուղներ՝ հետագա պայքարի ու հաջողությունների համար: Կոչ եմ անում Հայաստանի քաղաքական կյանքի բոլոր դերակատարներին՝ ավելի պատասխանատու մոտենալ մեր աշխարհաքաղաքական վիճակին՝ լեզու գտնելով, ընդհանուր հայտարարի գալով մեր բարեկամների հետ, որպեսզի դիմակայենք արտաքին հարվածներին: Հայաստանում պետք է ձեւավորվի նման քաղաքական մթնոլորտ….

- Ի՞նչ ասել է՝ ակնկալել հարգանք: Ստացվում է, որ Փաշինյանն ակնարկում է, թե նույն Զատուլինը չի հարգում Հայաստանը:

- Հայաստանի վարչապետը քաղաքական գործիչ է եւ վարում է քաղաքական պայքարն այնպես, ինչպես ինքը համարում է ճշմարիտ: Նույնքան ճշմարիտ էլ իրենց համարում են նրա քաղաքական հակառակորդները: Այդ պայքարի վատ պտուղներն ամեն օր մենք ճաշակում ենք: Հայաստանում քաղաքական ուժերը պետք է գործեն ավելի օգտավետ` Հայաստանի իմիջի համար: Ես կարծել եւ կարծում եմ, որ Զատուլինը խիստ պետքական գործիչ է հայ ժողովրդի համար, ունի ներդրում հայկական քաղաքական մշակույթի դաշտում:

- Զատուլինն ի՞նչ է արել Հայաստանի համար: Կան տեսակետներ, որ նա ոչինչ էլ չի արել մեզ համար:

- Հայաստանի քարոզչությամբ է զբաղվել: Հայաստանի եւ Արցախի ժողովրդի պայքարին է նվիրել իր վերջին 20 տարին: Ես նրա ակտիվ քաղաքական դիրքորոշումից լավ տեղյակ եմ: Նրա արածն անուրանալի է: