Արտահայտությունների մեջ կոռեկտ եղեք, սուտ ասելս ո՞րն ա․ Ալեն Սիմոնյան

Արտահայտությունների մեջ կոռեկտ եղեք, սուտ ասելս ո՞րն ա․ Ալեն Սիմոնյան

ԱԺ-ն այսօր քննարկում էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի ներկայացրած Սևանա լճի էկոհամակարգի հետ կապված մի օրենքի նախագիծ, որի հարակից զեկուցողը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքումյանն էր։ Նա ԱԺ ամբիոնից խոսելով Սևանից իրականացվող ջրառի մասին՝ նշեց, որ այդ երեք միլիոն խորանարդը, որ այսօր վերցնում են ոռոգման սեզոնի այս վերջին փուլի համար, եթե դա մղեին պոմպերով, ապա մոտավոր 35 մլն դրամ հոսանքի ծախս կառաջացներ։

«Իսկ այդ 3 մլն խմ ջուրը ընդամենը Սևանի մակարդակի 0.3 սմ-ն է։ Ես ուրիշ թիվ էլ հնչեցնեմ, սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 15-ը՝ 20 օր, մենք ջրառ չենք իրականացրել»,-ասաց Մելքումյանը։

Այստեղ դահլիճում տեղից պատգամավորներից մեկը արձագանքեց,  թե՝ «չկա տենց բան, սուտ եք ասում», ինչը դուր չեկավ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին։

«Ես ձեզ խնդրում եմ՝ արտահայտությունների մեջ կոռեկտ եղեք, սուտ ասելս ո՞րն ա»,-իրեն ոչ կոռեկտ պահած պատգամավորին դիտողություն արեց Սիմոնյանը։ Մելքումյանն էլ արձագաքեց, թե ինքը հիդրոմետի պաշտոնական տվյալներն է հայտարարում։