Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Սրտանց կուզեի Ձեզ դիմելիս օգտագործել «մեծարգո, հարգարժան պարոն վարչապետ» բառերը։ Ասեմ ավելին՝ ի սկզբանե բազմիցս դիմել եմ, քանի որ, ճանաչելով Ձեզ, համոզված էի, որ Դուք լինելու եք ողջ ազգի առաջնորդը, վարչապետը, անկախ նրանից՝ Ձեզ համակրո՞ւմ է, թե՞ ոչ։ Չեմ կարող նշածս բառերով դիմել Ձեզ, քանի որ, իմ համոզմամբ, Դուք աշխատեցիք ամեն ինչ, բացի վարչապետությունից՝ է՛լ ծեփող, է՛լ սվաղ անող, է՛լ ասֆալտին փռող ու ասֆալտ պատող, իբր՝ թալանը կոպեկ-կոպեկ ետ բերող...

Պարոն Փաշինյան, իմ խորին համոզմամբ, բոլոր նրանք, ովքեր եղել են իրական թալանչիներ, մեր երկրում թալանի հիմնադիրներ, անգամ պատերազմի մութ ու ցուրտ տարիներին (որով ես հպարտացել եմ միշտ) թալանելով՝ սովի են մատնել մի ամբողջ ժողովրդի եւ այսօր առիթը բաց չեն թողնում Ձեզ գովաբանելու համար, վայելում են Ձեր հարգանքը, հովանավորչությունը։ 
Պարոն Փաշինյան, սովորաբար աշխարհի բոլոր երկրներում եւ բոլոր ժամանակներում վարչապետի աշխատանքը միշտ էլ անշնորհակալ գործ է եղել, ինչքան էլ ձեռքիդ մեջ ձվածեղ անես՝ կերակրես, միեւնույն է՝ դժգոհողներ լինելու են։ Վերջին երկու տարիների ընթացքում մեր ժողովուրդը կերակրվել է պոպուլիզմով, մի մասն էլ ուղղակի զոմբիացվել է։ Արդյունքում անասնապահը, հողամշակ բանվորը, վարորդը՝ բոլորը դարձել են իրավաբան, համաճարակաբան, քաղաքական գործիչ եւ այլն։

Պարոն Փաշինյան, ասեմ, որ ինքս մասնակցել եմ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի բոլոր դատերին, բացի վերջին մի քանիսից։ Իսկ վերջիններին որ եղել եմ, էլ մարդ չէր էլ գալիս՝ 5-7 հոգի, էն էլ՝ ամոթու։ Թալանը կոպեկ-կոպեկ ետ բերելն իրավապահների, կառավարության գործն է, եւ դրանով պետք է նրանք զբաղվեն։ Թե չէ անգամ ճանապարհածախս չունեցող Պողոսի դերը ո՞րն է։ Պարոն Փաշինյան, կոպեկ-կոպեկ ետ բերեցիք՝ տվեցիք պարգեւավճար, բարձր աշխատավարձ։ Էնքան, մինչեւ ետ բերելն էլ կպրծնի, եւ ժողովուրդն էդպես էլ ոչինչ չի տեսնի։ Բա հետո՞։

Պարոն Փաշինյան, էն, որ Ռ․ Քոչարյանն ու Ս․ Սարգսյանը երբեք ետդարձի ճանապարհ չունեն, ազգովի գիտենք, եւ շահարկել անընդհատ էդ մասին, ավելորդություն է։ Ոմանք ասում են՝ վա՜յ, բա գիտես 30 տարվա թալանված երկիրը հե՞շտ է կարգի բերելը։ Անգիր են արել։ Այո, հեշտ չէ, բայց դժվար էլ չէ։ Ո՞ւմ են պետք որպես օգնություն տված ձեր կոպեկները։ «Ձուկ» մի տվեք, որ մարդիկ ուտեն՝ կսովածանան, էլի կուզեն, ձուկ բռնել սովորեցրեք, ձուկ բռնելու հնարավորություն տվեք։ Թե չէ մեղր ասելով՝ ոչ մեկի բերանը չի քաղցրանա։ Այս իրավիճակում համամիտ եմ Ֆիրդուս Զաքարյանի մի մտքի հետ, որ հենց կառավարությունը պիտի ներդրումներ անի, հաստոցներ, սարքավորումներ ներկրի եւ լիքը աշխատատեղեր բացի՝ հաշվի չառնելով ոչ մի քննադատություն։ Աջակցի արտահանմանը։ Թե չէ՝ սրան բռնին, նրան թողին, սրան թողին, նրան բռնին՝ մինչեւ ե՞րբ։
Պարոն Փաշինյան, Դուք վերջերս հայտարարեցիք, թե հպարտանում եք Ձեր թիմով։ Միանգամից հիշեցի ռուսական մի ասացվածք՝ Каждая лягушка хвалит своё болото։ Թող վիրավորական չհնչի, բայց այդպես է։ Չեմ կարող չհիշել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը Ձեր ջերմ բարեկամ, Ձեր գովքն անող թամադայի՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդի հասցեին՝ «գյուղից ցախավելը նստած, տգդիմ-տգդիմ անելով՝ եկավ Երեւան եւ հռչակվեց ժողովրդասեր»։ Սա վերաբերում է Ձեր թիմից շատերին։ Համոզված եմ, որ կգտնվեն պողոսներ, ովքեր նամակիս համար քֆուր-քյաֆարներ կգրառեն՝ Ձեզ դուր գալու համար, բայց հոգու խորքում համամիտ կլինեն ինձ հետ։ Հասկանում եմ նաեւ, որ նամակս իրավական առումով կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ։ Ասենք, իրավապահները կհայտնաբերեն, որ 3-րդ դասարանում մեր դասարանի Շուշոյի հետ կռվել եմ, եւ կհարուցեն քրեական գործ, բայց քանի որ էությամբ ազատամիտ մարդ եմ, էդ ամենին կարեւորություն չեմ տալիս։

Պարոն Փաշինյան, համոզված եմ, որ հաջորդ անգամ Ձեզ դիմելիս կօգտագործեմ վերը նշված բառերը։ Հա, լրիվ մոռացել էի, գիտե՞ք։ Ուզում եմ խոսել նաեւ լրատվամիջոցներից։ Ինձ համար բոլոր լրատվամիջոցներն էլ ժողովրդինն են։ Անձամբ ես մեծ հարգանքով եմ վերաբերվում «Հրապարակ» օրաթերթի ողջ անձնակազմին, ինչու չէ՝ մյուսներին էլ, անկախ նրանից՝ ընդդիմադիր են, թե իշխանամետ։ Բա հենց կարդալով է, որ տարբերում ես սեւը սպիտակից։ «Հրապարակը» չի փնովում՝ փնովելու համար, չի գովաբանում՝ գովաբանելու համար, այլ մատուցում է իրականությունը, եւ սխալ եմ համարում նեղացնել որեւէ լրատվամիջոցի։

Ստեփան ՍԱՄՎԵԼՅԱՆ
 ՀՀ քաղաքացի