Չենք կարող մշակույթը բարեկարգել միայն մշակույթով

Չենք կարող մշակույթը բարեկարգել միայն մշակույթով

Հարցազրույց ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի հետ

- Արա Խզմալյան` արվեստաբան, դասախոս, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչ, մի շարք նախագծերի նախաձեռնող-հիմնադիր, եւ Արա Խզմալյան` փոխնախարար: Ներսից եւ դրսից, պահանջներն ու պատկերացումները մե՞կ են, թե՞ փոխվել են: 

- Ե՛վ այո, ե՛ւ ոչ, որովհետեւ բոլոր այն խնդիրները, որոնք «ազատ» կարգավիճակում եմ արծարծել ու բարձրաձայնել, դրանց գիտակցումն ունեմ նաեւ այսօր, պարզապես փոխվել է այդ խնդիրների լուծման հետ կապված պատկերացումս։ Պաշտոնն ինձ թույլ է տալիս խնդիրներին նայել ավելի համակարգային։ Խնդիրները չեն կարող կարգավորվել միայն բարի ցանկություններով եւ իրարից անջատ։ Չենք կարող մշակույթը բարեկարգել միայն մշակույթով կամ միայն տաղանդավոր ստեղծագործողներին խրախուսելով, որը, իհարկե, մեր ամենագլխավոր նպատակն է, բայց միեւնույն ժամանակ կան բազմաթիվ խոչընդոտներ։ Օրինակ՝ խոսում ենք տնօրենների, մենեջերների, պրոդյուսերների ինստիտուտն ուժեղացնելու մասին, մինչդեռ ՊՈԱԿ-ներին վերաբերող գրեթե բոլոր օրենքները կամ նախկին կառավարության որոշումներն ուղղակի կաշկանդում են տնօրեններին՝ դրսեւորելու իրենց մենեջերական կարողությունները` հակադրվելով ոլորտի առաջմղմանը: Ուրեմն պետք է գնանք օրենսդրական բարեփոխումների, բայց նաեւ խորքային վերլուծություն անենք, որովհետեւ հաճախ օրենքին ու կառավարությանը վերագրում ենք բաներ, որոնք մասնագիտական տկարության հետեւանք են։

- Կարծես թե մասնագիտական, կադրային ուսումնասիրություններն սկսվել են ՊՈԱԿ-ների տնօրեններից, պրոդյուսերներց, մենեջերներից: Արդյոք պետք չէ՞ սկսել հենց նախարարությունից, նրանք, ովքեր պահանջում են, համապատասխանո՞ւմ են իրենց իսկ պահանջներին։

- Շատ սահմանափակումներ է առաջացնում քաղծառայության համակարգը` առավել փորձառու եւ գիտակ մարդկանց պետական ապարատ ներգրավելու համար։ Փաստաթղթաշրջանառության ծավալը սահմանափակում է ստրատեգիկ աշխատանքներ կազմակերպելու ժամանակը։ Եվ այն, որ մենք նախարարությունից դուրս համագործակցում ենք անկախ փորձագետների, հասարակական կազմակերպությունների հետ, պայմանավորված է նաեւ հենց այդ ռեսուրսի պակասով։ Կադրերի պակաս կա եւ ոչ միայն նախարարությունում։ Տասնամյակներ շարունակ չի խրախուսվել պրոֆեսիոնալ գործունեությունը, գործել են անձնական կապերը, համակրանքները, փոխադարձ շահերը, էլ  չասեմ, որ պետական միջոցներով խրախուսվել է սիրողականությունը՝ սիրողական նախագծերը, ակումբային գործունեությունը, սոցիալական հարցեր ենք փորձել լուծել։ Նախարարությունը միշտ իր վրա վերցրել է սոցիալական պարտավորություն՝ մեղմացնելու հավանական սոցիալական դժգոհությունը։ Եվ այն, որ մենք ամեն մրցութաշրջանում բարդացնում ենք դրամաշնորհային ծրագրերի պայմանները, ուղղված է նրան, որ պետական միջոցները գնան բացառապես պրոֆեսիոնալ մարդկանց աջակցելուն, ուշագրավ ու հետաքրքիր նախագծերը խրախուսելուն։ Մենք խոսում ենք կադրային քաղաքականության մասին, բայց Աշխատանքային օրենսգիրքը կապել է տնօրենների ձեռքերը, որոնք չեն կարողանում որեւէ փոփոխություն իրականացնել։ Օրինակ՝ Օպերայի պարուհին ունի երեք երեխա, եւ տեղի են ունենում բնական ֆիզիոլոգիական փոփոխություններ, որոնք չեն կարող չազդել պարի որակի վրա․ չկա այդ հարցը կարգավորող համակարգ։ Կամ՝ երաժիշտները, ովքեր միաժամանակ աշխատում են 2-4 խմբերում՝ շրջանցելով համապատասխան աշխատանքային կարգավորումները: Այսօր յուրաքանչյուր տնօրենի կարող ենք կանգնեցնել օրենքը շրջանցելու փաստի առաջ։ Առաջին անհրաժեշտության այս հարցերը պետք է արագ լուծել։

- Այս ռազմավարությամբ ի՞նչ ժամկետ եք նախատեսում մշակութային ոլորտի ապաքինման համար։ Մենք կարող ենք ունենալ պետություն, պետականություն, բայց չունենալ մշակույթ եւ առողջ, բարեկիրթ հասարակություն։ 

- Գիտեք, մշակույթի ոլորտը համակարգող գերատեսչության հանդեպ կա ավանդական թյուրըմբռնում։ Մարդիկ՝ ստեղծագործողից մինչեւ տնօրեն, թյուր են պատկերացնում նախարարության գործառույթները։ Ամեն անհեթեթ՝ միկրոմենեջմենթի, ՊՈԱԿ-ների ներսում կարգավորվող խնդիրների հետ կապված, դիմում են նախարարություն։ Այն հարցերը, որոնք պետք է լուծվեն գործատուի եւ աշխատակցի միջեւ, չեն լուծվում եւ հասնում են նախարարություն, նշանակում է՝ ղեկավարությունը լավ չի աշխատում։ Մենք ասում ենք` խնդի՞ր ունեք՝ դիմեք դատարան, նախարարությունը դատարան չէ եւ նվազագույնս պետք է միջամտի տնօրենի եւ աշխատակցի հարաբերություններին։ Նախարարությունը խոշոր քաղաքական ուղերձներ, գերակայություններ մշակող մարմին է։ Մինչդեռ արվեստագետներից շատերին ինչ դուր չի գալիս, ասում են` ո՞ւր է նախարարությունը։ 

- Կարծում եմ` դա խորհրդային մոտեցում է:  

- Խորհրդային մոտեցում է, եւ դրանք մարդիկ են, ովքեր հագել են մոդեռնիզմի զգեստը, բայց իրենց մտայնությամբ, նախարարությունից կախվածությամբ` տոտալիտար պետության ավանդույթների կրողն են։ 

- Դուք Ձեր մասնագիտությունը ներկայացնելիս հաճախ խոսում եք բեմում լինելու դժվարություններից, բեմի առանձնահատկություններից, պատասխանատվությունից: Կարծում եմ` բեմի եւ այսօրվա Ձեր աշխատանքի ապրումները շատ մոտ են իրար, մի տարբերությամբ՝ բեմում կան ծափահարություններ, այստեղ՝ ոչ։ Չե՞ք վախենում ինքնասպառումից։ 

- Ավելի շատ ինքս ինձ ապացուցելու բան ունեմ, քան՝ միջավայրին։ Չգիտեմ՝ որքան կտեւի իմ պաշտոնավարումը, բայց ուզում եմ դրանից հետո չամաչել, որ եղել եմ ոլորտը համակարգող փոխնախարար, եւ ոլորտում լինեն հստակ փոփոխություններ, որոնք կկապվեն իմ գործունեության հետ։ Դրա հետ կապված՝ աննկարագրելի դժվարություններ կան, չափազանց բարդ է ամեն մի փոփոխություն, որովհետեւ դա կապված չէ միայն նախարարության գործունեության, մեր աշխատակիցների, գործընկերների հետ. ազգային խառնվածքի խնդիր կա, հոգեբանության, մտայնության, ստեղծագործական միջավայրի։ 

- Ինչպե՞ս կգնահատեք այսօրվա ժամանակակից մշակութային հարթակը։ Ո՞ր ոլորտն է ամենաամուրն ու ներկայանալին, ո՞րն է ամենախոցելին։ Խորհրդային տարիներին կար ընդհանուր ստաբիլություն․ ունեինք նկարչական ամուր դպրոց, երաժշտական ոլորտը կայուն էր ու զարգացող, արհեստներն էին` զարգացող ու ներկայանալի, ճարտարապետությունն ու գրականությունը՝ եւս։ Այսօր ինչո՞վ կարող ենք ներկայանալ։ 

- Լավ հարց եք տալիս։ Միջազգային հարաբերությունների, աշխարհի հետ առնչվելու առումով երկու ոլորտ ունենք առաջատար. երաժշտության ասպարեզն է՝ մեր նվագախմբերն ու երգչախմբերը, որոնք ներկայանում են աշխարհի առաջատար բեմերում, եւ երկրորդ՝ կինոյի ոլորտը, որը որքան էլ խնդրահարույց է, պետական աջակցության ծավալներն էլ` քիչ, ամեն դեպքում, ճիշտ ճանապարհով են գնում՝ համատեղ արտադրություն, միջազգային շուկա մտնելու փորձեր, միջազգային պրոդյուսերական համագործակցություններ, ոլորտի կարգավորման ինստիտուցիոնալ ըմբռնում։ Այսօր Կինոյի մասին օրենքի երկու նախագիծ կա քննարկման դրված, եւ կինոն, եթե չունի միջազգային ձգտում, չի կարող զարգանալ 21-րդ դարում։ Անտեսված ոլորտներից մեկը կերպարվեստն է, ունենալով հսկայական ռեսուրս, ինքնատիպ մտածող նկարիչներ, որոնց աշխատանքները հազարավոր եվրոներով վաճառվում են տարբեր երկրներում, մեր ազգը չի ճանաչում նրանց։ Ես մնում եմ նաեւ այն կարծիքին, որ լրջագույն խնդիրներ ունի թատերական ոլորտը։ Չեմ խոսում առանձին դերասանների, ներկայացումների, թատրոնների մասին։ Համակարգային առումով ամենախնդրահարույց, միջազգային շփումներից դուրս մնացած, չկարգավորված ոլորտը թատրոնն է, որտեղ լուրջ խնդիրներ կան։

- Կարո՞ղ եք նշել անհատների, որոնց հետագայում անդրադառնալով՝ 21-րդ դարին կարող ենք նկարագիր տալ, «Հայաստան» ասելիս էլ նրանց անունները կհնչեն։

- Դժվարանում եմ ասել, նկատի ունեք մոտավորապես այսպե՞ս․ երբ ասում ենք Մարտիրոս Սարյան, պատկերացնում ենք հայ կերպարվեստ, Հայաստան, հայկական գույներ։ Բայց 21-րդ դարում ընդհանրական կերպարներ շատ քիչ կան, գուցե դա հետաքրքիր է, ամեն մեկն այնքան տարբեր է տեսնում իրականությունը, որ դժվարանում եմ ասել՝ ով կարող է այսօր համարվել Մարտիրոս Սարյան, եւ դա կապ չունի հանճարի մեծության հետ, պարզապես հիմա բազմաձեւության դարաշրջան է, բայց մենք, օրինակ, ունենք Տարոն Մուրադյան, որի նկարները շատ թատերային են, եւ շատ կուզեի, որ Տարոն Մուրադյանը կապվեր մեր տիկնիկային թատրոնի հետ: Խորին համոզում ունեմ, որ թատրոնի փրկությունը, ինչպես արդեն հարյուր տարի եվրոպական, ռուսական թատրոնի պատմությունն է ցույց տալիս, կապվում է կերպարվեստի եւ ճարտարապետության հետ։ Վիզուալ կողմն ամրապնդենք եւ մենք կունենանք վերափոխված թատրոն, որը չպետք է կապել ռեժիսորների հետ։ Համաշխարհային ռեժիսորներ Ռոմեո Կաստելուչին եւ Ռոբերտ Ուիլսոնը նկարիչներ են, եւ եթե նայենք եվրոպական պատմությունը, առաջատար ռեժիսորները կա՛մ նկարիչ են, կա՛մ՝ քանդակագործ, կա՛մ՝ ճարտարապետ։ Այսօր առաջնային խնդիր է՝ թատրոններին կապել մեր կողքին գործող նկարիչների, ճարտարապետների հետ, որից հետո թատրոն կվերադառնան վիզուալը, էսթետիզմը, գեղեցիկ գույնն ու ձեւը։ Մենք առայսօր դերասանին պահում ենք անհասկանալի գեղարվեստական ուղղության մեջ, որը չես հասկանում՝ ռեալիզմ է, ռոմանտիզմ է, մոդեռնիզմ է, այսինքն՝ մի անորոշ էկլեկտիկ իրականություն: 

- Պատահականության սկզբունքով ձեւավորված էկլեկտիկ իրականություն։

- Այո, պատահաբար ձեւավորված էկլեկտիզմ, եւ ամենալուրջ խնդիրը կրթությունն է՝ առարկայացանկը, որով կրթվում են դերասաններն ու ռեժիսորները, կրթական համակարգը, տրամաբանությունը, դասախոսները։ Որ կողմ նայում ենք, խնդիրներ են, եւ եթե մտածես, որ բոլոր խնդիրների լուծումը պիտի դու տաս, շատ հավակնոտ եւ մեծամիտ կարծիք է սեփական անձի հանդեպ, եւ երկրորդ՝ խոհեմ չէ, որովհետեւ դու ունես սաhմանափակ պաշարներ` ե՛ւ մասնագիտական, ե՛ւ էներգետիկ, ե՛ւ ֆինանսական։ Շատ կարեւոր է ճիշտ բաշխել ռեսուրսները, որպեսզի լինի հստակ արդյունք։

- Իսկ ի՞նչ եք կարդում այս պահին, եթե, իհարկե, հասցնում եք։

- Ամենամեծ դժբախտությունս այսօր այն է, որ շատ քիչ եմ հասցնում կարդալ, ինչ էլ կարդում եմ, հիմնականում առնչվում է դրամաշնորհային ծրագրերի հայտերի, պաշտոնական փաստաթղթերի հետ, բայց ես ձեւը գտել եմ՝ աշխատում եմ հանդիպել խելոք մարդկանց հետ: Օրինակ, օրեր առաջ հաճելի զրույց եմ ունեցել արվեստաբան Վարդան Ազատյանի հետ, հետաքրքիր գաղափարներ քննարկեցինք ու մշակեցինք։ Իմ միջավայրում կան մարդիկ, որոնց հետ շփվելով՝ ես փորձում եմ լրացնել այն ժամանակային բացը, որը պետք է հատկացվեր գրականությանը։ Բայց ամեն ինչ ժամանակավոր բնույթ ունի։ Այն գործը, որով հիմա զբաղվում եմ, իրավունք է տալիս իմ մտքի, հաճույքի հաշվին անելու նույնքան կարեւոր մի բան։ 

Զրուցեց՝  Սոնա ՎԵՐԴՅԱՆԸ 

Լուսանկարը` Նառա ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ